2012.03.23,

Քննադատ

Բառեր, բառեր, բառեր

Բառերն ունեն հետաքրքիր հատկություն. դրանք երկար գործածությունից փոխում են իրենց իմաստը: Դե, օրինակ, հատուկ անունները: Մինչեւ 1815 թվականը Վաթերլոուն բելգիական մի անհայտ գյուղ էր, իսկ մինչեւ 2006 թվականը, «ՏԷՑ-ի կրուգը»` Երեւանի մի փոքրիկ հրապարակ, որտեղ առաջ տրամվայները շրջադարձ էին կատարում: Եվ միայն լուրջ պատմական իրադարձությունները կտրուկ բարձրացրեցին այդ անվանումների հասարակական հնչեղությունը: Եվ հիմա պատմաբանները եւ քաղաքագետները, երբ խոսում են որեւէ մեկի խոշոր պարտության մասին, ասում են` «դա նրա Վաթերլոուն էր»: Իսկ  մենք` լրագրողներս, գրում ենք` «քրեականները հերթական «ՏԷՑ-ի կրուգ» սարքեցին»:

Կան բառեր կամ դարձվածքներ, որոնք մաշվում են եւ դառնում են զավեշտական: Այդպիսիք են, օրինակ, սպորտային մեկնաբանների կլիշեները (ի դեպ, դա Հայաստանում լրագրության ամենադանդաղ զարգացող ճյուղն է, թե ինչու, առանձին թեմա է). «հայ դյուցազունները»` ծանրամարտիկների մասին, կամ «կաշվե գնդակի վարպետները»` ֆուտբոլիստների մասին: Իհարկե, դյուցազուն կամ կաշվե գնդակի վարպետ լինելը ամենեւին վատ բան չէ, բայց այդ բառակապակցություններն այնքան են չարաշահվել, որ այլեւս, այսպես ասած, «նշանակետին չեն խփում»:

Իսկ կան բառեր, որոնք ոչ միայն հեռուստատեսային լրատվության համար կարծրատիպ են, այլեւ, ըստ էության, սխալ են: Մեր հաղորդավարներն ասում են, օրինակ, «հայ-ռուսական գործակցություն»` չնայած ակնհայտ է, որ եթե խոսքը երկու սուբյեկտների մասին է, ապա նրանք ինչ-որ մի գործ պետք է անեն համատեղ, համագործակցեն: Կամ ասում են`«օդակայան». բայց չէ՞ որ ակնհայտ է, որ այդ կայանում հանգրվանում են ոչ թե օդեր, այլ օդանավեր՝ ինքնաթիռներ:

Բառեր էլ կան, որոնց ժարգոնային-ռուսական կիրառումն ավելի դիպուկ է դարձնում խոսքը: Ինչ մեղքս թաքցնեմ, ես այդ բառերն իմ հոդվածներում օգտագործում եմ, որովհետեւ չգիտեմ դրանց հայերեն նույնքան հնչեղ հոմանիշները: Այդպիսի բառերից այս պահիս հիշում եմ երեքը. «աբիժնիկ»-ը ոչ միայն պարզապես նեղացած մարդն է, այլ «խրոնիկապես» նեղացած,  «բեսպրեդել»-ը միայն ամենաթողությունը չէ, այլ սահմանները չճանաչող ամենաթողություն, «ռազբորկա»-ն սոսկ հարաբերությունների պարզում չէ: Հո չե՞նք գրի, որ «ՏԷՑ-ի կրուգում» հարաբերությունների պարզում է տեղի ունեցել:

Արամ Աբրահամյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *