2012.02.25,

Նյուսրում

«Արմքոմեդին» մարտից կլինի «Արմնյուզի» եթերում

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

«Արմքոմեդի» ինտերնետային նախագծի հաղորդումներն այսուհետ կհեռարձակվեն նաեւ օֆլայն. երգիծական նախագծի տղաները «ՍիվիլՆեթ» ինտերնետային TV-ից տեղափոխվել են «Արմնյուզ» հեռուստաընկերություն:

«Գաղափարն այն է, որ հնարավորինս փորձենք մեծացնել լսարանը, որ այն, ինչ փորձում ենք փոխել հասարակության մեջ, ավելի գլոբալ մակարդակի վրա կարողանանք փոխել, ինչ-որ մի լավ բան անել»,- ասում է «Արմքոմեդի» նախագծի համահեղինակ Սերգեյ Սարգսյանը:

«Արմքոմեդիի» մյուս հեղինակ Նարեկ Մարգարյանի խոսքերով՝ հեռուստատեսություն տեղափոխվելը նախագծի զարգացման հաջորդ տրամաբանական քայլն էր:

«Մինչեւ այս նման բան չի եղել Հայաստանում, որ ինտերնետային նախագիծը գնա հեռուստատեսություն, դրա համար համ էլ կիմանանք՝ ինչ է լինում: Բայց երկար քննարկեցինք, դրական եւ բացասական կողմերը փորձեցինք հանել, շատ-շատ էին դրական կողմերը, դրա համար շատ հեշտ կայացվեց որոշումը »,- ասում է նա:

Մարտից «Արմնյուզի» եթերում հեռարձակվող հաղորդումը մի քանի փոփոխություն կկրի՝ նոր էջեր կունենա եւ կերկարի տեւողությունը, բայց այն, տղաների խոսքերով, իր սրությամբ չի զիջի ինտերնետայինին:

«Մեր հաղորդման ամբողջ իմաստը հենց անկողմնակալությունն ու սուր հարցերի բարձրացումն է, դրա համար հենց այդ հարցը սկզբունքային էր: Եթե դրա շուրջ համաձայնություն չլիներ, չէինք գնա»,- ասում է Սերգեյ Սարգսյանը:

«Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Արտակ Ալեքսանյանը կարծում է, որ «Արմքոմեդիի» հետ համագործակցությունը կլինի փոխըմբռնման մթնոլորտում եւ արդյունավետ:

«Իհարկե կարող են լինել թեմաներ, որոնք նպատակահարմար չլինեն լուսաբանվելու համար, դա ցանկացած լրատվամիջոցի քաղաքականություն է: Ես կարծում եմ, որ մեր բոլոր աշխատանքային հարցերը կքննարկվեն եւ կընդունվեն փոխընդունելի որոշումներ»»,- ասում է նա:

Չնայած հեռուստատեսություն տեղափոխվելուն՝ «Արմքոմեդին» կշարունակի իր ինտերնետային գործունեությունը:

«Կայքն իր հունով՝ իր հոդվածներով կաշխատի: Հեռուստատեսությունը ոչ մի ձեւ չի փոխարինելու ինտերնետին, սա ուղղակի կլինի լրացուցիչ խողովակ: Այսինքն՝ նույն Youtube-ը, Twitter-ը շարունակվելու են, ուղղակի մի հատ էլ հեռուստացույցով ենք շեյր անելու»,- ասում է Նարեկ Մարգարյանը:

Տղաների խոսքերով՝  իրենց երկրպագուները նախագծի՝ հեռուստատեսություն տեղափոխվելուց չեն դժգոհում:

«Մեզ այնքան շատ էին գրում՝ ափսոս է, որ դուք չկաք TV-ում, ափսոս է, որ հումոր հեռուստատեսությունում չկա, դե հիմա փաստորեն կլինի»,- ասում է Նարեկ Մարգարյանը:

Իսկ Սերգեյ Սարգսյանը գտնում է, որ երկրպագուների հնարավոր դժգոհությունը կանցնի, եթե նրանք հաղորդումը դատեն բովանդակությամբ:

«Նույն երկրպագուների ու ընկերների մեծ մասը շատ դեմ էր, որ մենք գնայինք ՍիվիլՆեթ, որովհետեւ դա էլ էր քաղաքական մի ճամբարի հետ կապված, բայց հետո ով բովանդակությամբ դատեց, տեսավ, որ ոչ մի բան չի փոխվել»,- ասում է նա:

Քաղաքական երգիծանքով զբաղվող «Արմքոմեդի» նախագիծը ստեղծվել է ինտերնետում 2009 թվականին. որտեղ հեղինակներ Նարեկ Մարգարյանը եւ Սերգեյ Սարգսյանը քաղաքական լրատվություն էին մատուցում հումորային ձեւաչափով:

2011-ի աշնանը նախագիծը տեղափոխվեց ՍիվիլՆեթ ինտերնետային հեռուստատեսություն՝ հեռարձակելով «NewsՀաբ» հաղորդաշարը:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *