2012.03.24,

vox populi

«Ո՞րն է լրագրողի գինը»

Հայրս ասում է. «Լրագրողները ստիպված են լինել էս աշխարհի ամենակեղտոտված մարդիկ, հասարակության սանիտարները, նրանք ամեն ինչից «նյութ» են ստանում՝ եւ՛ «աստղերի» կեղտոտ ներքնաշորերից, եւ՛ կով կթող ազնիվ գյուղացի կանանցից: Մի արա էդ գործը, սոված չես, քանի ես կամ»:

Հա, կա, բայց ես ինքս եմ ուզում քառասունս անց ինձ ապահովել, դրա համար էլ, պոլիտեխնիկ ավարտած գրող լինելով, լրագրություն եմ անում ու չգիտեմ՝ ինչով կվերջանա իմ հերթական շփումը լրագրողական աշխարհի հետ:

Դեռ թարմ են հիշողությանս մեջ օրերը, երբ վաղամեռիկ Գայանե Բաբայանը բողոքում էր իր աշխատատուից, կարող եմ անունն էլ տալ, բայց կարիքը չկա, բոլորն էլ կիմանան ում մասին է խոսքը, որ գրում է թերթի համար, բայց չի վճարվում:

Ասում էր. «Լուսո, մի տարի ա մատս «ռեդիալի» վրա ա մնացել, մեռա դրան զանգելով. հա ցրում ա էդ անամոթը, մի տարի ա՝ ասում ա էգուց, էդ դրա էգուցը ե՞րբ ա, որ չի գալիս»:

Մի կերպ, ընկերներին խառնելով էդ պատմությանը՝ նրան հաջողվեց իր հալալ քրտինքով վաստակած փողերի գոնե մի մասը ստանալ: Հետո գնաց ուրիշ լրատվամիջոցներում աշխատեց ու ասում էր, որ ամեն ինչ նորմալ էր, չնայած հիմա էլ բողոքում էր, թե` «Լուսո, դառել եմ նյութապաշտ, ուր նայում եմ, նյութ եմ ման գալիս»:

Գայանեի անկրկնելի, անբռնազբոս լոռեցու ոճը եթե չլիներ, ոչ մի նյութ էլ հոդված չէր դառնա, որովհետեւ էս երկրում կա՛մ ոչինչ տեղի չի ունենում, կա՛մ էլ էնքան իրար նման բաներ են տեղի ունենում, որ եսիմ ինչ հնարքներ պիտի բանացնես, որ նյութդ կարդացվող դառնա: Մենք ոչ Ռուսաստանի նման մեծ ու խելառ ենք, ոչ Եվրոպայի նման քաղաքակիրթ ու ազատամիտ, ոչ էլ Ամերիկայի նման բազմազգի ու խառուխշտի կերպարներով լիքը երկիր, որ նյութը պրոբլեմ չլինի: Ինչ «նյութ» կա, բոլորի մասին բոլորն արդեն գրել են, «էքսկլյուզիվի» մասին երազում են բոլորը: Հենց մենակ իմ հետ, երբ ես «նյութ» էի, Գայանեն բոլոր երեք թերթերի համար էլ, ուր գրել ա, հարցազրույց էր արել:

Հիմա ինքը չկա, բայց իմ համար «նյութ» ա: Այսինքն՝ ինքը չէ, էն երեույթը, որն իմ հուշերը դեպի նա բերեց: Իսկ երեւույթը կոչվում է «քցոցի»: Ու ինչքան էլ տարօրինակ թվա, լրագրողն էսօր նույնքան «քցվելու» տարբերակներ ունի, ինչքան պոռնիկը, որին տանում են չգիտի՝ ուր, ու թեեւ գիտի՝ ինչի համար են տանում, միեւնույն է, էլի չի կարա իմանա՝ գլխին ի՞նչ կգա, ի՞նչ կպահանջեն իրենից եւ ինչքա՞ն փող կտան կամ էլ չեն տա:

Երկու դեպքերում էլ մարդն անպաշտպան է, քանի որ ոչ մի տեղ օրինական աշխատանքային պայմանագիր չկա: Լրագրության մեջ նկատի ունեմ դեպքերը, երբ մարդուն, ասենք, վերցնում են էսպես կոչված «փորձաշրջանով», կամ «տեսնենք ոնց ես գրում»-ով կամ «ոնց թերթն առաջ կգնա»-ով, երբ չկա կոնկրետ պյամանավորված հաստիք կամ հոնորար:

Չնայած էդ դեպքերում էլ «քցոցին» հնարավոր է, որովհետեւ մեր էսօրվա եւ՛ տպագիր, եւ՛ ինտերնետային մամուլը հիմնականում բացվում է ինչ-որ մեկի փողերով եւ ուղղված է ծառայելու կոնկրետ նպատակի՝ հիմնականում քաղաքական, այստեղ դա նախապատրաստական աշխատանք է ընտրություններից շատ ամիսներ, նաեւ տարիներ առաջ, կարդացվող լրագրողների հոդվածների վրա լսարան հավաքելու եւ հետագայում իներցիայով կայք մտնելու կամ թերթ առնելու սովորության վրա այն պահելուն: Նաեւ կարող են լինել գրական շրջաններում ինչ-որ մեկին ասպարեզ բերելու ու հետո նրա անվան վրա զանազան նախագծեր աշխատացնելու նպատակներ հետապնդող կայքեր ու ամսագրեր, ինչ-որ ՀԿ-ի կամ բիզնես-պլանի համար դրսից ֆինանսավորում «կպցնելու», առողջապահական կայքերն ու պարբերականները` դեղորայք կամ բժշկական հաստատություններ գովազդելու, եւ այլն, եւ այլն, եւ այլն…

Եվ էս ամենի մեջ լրագրողն ամենաանշահավետ դերում է գտնվում, որովհետեւ երբ նա արդեն պետք չի լինում, նրան ուղղակի դուրս են շպրտում՝ առանց վճարելու. հովանավորն այլեւս փող չի տալիս, իրենք մեղավոր չեն, լավագույն դեպքում տալիս են խոստացածի չնչին մասն ու մնաս բարով ասում: Խաբեության մեխանիզմը շատ լավ մշակված է ու հայտնի է բոլորին: Կարող եք հարցնել՝ ապա ինչո՞ւ են լրագրողները գնում էդ քայլին՝ նախապես իմանալով՝ ինչ է սպասվում: Եսի՞մ: Վստահում են, հավատում են, ասում են` «Մեզ հետ տենց չի լինի», մտածում են, որ ինչ ուզում է լինի, աշխատատուն էլ մարդ է, մանավանդ եթե քո աշխարհից է։ Բայց էդ դեպքում էլ կարա լինի. խմբագրին, տնօրենին էլ կարող են «քցել» իրական տերերը, երբ համարեն, որ նպատակին հասել են: Էս պարագայում ապահով տարբերակը, երեւի թե, մնում է միայն «առավոտը` փողը, երեկոյան` աթոռները» սկզբունքով աշխատելը, այսինքն` վճարում են, հետո գրում տալիս ես:

Թե ինչքան է լրագրողն ինքն իրեն գնահատում գնային սանդղակով եւ ինչքանով է դրան համաձայնվում աշխատատուն, դա արդեն «տետ-ա-տետ» է որոշվում: Եթե դրան գումարենք այն, որ շատ դեպքերում այդ նույն հաստիքային լրագրողին կարող են առաջարկել քաղաքական կամ գովազդային հոդվածներ գրել (դե, հաստիք է, մերժես` ամոթ է), ապա լրագրողը նույնիսկ ամենալավ պայմաններով աշխատանքի ընդունվելու դեպքում, մեկ է, մնում է խոցելի, քանի որ չունի նորմալ արհմիություն։ «Ժուռնալիստների միությունը» եւ՛ իր անվամբ, եւ՛ աշխատաոճով մնացել է սովետի մակարդակին, չկա մեկը, որ պաշտպանի լրագրողի շահերը, որ գիրը նաեւ գին ունենա, որովհետեւ դա ուղեղի գերլարվածություն պահանջող աշխատանք է, լրագրողների ընտանիքներն ապրում են նրանց «նյութերի» հետ, լրագրողը իրադարձությունները դեռ հեչ, նա մարդկանց է սկսում «նյութ» ընկալել, ընկերներին, եթե օրաթերթի հաստիքային աշխատող է եւ «էջ լցնելու» խնդիր ունի, ի վերջո, վեր է ածվում «գռդոնչու», կորցնում է որակը, վեր է ածվում «պապարացի»-ի, վատագույն դեպքում դեգրադացվում է, լավագույն դեպքում` հեռանում լրագրության կեղտոտ աշխարհից:

Ո՞րն է լրագրողի գինը, ինչպե՞ս, ո՞վ է դա որոշում: Ո՞վ է լրագրողի պաշտպանը:

 

Լուսինե Վայաչյան
գրող, լրագրող 

Դպրոցը՝ Ղափանի N7 միջնակարգ դպրոց
Համալսարանը՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, կիբեռնետիկայի ֆակուլտետ
Սիրելի գիրքը՝ սիրելի գիրք չունեմ, ունեմ սիրելի մտքեր տարբեր գրքերից, հուշատետրում գրում էի «Ջեյն Էյր»
Սիրելի ֆիլմը՝ սիրելի ֆիլմ չունեմ, ունեմ հակում դեպի «Կինո ոչ բոլորի համար». իսկ ընդհանրապես` «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ ու նորից գարուն»
Սիրելի երաժշտությունը՝ սիրելի երաժշտություն չունեմ, ունեմ օրվա երաժշտություն, իսկ ընդհանրապես հուշատետրում գրում էի` Արամ Խաչատրյան «Դիմակահանդես»
Սիրելի սպորտաձեւը՝ տներ հավաքելն ա 
Սիրելի արտահայտությունը՝ «Եթե հասկանաս, որ Սամասարան Նիրվանան է, տրտմությունդ վռազ կանցնի» © Բորիս Գրեբենշիկով 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *