2012.03.08,

Քննադատ

Սերնդափոխություն անցնող ժամանակը

Ասացինք, որ թերթային լրագրության ասպարեզում նոր երիտասարդներ  հայտնվել են, բայց դեռեւս իրենց սեփական ու էական խոսքը չեն ասել,  որովհետեւ ավագների հովանու ու ստվերի տակ են աշխատում ու  ստեղծագործում, ինչպես նաեւ` ավագների ազդեցության տակ: Մինչեւ  նրանք  իրենց  նախորդների  ազդեցությունից չազատվեն, Հայաստանում նոր թերթեր չեն հիմնադրվի,  եւ  կշարունակվի առնվազն ինձ համար տհաճ խոսակցությունը, թե`  Հայաստանում թերթերն ապագա չունեն:

Որպեսզի Հայաստանում թերթերն ապագա ունենան, լրագրողների նոր  սերունդը ոչ միայն պետք է ազատվի ավագների ստվերից, այլեւ պիտի  հակադրվի ավագներին: Ջահելներն ինչպես Թեղուտի ու շրջակա միջավայրի համար են համարձակորեն ու ստեղծագործաբար պայքարում, նույն կերպ էլ պիտի հանուն ազատ տպագիր խոսքի պայքարեն, որովհետեւ այս ասպարեզում դեռեւս լիքը անելիքներ կան:

Առաջին հայացքից թվում է թե` ազատ ու անկախ մամուլը Հայաստանում  լիովին կայացած է, բայց դա միայն առաջին հայացքից է այդպես:  Իրականում մեզ մոտ ոչ թե ազատ մամուլն է կայացել, այլ հիմնականում`  ընդդիմադիր մամուլը: Մենք շատ ենք խոսում ու գրում այն մասին, որ Հայաստանի իշխանություններն օլիգարխների կամակատարն են, բայց երբեք չենք խոսում լրատվամիջոցների ու օլիգարխների առնչություններից, որոնք, մեղմ ասած, գոյություն ունեն:

Ավելորդ է ասել, որ Հայաստանում ընդդիմադիր մամուլն ավելի քան  կայացած է, եւ ինչքան էլ նույն այդ ընդդիմադիր մամուլը պնդի թե`  Հայաստանում գրավոր խոսքի ազատություն չկա, էդ պնդումներին  վաղուց հավատացող չկա: Նույն ընդդիմադիր մամուլն իր իսկ գոյությամբ  հաստատում է, որ այսօր մեր թերթերն ու մեր լրագրողները կարող են իրենց սրտի ու մտքի ուզածը գրել: 

Այլ հարց է, որ մեզանում ընդդիմադիր  խոսքը հաճախ շփոթվում է ազատ ու անկախ խոսքի հետ: Կարող ես ընդդիմադիր լինել, բայց ազատ չլինել:  Հայաստանի անկախության առաջին տարիներին «Երկիր» օրաթերթն ամենաընդդիմադիրն էր, բայցեւ ամենակախյալն էր եւ չափազանց կախված էր Դաշնակցությունից: Հիմա էլ մեր ընդդիմադիր թերթերը որոշակի կախվածություն ունեն քաղաքական որոշակի ուժերից ու որոշակի ազդեցիկ անհատներից:

Թվում է` շեղվեցինք բուն թեմայից, բայց, ընդհակառակը, ընդհուպ  մոտեցանք: Մեր երիտասարդները, որ հաջողությամբ պայքարում  են  Թեղուտի համար եւ Մաշտոցի պողոտայի հարակից կանաչ տարածքներն  էլ ահա-ահա փրկում են, նույնպիսի կամք ու նպատակասլացություն պիտի դրսեւորեն նաեւ մեր տպագիր մամուլի գոյատեւման եւ ազատ մամուլի կայացման գործում: 

Որովհետեւ պայքարը միշտ էլ երիտասարդների մենաշնորհն է եղել, իսկ տպագիր մամուլի համար իսկապես արժե պայքարել, որովհետեւ Հայաստանում դեռեւս թերթ կարդացողներ կան, եւ չնայած թերթ կարդացողները հիմնականում միջին եւ միջինից բարձր տարիքի մարդիկ են, թերթ ստեղծողները պիտի ջահելները լինեն, որովհետեւ կյանքը ցույց է տալիս, որ տարեց լրագրողները դժվարանում են բավարարել տարեց ընթերցողների պահանջները, որովհետեւ տարեց լրագրողներն արդեն գրելուց հոգնել են, մինչդեռ տարեց ընթերցողները թերթ կարդալուց չեն հոգնել:  

Ես երդվյալ թերթ կարդացողներ գիտեմ, որոնք չնայած թերթ առնելու  փող չունեն, բայց բոլոր թերթերն անխտիր կարդում են. հիսուն դրամ են  տալիս կրպակի աշխատողին, օրվա թերթերը մի ժամով տանում կարդում  ու մի ժամից էլի վերադարձնում են: Ե՛վ վաճառողն է շահում, եւ՛ ընթերցողը: Այսինքն, թերթերի պահանջարկ կա:

Հետաքրքիրն այն է, որ թերթերի ճակատագրով անհանգստանալով` ահա ինքս էլ եմ սկսել կայքերի համար գրել: Եվ «Հայկական ժամանակ» կոչվող վեպս էլ, որ յոթ տարի շարունակ «Առավոտի» շաբաթօրյա համարներում տպագրվում էր, այսուհետ միայն «Առավոտի» կայքում է ներկայացվելու:

Փաստորեն, թերթի էջերում ջահելների համար ահագին տարածք եմ ազատել: Որպեսզի էդ էջերը ջահելական շնչով լցվեն, այլ ոչ թե` հոգնածներիս երկարբարակ դատողություններով:

Արմեն Շեկոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *