2012.02.23,

Նյուսրում

Հայաստանը չի մասնակցի Եվրատեսիլին

2012-ին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ»-ին Հայաստանի մասնակցության նպատակահարմարությունը բացասական պատասխան ստացավ:

Մի խումբ հայ երգիչներ հայտարարություն են տարածել, թե հրաժարվում են մասնակցել Բաքվում անցկացվող «Եվրատեսիլին», քանի որ Ադրբեջանը չի ընդունում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի միջնորդ երկրների կոչը՝ քաշել դիպուկահարներին շփման գծից, ու ցանկացած առիթ օգտագործում է արյուն հեղելու համար, որի վերջին վկայություններից է փետրվարի 23-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակոցը, որից զոհվել է ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանը:

«Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, Մինգեչաուրում և Մարաղայում կազմակերպեց զանգվածային ջարդեր և կոտորածներ, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր: Մի երկրում, որը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա, փորձեց բռնի ուժով հայաթափել Ղարաբաղը և մեր քույրերին ու եղբայրներին դուրս մղել իրենց պատմական հայրենիքից»,- ասված է հայտարարության մեջ: 

Երգիչների հայտարարությունը հաշվի առնելով՝ Հանրային հեռուստաընկերությունը, որը Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ է եւ «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական հեռարձակողը, որոշում է կայացրել չմասնակցել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ»-ին:

Բաքվում «Եվրատեսիլ»-ին Հայաստանի մասնակցությունը ամենաքննարկվող թեմաներից էր: Մասնակցության վերաբերյալ հակասող կարծիքներ էին հնչում թե՛ շոու բիզնեսի, թե՛ հասարակական գործիչների շրջանում:

Երգիչ Ռազմիկ Ամյանը հայտարարել էր, որ առաջարկ ստանալու դեպքում անգամ չի մասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլին»: Իսկ 2008-ին Հայաստանը ներկայացնող երգչուհի Սիրուշոն ասել էր, թե մրցույթին պետք է մասնակցել անվտանգության երաշխիքներ ունենալու պարագայում:

Մասնակցությանը կողմ էր նաեւ «Եվրատեսիլ 2011»-ին Հայաստանը ներկայացնող Էմմին:

Բաքվում կայանալիք Եվրատեսիլին որպես Հայաստանը ներկայացնող թեկնածուներ շրջանառվում էր Թաթա Սիմոնյանի, Բաքվում ծնված, ամերիկաբնակ հայ երգչուհի Լուսիա Մունի  եւ հատկապես «Դորիանս» ռոք խմբի անունները:

Խմբի մենակատար Գոռ Սուջյանը նույնիսկ երգ էր ներկայացրել Հանրային հեռուստաընկերությանը: Իսկ ֆեյսբուքում բացվել էր «Դորիանսը Եվրատեսիլ 2012-ին» էջը:

«Այսօր Ադրբեջանի թեման առավել քան ռիսկի եւ պատասխանատվության խնդիր է, եւ, թերեւս, հենց դա էլ գրավել է մեզ: Մենք ունենք մեր մեսիջը մեր երգի տեսքով, որ կուղղենք աշխարհին, եւ, ինչու չէ, նաեւ Ադրբեջանին» ,- ասել էր նա:

Հայաստանը «Եվրատեսիլին» մասնակցում է 2006 թվականից՝ տարիներ շարունակ հայտնվելով առաջին տասնյակում: Լավագույն արդյունքը 2008-ին գրանցել էր Սիրուշոն՝ զբաղեցնելով 4-րդ տեղը: Իսկ «Եվրատեսիլ 2011»-ին Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին չանցավ եզրափակիչ՝ չհաղթահարելով կիսաեզրափակիչ փուլը:

Դյուսելդորֆում կայացած «Եվրատեսիլ 2011»-ին հաղթանակ տարավ Նիկկի եւ էլլա ադրբեջանական զույգը, ինչով Բաքուն իրավունք ստացավ հյուրընկալել «Եվրատեսիլ 2012»-ը:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *