2012.03.26,

Քննադատ

Եթերում բավարարված մարդն է

Հիմա եմ հասկանում, թե ինչու է վարչապետ Տիգրան Սարգսյանը հատուկ հայկական TV-ների համար Հայաստանի տարբեր քաղաքաները հռչակում ֆինանսական եւ այլ ծրագրերի կենտրոններ: Ինչու՞: Որովհետեւ ոչ մի այլ առիթով մարդը այդ քաղաքների կամ մարզերի մասին ասելիք չունի: Ամենուր նույն խնդիրներն են:

Սերիալները մեր երկրի հանդեպ պետական վերաբերմունքի բարոմետր են: Դիսկոտեկա կա, սրճարաններ կան, շքեղ մեքենաներ կան, գյուղացիական դեմքեր կան, սակայն տեղաշարժվել չկա: Սերիալներում աշխարհագրություն չկա: Սերիալները չեն կարող փողոց դուրս գալ: Որովհետեւ փողոցային Հայաստանը այլ Հայաստան է, սերիալները տեղեկություն չեն հաղորդում երկրի իրական վիճակի մասին: Ալբեր Կամյուի «Ժանտախտը» ֆաշիզմի պրոյեկցիան էր Ալժիրի գավառական Օրրան քաղաքում բռնկված համաճարակի օրինակով: Հայկական սերիալներն անկասկած համաճարակային ինչ-որ բան ունեն, սակայն կարծես ոչ թե ապրողների, այլ՝ մեռելների օրինակով: Որովհետեւ պատմում են գարշահոտի եւ ոչ թե գարշահոտության պատճառների մասին:

Գլխավոր հեռուստատեսային լրատվամիջոցում՝ «TV ալիք»-ում մարզային հեռուստաընկերությունների մասին ոչինչ չկա, սոսկ աստեղային «հոգեվիճակներ»: Մարտի 23-ի Երկիր Մեդիայի «Երկիրն այսօր» լրատվական ծրագրի ժամը 22-ի թողարկման մեջ սոսկ Երեւանն է եւ մնացյալ աշխարհը: Նրանք պատմում են «քաղաքի եւ աշխարհի» մասին: Մարզային առօրյայից միակ տեղեկությունը «Եղանակի տեսությունն» էր: Այդ օրը կայքերում մի «մահացու» վերնագիր կարդացի. «Ոստիկանությունը փակելու է Հանրապետության հրապարակը»: Երկիրը պրոյեկտող վերնագիր է: Պարզ է, որ հրապարակը փակելու առիթը վատը չէ, Չինաստանից Հայաստան ներկրված ավտոբուսների երթուղի դուրս գալու շնորհանդեսն է: Բայց այս ավտոբուսները նախատեսված են սոսկ մայրաքաղաքի բնակչությանը սպասարկելու համար: Մարզերին՝ վարչապետի բերանացի ծրագրերը, մայրաքաղաքին՝ շոշափելի ավտոբուսները:

Արմնյուսի տեսադաշտում Արարատի մարզն է, որտեղ այցելել է գյուղատնտեսության նախարարը: Այսինքն, եթե չայցելեր, մարզը չկար, որովհետեւ գյուղը որպես մեռնող օրգանիզմ ոչ մի եթերում չկա: Մեռնողներն, անկասկած կա: Բոլոր հեռուստաընկերությունները մարտի 21-ին պատմում էին նույն մարզում կատարված մի հրեշավոր սպանության մասին: Մարտի 23-ին արդեն տեղեկացնում են, որ մարդասպանը հայտնաբերվել է: Շանթի «Հորիզոնը» երկու մարզային նյութ է ներկայացնում, առաջինը հիշյալ դեպքն է ոստիկանության հաղորդագրության եւ կադրերի տեսքով,-ինքնին պարզ է, որ հեռուստաընկերության լրագրողի աշխատանքն այդտեղ չկա,-երկրորդը Լոռիի «Ֆորտունա» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժն է մարզի հրդեհների մասին: Լրագրողը ներկայացնում է այս տարի մարզու բռնկված բոլոր հրդեհների «մեթոդաբանությունը», ճիշտ է, սոսկ մեկ մարդու՝ Փրկարար ծառայության աշխատակցի բերանով: Ու գլխի ես ընկնում՝ այս «մեթոդաբանությունը» հին պատմություն ունի, իսկ ու՞ր է մնացած հեռուստաընկերությունների շնչակտուր աշխատանքը: Սպանության դեպքում՝ հասկանալի է: Ոստիկանությունն ինքն է իր PR-ի տերը, եթե թողնես լրագրողներին, նրանք քարը քարի վրա չեն թողնի: Ցանկացած հանցանքի բացահայտում չբացահայտված մեկ այլ հանցանքի ինդուլգենցիան է:

Առաջին Լրատվականը մարզերի անընդհատ լուսաբանման առումով խիստ տարբերվում է մնացած բոլորից: Մարզային «խնդիրների» մասին ամեն օր առնվազն երկու-երեք ռեպորտաժ կարելի է հանդիպել Առաջին լրատվականի հիմնական թողարկմանը: Բայց այս լրատվական ծրագիրը հիմնականում կենտրոնացած է մարզերում իրականացվելիք ծրագրերի եւ արդեն կատարված ծրագրերի վրա: Այսինքն, եթերում բավարարված մարդն է: Ի դեպ, այդ մարդուն կարելի է տեսնել բոլոր հեռուստաընկերություններում մի տարբերությամբ՝ Առաջին լրատվականի եթերում շարքային մարդն է, մյուս լրատվական ծրագրերում՝ պետական պաշտոնյան, որն ի պաշտոնե է բավարարված: Սա ինչի՞ մասին է խոսում՝ բավարարված հեռուստալրատվության, որն այնքան էլ լրագրողի մեղքը չէ: Լրագրողը պետք է ազատագրվի տվյալ օրվա թելադրած ասելիքից, նա պետք է թույլ տալ երկիր ու մարդ ընդգրկել մինչեւ կկարողանա ներկայացնել որեւէ խնդիր երկու րոպեանոց ռեպորտաժում:

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *