Կենտրոն ոստիկանության քննչական բաժինը հետաքննություն է կատարում գրող Հովհաննես Իշխանյանի գրքի վերաբերյալ: Ոստիկանությունում հարցաքննվելու ընթացքում գրողի ստացած տպավորությամբ՝ քննիչները գտնում են, որ անցյալ տարի 300 օրինակով լույս տեսած գրողի «Ուվալնյատի օրը» պատմվածքների ժողովածուն խեղաթյուրում է իրականությունը, վարկաբեկում է Հայաստանի զինված ուժերը, վիրավորում է կրոնը եւ հայ մայրերին:
«Քանի որ նյութը էս դեպքում ստացվում ա՝ բանակն ա, իրանք դա ընդունում են անձնական, իրանց վրա են վերցնում ու վիրավորվում են դրանից, սկսում են վրեժխնդրության գնալ»,- ասում է Հովհաննես Իշխանյանը:
Գրողի խոսքերով՝ քանի որ ոստիկանությունը իր դեմ քրեական գործ հարուցելու իրավական հիմքեր չունի, ուզում է իրեն մեղադրել պոռնկագրական նյութեր տարածելու մեջ:
«Իհարկե, անհեթեթություն ա տեքստը 263 հոդվածի տակ մտցնելը, բայց փաստորեն, եթե օրինական ճանապարհով ես գնում, թեկուզ եւ անհեթեթություն լինի, իրանք մենակ դա ունեն ինձ վրա, որովհետեւ բանակը վիրավորելու համար Հայաստանում հոդված չկա»,- ասում է նա:
Առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանը գտնում է, որ սա ակնհայտ գրաքննություն է:
«Ճիշտ է՝ «Ուվալնյատի օրը» ժողովածուի մեջ կան բաց տեսարաններ եւ ոչ նորմատիվային լեքսիկա, բայց ուզում եմ հիշեցնել, որ դա ընդհանրապես նորություն չէ: Այն մարդկանց, ովքեր փորձում են դրանց համար ինչ-որ մեկին պատասխանատվության ենթարկել, կառաջարկեի կարդալ, օրինակ, Վենեդիկտ Երոֆեեվի «Москва — Петушки» գործը»,- ասում է նա:
Աննա Իսրայելյանի խոսքերով՝ նման գրականությունը կարող է դուր գալ կամ չգալ, բայց դրա համար փորձել քրեական պատասխանատվության ենթարկելը առնվազն սխալ է:
«Տեւական ժամանակ էր, ինչ խոսքի, արտահայտման ազատության առումով միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանին տրվող գնահատականները մի քիչ մեղմացել էին: Ես հիմա կարող եմ կանխատեսել, որ եթե ոստիկանությունը հիմա հետ չկանգնի այս խնդրից, ապա մեծ հավանականություն կա, որ մենք էլի բացասական գնահատականներ կստանանք, եւ սա կդիտվի որպես հետապնդում, գրաքննություն եւ սահմանափակում»,- ասում է նա:
Խմբագրի խոսքերով՝ այս երեւույթը վերադարձ է Գլավլիտին:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը գտնում է, որ ժողովրդավարությանը հարիր չէ նման ստեղծագործության համար գրողին հարցաքննության կանչելը:
«Սա գեղարվեստական աշխատանք է. ճիշտ է՝ ճաշակին ընկեր չկա, բայց կարծում եմ, որ եւ՛ բանակը, եւ՛ ոստիկանությունը մնացել են սովետական ժամանակաշրջանում եւ ցենզուրային կարոտ են: Կարծում եմ, որ թե՛ ռազմական ոստիկանությունը, թե՛ ոստիկանությունը իրենց իրավասությունները գերազանցել են այս քայլերով, եւ նման հարցաքննություներ անցկացնելը ամենեւին էլ իրավաչափ չէ»,- ասում է նա:
Հովհաննես Իշխանյանի խոսքերով՝ այս երեւույթը միտում ունի սահմանափակելու նաեւ գրողների խոսքի ազատությունը:
«Լրագրողներից հերթը հասել ա գրողներին: Ճնշում են գործադրում գրականության վրա, այսինքն՝ ստեղ գրողը, փաստորեն, պետք ա ոչ թե լինի գրող ինքը իրա մեջից, այլ լինի գրող կոնկրետ մարդկանց, կոնկրետ դեմքերի համար, ինքը պետք ա իրեն սահմանափակի, չնստի իրա թուղթ ու գրիչի մոտ ազատ ու ինչ ուզենա անի»,- ասում է նա:
Ի պաշտպանություն Հովհաննես Իշխանյանի՝ նախաձեռնվել է օնլայն ստորագրահավաք, որով գրողին սատարողները պահանջում են անհապաղ դադարեցնել հալածանքները արձակագրի նկատմամբ:
«Գրականությունն ու արվեստը ոստիկանության համար տրորելու «առարկա» չէ, եւ նրան չի հաջողվի վերադարձնել գրականության հանդեպ ֆաշիստական ու ստալինյան ժամանակների վերաբերմունքը: Ուժային կառույցների գրաքննությունը ոչ միայն արշավ է հայ գրողի դեմ, այլեւ ընդհանրապես գրականության ու արվեստի, ստեղծագործական մտքի ու երեւակայության դեմ, մարդու հիմնարար ազատությունների դեմ», -ասվում է հայտարարության մեջ:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: