2012.03.19,

vox populi

«Հանցագործնե՞ր», թե՞ հերոսներ են պետք եթերին

Ֆեյսբուքի ընկերներիցս մեկի ստատուսն աչքովս ընկավ. «էս ինչեր եմ լսում ու տեսնում ATV: Էս երգիչ Մհերը ծախվածի մեկն ա…. »: Հաջորդ օրը, երբ հեռուստացույցի ալիքները փոխելիս հանդիպեցի «Պոպ-հանրագիտարան» հաղորդմանը, որոշեցի մի քիչ դիմանալ եւ հասկանալ` ի վերջո որն է խնդիրը:

Արդեն հասկանալի է, որ խոսքն այն աղմկահարույց հաղորդման մասին է, որը «պատռեց» մեր շոուբիզնեսի ներկայացուցիչներից շատերի դիմակը:

Նրանց, ովքեր չեն դիտել հաղորդումը, ասեմ, որ գլամուռ տեսքով հաղորդավարները «հետախուզում էին»,  թե շոուբիզնեսի ներկայացուցիչներից ով է աղանդավոր, ով` ոչ: Երգիչ-երգչուհիները, դերասանները եթերով կամ հեռախոսով պատասխանում էին նրանց հարցերին, ժխտում կամ արդարանում այս կամ այն եկեղեցու հավաքներին եւ միջոցառումներին ներկա գտնվելու կամ պատահաբար դրանց «կողքով անցնելու» համար:

Բացահայտման լուրը շատ արագ տարածվեց: Բացի այդ` տարբեր ԶԼՄ-ներում հայտնվեցին նույն հաղորդման սղագրությունները, ինչպես նաեւ քննարկումներ տարբեր բլոգներում եւ սոց. ցանցերում, որոնք էլ առիթ տվեցին մտածելու կրոնական թեմաներով ԶԼՄ հրապարակումների բացերի մասին:

Միանշանակ, հեղինակներից շատերը չեն էլ գիտակցում, որ մարդու դավանանքին վերաբերող հարցերը նրա անձնական կյանքի մասն են կազմում, որի անձեռնմխելիությունը պաշտպանված է օրենքով: Չնայած հենց ինքը` «Պոպ-հանրագիտարանի» հաղորդավարն է դրան անդրադառնում` ուրիշների անձնական կյանք ներխուժելու փաստն արդարացնելով հանրային շահով, ասել է, թե հանրությանը «փրկելու» իրենց մղումով: Թե որքանով է դա հաջողվել, չգիտեմ, որովհետեւ դժվար է ասել, թե համաքաղաքացիների մեջ ատելություն սերմանելը կամ նրանց աչքում որեւէ մեկին վարկաբեկելը ում շահերից է բխում:

Հարց է առաջանում` որն էր հայ հասարակության շահը, երբ Հյուսթոնի հոգեհանգստի արարողությունը ուղիղ եթերով հեռարձակելու մասին գրում եւ հղումներ էին տարածում հայկական գրեթե բոլոր ԶԼՄ-ները այն դեպքում, երբ հրաժեշտը տեղի էր ունենում Բապտիստական (աղանդավորական) եկեղեցում, եւ որի մեկ ժամից ավելի տեւած քարոզին հետեւում էին նաեւ հայ հավատացյալները:

Հայ առաքելական եկեղեցու հետեւորդների թիվը մեծացնելու եւ մարդուն աղանդներից հեռու պահելու համար վաղուց ժամանակն է ի դեմս ԶԼՄ-ների ունենալ ավելի բանիմաց, գրագետ եւ մեր եկեղեցու հավատամքի մասին գիտելիքներով զինված համախոհներ:

Արդար լինելու համար նշեմ, որ դեռեւս ավելի գրագետ եւ համոզիչ են նրանք, ովքեր չեն ներկայացնում Հայ առաքելական եկեղեցին: Իրենց սեփական ԶԼՄ-ներից բացի՝ այդպիսով մյուս եկեղեցիներն օգտագործում են նաեւ այլ լրագրողների, որոնց մղումներն իրականում կարող են ազնիվ լինել եւ իսկապես ուղղված մեր եկեղեցու եւ պետականության միասնականությանը, բայց այլ հարց է, թե որքանով է դա ստացվում նրանց մոտ:

Նույնիսկ սարսափելի է մտածել, թե ինչ վտանգ կարող է հասցնել հաղորդումը, ներկայացնելով հերոսների անկեղծ փաստարկներն ու մարդկային պատմություններն այն մասին, թե ինչպես են հեռացել եկեղեցուց կամ ինչու են ընտրել մեկ ուրիշը:

Ակհայտ է, որ այսօր շարքային քաղաքացու կյանքում Հայ առաքելական եկեղեցին մեծ տեղ չի գրավում, նրա սրտին եւ հոգուն այնքան մոտ չէ, որքան որ կցանկանայինք: Սա գուցե մեր եկեղեցու այն բացթողումն է, որն անհրաժեշտ է շտկել:

Հեռուստատեսության եւ ընդհանրապես զանգվածային լրատվության պարագայում կարեւոր է ոչ միայն այն, թե ինչ է ասվում, այլ նաեւ թե ով է ասում՝ Տեր Եսայի քահանա՞ն, ով հղում է տալիս Անժելա Սարգսյանի հարցազրույցներին՝ հաստատելու համար, որ վերջինս «Կյանքի խոսք»-ից է, նրա կրոնական պատկանելությունը, Գարիկ Պապոյա՞նը` ամենասիրված դեմքերից մեկը, թե՞ երգիչ Մհերը՝ հրաշալի ձայնային տվյալներով օժտված մեկը, ով Հայաստանը նաեւ լավագույնս է ներկայացնում միջազգային մրցույթներում:

Եվ եթե հաղորդման նպատակը մարդկանց փրկելն ու Հայ առաքելական եկեղեցի բերելն է, ապա պետք է եթեր տալ այն հրաշալի երիտասարդներին, ովքեր այսօր համախմբվել են մեր եկեղեցու շուրջ, այն հոգեւորականներին, ովքեր հեղինակություն ունեն եւ մարդկանց հարգանքն ու սերն են վայելում, ովքեր թեկուզ իրենց անձով մարդուն մոտեցնում են հավատքին:

Բայց դա չկա մեր ԶԼՄ-ներում. լրագրողները խորագիտություն չեն դրսեւորում՝ սովորական քաղաքացուն հետաքրքիր եւ գրավիչ նյութեր պատրաստելու, մեր մաքուր շարականները եթերում հնչեցնելու եւ այդ ամենով մարդու մեջ հավատ արթնացնելու համար:

Ճիշտ է՝ «Շողակաթ» հեռուստաընկերության առաքելությունը հենց դա է, բայց պատկերացրեք, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ այդ տեսանյութերը, եթե դրանք ցրենք բոլոր հեռուստաընկերություններով հավասարաչափ: Ի վերջո, Աստվածաշունչ կարդալը մի բան է, աստվածաշնչյան սկզբունքները բոլոր գրքերում հանդիպելը՝ մեկ այլ:

Ի վերջո, կրոնի, հավատքի եւ մարդկային բարձր արժեքների համար պայքարը պետք է մղել ոչ թե ընդդեմ, այլ հանուն: Ոչ թե մատնացույց անելով «հանցագործին», այլ ներկայացնելով այն բարոյական կերպարներին, ում սիրով կհետեւի հեռուստադիտողը, թեկուզ միայն այն բանի համար, որ իր սիրած երգիչն է, դերասանը կամ իրեն կնքած քահանան:

 

Զարուհի Բաթոյան
Լրագրող

Դպրոցը՝ Երեւանի N44 միջնակարգ դպրոց
Համալսարանը՝ Երեւանի պետական համալսարան
Սիրելի գիրքը՝  Բոդլերի «Չարի ծաղիկներ», Ջոն Կուտզեի «Բարբարոսներին սպասելիս» 
Սիրելի ֆիլմը՝ «Սովորական հրաշք», «Ծառայողական սիրավեպ», «Небо над Берлином»
Սիրելի երաժշտությունը՝ ռոք, ավանգարդ- ֆոլք
Սիրելի սպորտաձեւը՝ ֆուտբոլ
Սիրելի արտահայտությունը՝ «մեղա»

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *