2012.02.16,

Նյուսրում

Twitter-ը թարմացնելու ժամանակը

BBC-ին հրահանգել է իր լրագրողներին առանց խմբագրությունում գործընկերների հետ խորհրդակցելու զարգացող իրադարաձությունների մասին Twitter-ում նորություներ չտարածել: The Guardian-ը տեղեկացնում է, որ BBC-ի այս քայլը շարունակությունն է մրցակից Sky News-ի որոշմանը՝ արգելել լրագրողներին վերատպել միայն Twitter-ում իրենց խմբագրության աշխատակիցների գրառումները: 

BBC-ի սոցիալական մեդիայի նոր ուղեցույցում նշվում է, որ առաջնահերթ խնդիրը  նորությունը գործակալության լրահոս հնարավորինս շուտ, նախքան դրա մասին Twitter-ում գրառում հայտնվելը, հասցնելն է:

«Մեզ համար առաջնահերթություն է մնում կարեւոր նորություններով հնարավորինս շուտ մեր ողջ լսարանին ապահովելը, անշուշտ նախքան Twitter-ում դրա հայտնվելը: Ուղեցույցում նշված է, որ երբ կա որեւէ հրատապ նորություն, էքսկլյուզիվ կամ նյութի լրացում, ապա լրագրողները հնարավորինս շուտ պետք է այն ներմուծեն խմբագրության համակարգ, որպեսզի բոլորը կարողանան տեսնել եւ տարածել»,- գրում է BBC-ի սոցիալական մեդիայի բաժնի խմբագիր Քրիս Համիլթոնը:

Սոցիալական մեդիայի բաժնի խմբագրի խոսքերով, ընկերությունը բարեբախտաբար ունի տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս լրագրողներին տեքստը միաժամանակ հաղորդել համակարգ եւ Twitter-ի  հաշիվներ:

Բրիտանական լրատվամիջոցների կողմից սոցիալական ցանցերում իրենց լրագրողների ակտիվությունը սահմանափակելու գործընթացում առաջատարը Sky News-ն էր, որը փետրվարի 7-ին արգելեց իր լրագրողներին Twitter-ից վերատպել տեղեկատվություն, ինչպես նաեւ տարածել մրցակից լրագրողների կամ մարդկանց Twitter-յան գրառումները:

Sky News-ի նոր ուղեցույցը լրագրողներին զգուշացնում է կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա եւ ոչ աշխատանքային թեմաների մասին չթվիթել մասնագիտական հաշիվներից:

Հայաստանի լրատվամիջոցների համար առայժմ Twitter-ը այնքան էլ մեծ դեր չունի: Այստեղ իրավիճակն այլ է: Twitter-ում տեղական ամենակտիվ լրատվամիջոցը Panarmenian.net-ն է, որն ունի 3 հաշիվ` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով եւ մեկ լրացուցիչ, որը միացված է Facebook սոցիալական ցանցին:

«Panarmenian-ի սոցիալ-մեդիա քաղաքակնությունը մի քիչ ուրիշ է,  մեր հաշիվներում մենք ավելի լայն շրջանակով նորություններ ենք դնում, քան կայքում: Այսինքն, եթե կա թեմա, որին կայքում չենք անդրադառնում, քանի որ այն ավելի լուրջ է, ապա Facebook-ում կամ Twitter-ում տեղադրում ենք` սկսած շոուբիզնեսի նորություններից, վերջացրած տեղական նշանակության միջոցառումների մասին անոնսներով»,- ասում է կայքի հանրային կապերի, պատասխանատու Արփինե Գրիգորյանը:

Ուշագրավ ու հրատապ միջոցառումների ժամանակ Panarmenian-ի լրագրողներն իրադարձության վայրից անմիջապես չեն թվիթում: Նրանք նախ հաղորդում են խմբագրություն, այնուհետեւ խմբագիրը կամ սոցիալ մեդիային պատասխանատուն Twitter-ի պաշտոնական հաշիվներով տարածում է  գրառումը: Իսկ անձնական հաշիվներում, լրագրողները հիմնականում տարածում են իրենց նյութերի հղումները կամ որեւէ միջոցառումից կարճ նոթեր:

Ի դեպ, Panarmenian.net-ում կարեւոր ու զարգացող իրադարձությունների ժամանակ հայտնվում է նաեւ Twitter Widget, որն արտացոլում է խմբագրության Twitter-ի հաշվի թարմ գրառումները:

Epress.am լրատվական կայքը եւս ակտիվ է Twitter-ում: Այն ունի մեկ հաշիվ, որով տարածվում են անգլերենով կամ հայերենով գրված նյութերի միայն հղումները, կայքի կողմից մեկնաբանություններ չեն լինում:

Կայքի խմբագիրներից Արմեն Մելիքբեկյանի խոսքով հազվադեպ են դեպքերը, երբ լրագրողները միջոցառման վայրից թվիթում են եւ դա էլ միայն այն ժամանակ, երբ նախնական պայմանավորվածություն կա խմբագրության  հետ:

«Ա1+»-ում չեն խրախուսում լրագրողներին ինքնուրույն գրառումներ կատարել Թվիթերում: Դա անում է միայն խմբագիրը, եթե անրաժեշտություն կա: Պաշտոնական հաշվով տարածվում են միայն նորությունների հղումները:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր ` «Twitter լրատվամիջոցների համար` վայելեք, քանի կա» հոդվածում գրում է, որ Հայաստանում ժամանակն է բացի հիմնական սոցիալական կայք համարվող Facebook-ից, օգտագործել նաեւ  Twitter-ի հնարավորությունները:

Ըստ Մարտիրոսյանի Հայաստանում դեռ   լրատվամիջոցի, լրագրողների «բրենդինգի» խնդիր կա։ «Խմբագրի կողմից խրախուսել սեփական լրագրողներին դեպքի վայրից վարել Twitter, դարձնել լրագրողին ընթերցվող հենց որպես լրագրող, նշանակում է երկուսին էլ դարձնել մոտ եւ ճանաչելի ընթերցողին։ Նշանակում է եւս մեկ քայլ անել «լայք տված» ֆեյսբուքահայերից դեպի հավատարիմ ընթերցող»,- գրում է Սամվել Մարտիրոսյանը։

Նվարդ Հովհաննիսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *