Անցած անգամ Նազենիի «Երջանկության մեխանիկային» անդրադառնալով` նշեցի, որ այդ հաղորդման ամենաանհաջող ատրիբուտները հաղորդմանը հրավիրված հյուրերն են: Որպեսզի ասածս անձնական նախանձի արտահայտություն չդիտվի, պիտի խոստովանեմ, որ մի անգամ էլ ձեր խոնարհ ծառան է ընտանյոք հրավիրվել էդ հաղորդմանը, բայց, Նազենիի արտաքին բարեմասնություններն ու արտիստական տաղանդը բարձր գնահատելով հանդերձ, հրավերը մերժել եմ` ոչ միայն էն պատճառով, որ հեռուստատեսությամբ երեւալու ցանկություն առանձնապես չունեմ, այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ չեմ ցանկացել նմանվել Նազենիի հանապազօրյա երջանիկ հյուրերին, որոնցից շատերը, կարծում եմ, եթերում հայտնվելու բուռն ցանկությունից դրդված են իրենց երջանիկ համարում: Նրանցից շատերը դերասաններ են, նրանցից ոմանք սերիալներում խաղում ու ամեն իրիկուն մեր հեռուստաէկրաններին են, բայց, այդուհանդերձ, հնարավորությունն օգտագործում են, որ Նազենիի միջոցով եւս մի անգամ հեռուստաէկրաններին հայտնվեն:
Նազենիից միանգամից ուզում եմ անցում կատարել Խորեն Լեւոնյանին, որը նույնպես տաղանդավոր արտիստ լինելով` համեստորեն ստանձնել է վարել «Երգ երգոց» հաղորդումը, որը միանշանակ մեր հեռուստատեսային լավագույն հաղորդումներից է, բայց, ինչպես Նազենիի հաղորդման դեպքում, էս հաղորդման մակարդակն էլ է հրավիրված հյուրերի պատճառով երբեմն-երբեմն ընկնում, եւ հիմա, երբ էս վերջին նախադասությունը գրեցի, հանկարծ մտածեցի ու հասկացա, որ Նազենիի ու Խորենի հյուրերը հիմնականում նույն մարդիկ են, եւ սրանք մշտապես նաեւ «32 ատամ»-ին, «Vitamin»-ին եւ մեր այլ հեռուստահաղորդումներին են հյուրընկալվում, եւ չնայած իբրեւ հաղորդման ֆոն են հրավիրված լինում, այդուհանդերձ, ամեն ինչ անում են, որպեսզի հեռուտադիտողի ուշադրությունը հաղորդման բուն նյութից իրենց կողմ շեղեն, եւ, պիտի ասեմ, որ դա նրանց լավ էլ հաջողվում է. էս հրավիրվածները հաջողացնում են ոչ միայն վաթսունականների ու յոթանասունականների մեր սիրված երգերն ու սիրված երգիչներին գովել, այլեւ դրանք հակադրել վերջին տարիներին ստեղծված մեր երգերին եւ այսօրվա մեր երգիչ-երգչուհիներին` էս վերջիններիս էժանագին ու ռաբիս համարելով, եւ սրանց նայելով ու լսելով հասկանում ես, որ հեչ պատահական չի, որ «գնա մեռի` արի սիրեմ» արտահայտությունը հայերս ենք հղացել, եւ ավելի քան վստահ եմ, որ մի երեսուն տարի հետո էլ էսօրվա էս փնովված ու փնովվող երգիչներն ու երգչուհիներն են գովաբանվելու ու մեծարվելու, ընդ որում` մեծարվելու ու գովաբանվելու են ճիշտ էս կարգի քաղքենի մասնագետների, երաժշտագետների, երգասերների կողմից:
Իր պապի շնորհքն ու բարեմասնությունները ժառանգած Լեւոնյան Խորենի հաղորդումներից մեկի ժամանակ, երբ երգիչը կատարում էր «պատուհանդ բաց արա, մարմար մարմինդ տեսնեմ» տողը պարունակող երգը, երգի ընթանցքում օպերատորը մի քանի անգամ ցուցանեց էդ քաղքենի երաժշտագիտուհիներից մեկի դեմքի հիացական արտահայտությունը, որովհետեւ երգի կատարումից անմիջապես հետո հենց այդ երաժշտագետն էր մանրամասն արտահայտվելու տվյալ երգի մասին, ընդ որում` միանգամայն հարգանքով ու հիացմունքով էր արտահայտվելու, ընդ որում` տվյալ երգի մեղեդայնության ու տեքստի մասին էր հարգանքով ու հիացմունքով արտահայտվելու, եւ շատ էլ ճիշտ էր անելու, որովհետեւ էդ երգն իսկապես ժողովրդի սիրած երգերից է, եւ չնայած ժամանակին էդ երգը ռաբիս էր համարվում եւ հիմնականում ռեստորաններում էր կատարվում, ժողովուրդը սիրում էր եւ շարունակում է սիրել, եւ էն ժամանակ էդ երգը ռաբիս համարողներն էլ էս հետին թվով գովերգող մասնագետներն են, որոնք էն ամանակ Օրբելյանի ու իր համույթի երգերը ծաղրի էին ենթարկում, իսկ հիմա բոլորից առաջ ընկնելով` փառաբանում են:
Այս ամենի մեջ, այնուամենայնիվ, մի շատ հուսադրող ու լուսավոր բան կա: Էս ամենը նշանակում է, որ այսօր էլ են արժեքներ ստեղծվում, որոնք, շատ հնարավոր է, վաղը եւ մյուս օրն ընկալվեն, գնահատվեն եւ նույնիսկ սիրվեն: Մասնագետների կողմից:
Ինչ վերաբերում է ժողովրդին, ժողովուրդը, ի տարբերություն մասնագետների, միշտ էլ ճիշտ ժամանակին է ընկալում, գնահատում ու սիրում:
Արմեն Շեկոյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: