ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարել է, որ բոյկոտում է «168 ժամ» թերթի հետ աշխատանքը եւ դադարեցնում է աշխատանքային հարաբերությունները, քանի որ խմբագրությունը թյուր տեղեկատվություն է տարածում կուսակցության մասին թե՛ թերթի, թե՛ սոցիալական ցանցերի միջոցով:
Տիրգան Ուրիխանյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ
Այն պարզ պատճառով որ խմբագրությունը հակված չէ ճշգրիտություն պահպանելու եւ բազմիցս նաեւ հրաժարվել է ճշգրտելու թյուր տեղեկատվությունը: Իսկ այդ թերթի եւ համանուն կայքի որոշ ներկայացուցիչներ, քողարկվելով տարբեր «ֆեյքերի» եւ այլոց էջերի ներքո, անձնական վիրավորանքերով կեղտոտ եւ սուտ նյութեր են տարածում սոցիալական ցանցերում առանց հասկանալու, որ թվային աշխարհում բոլոր հետքերը երկար մնում են, եւ յուրաքանչյուրի արարք ենթակա է բացահայտման եւ պատժի ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն:
«168 ժամ» թերթի հոկտեմբերի 6-ին լույս տեսած համարի «Չի հերքել» վերնագրով նյութը որեւէ կերպ չի արտաբերում իմ պատասխանը լրագրողի հարցին, պարունակում է արհեստածին ինտրիգ եւ չի տեղավորվում իմ աշխատանքային ոճի ու կոնկրետ ձեւակերպումների ձեւաչափի մեջ:
Արդեն որերորդ անգամ հարկադրված եմ անդրադառնալու այդ թերթի կողմից, կարծում եմ միտումնավոր, իմ խոսքերի խեղաթյուրմանը: Իհարկե, որպես ապացույց գոյություն ունեն իմ բոլոր հեռախոսային հարցազրույցների ձայնագրությունները, այդ թվում եւ այս:
Սաթիկ Սեյրանյան
«168 ժամ» թերթի եւ կայքի խմբագիր
Նշենք, որ Տիգրան Ուրիխանյանի «փորացավն» ավելի վաղ էր բռնել, ինչն արտահայտվում էր, օրինակ, թերթում իր վառ ու կայացած կերպարի էությունը ոչ լիարժեք արտահայտող լուսանկարներ տեղադրելու մեջ։ Այն, որ վերջինս «168 ժամի» եւ 168.am-ի նկատմամբ այնքան էլ մեծ սեր չի տածում, շատ նորմալ է. փոխարենը՝ չափից դուրս մեծ սեր է տածում ինքն իր անձի նկատմամբ։
Այնքան մեծ, որ սեփական «ես»-ին դուր չեկած ցանկացած քայլ վերագրում է իր կուսակցությանն ու կուսակցության անունից հայտարարություններ անում։ Կուսակցության պատգամավորներից շատերն, ի դեպ, տեղյակ չէին այդ հայտարարության մասին: Սակայն դա նրան թույլ չի տալիս անհիմն մեղադրանքներ ներկայացնել եւ փորձել խաղալ լրատվամիջոցի հեղինակության հետ։ «Իսկ այդ թերթի եւ համանուն կայքի որոշ ներկայացուցիչներ, քողարկվելով տարբեր «ֆեյքերի» եւ այլոց էջերի ներքո, անձնական վիրավորանքներով կեղտոտ եւ սուտ նյութեր են տարածում սոցիալական ցանցերում առանց հասկանալու, որ թվային աշխարհում բոլոր հետքերը երկար մնում են, եւ յուրաքանչյուրի արարք ենթակա է բացահայտման եւ պատժի ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն»,- գրել է նա։
Ուրիխանյանին հիշեցնենք, որ Քրեական օրենսգիրքը պատիժ է նախատեսում նաեւ զրպարտության համար։ Այնպես որ, կոչ ենք անում եւ պահանջում ենք առաջիկա 24 ժամվա ընթացքում հրապարակել իր նշած «ֆեյք» պրոֆայլների ցանկը եւ բոլոր ապացույցները, որ դրանք պատկանում են «168 ժամի» եւ 168.am-ի աշխատակիցներին։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: