Twitter լրատվամիջոցների համար՝ վայելեք, քանի կա

12.12.2011, Քննադատ

Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Twitter-ի մասին այսօր շատերը գիտեն, բայց քչերն են օգտվում։ Երեւի թե հենց 2011-ը կարելի է անվանել Twitter-ի բացահայտման տարի Հայաստանի համար։ Իհարկե, դեռեւս շատ չեն այդտեղ հայաստանցիները, սակայն արդեն իսկ սկսել է ձեւավորվել համայնք, օգտագործվում է լրագրողների եւ քաղաքական ուժերի կողմից։ Սրանք Հայաստանի տեղեկատվական դաշտում այս միկրոբլոգային համակարգի կայացման նշաններ են։

Լրատվամիջոցներից մի մասն այսօր արդեն օգտագործում են Twitter-ը, սակայն մեծամասնության համար այն օժանդակ139 բնույթ է կրում: Հիմնական ուժերը նետված են դեպի Facebook։

Իսկ ինչո՞վ Twitter-ը կարող է օգտակար լինել հայկական մամուլին։

Ամենաակնհայտ հնարավոր ներկայությունը Twitter-ում, օրինակ, Twitterfeed.com կայքի միջոցով կայքի լրահոսի RSS հեռարձակում ստեղծելն է։ Սա բավականին օգտակար է, քանի որ շատերը օգտագործում են Twitter-ը լրահոսի վերնագրերը կարդալու համար։ Սակայն, այս հնարքը կաշխատի միայն այն դեպքում, երբ լրատվամիջոցը ստեղծվի մարդու, այլ ոչ թե  հանճարի կամ մոլագարի համար: Լրատվամիջոցը պետք է ունենա ընկալելի լրահոս՝ հանրամատչելի վերնագրերով։

Ավելի բարդ տարբերակն է՝ ներմուծել մարդկային գործոն եւ ներկայացնել ձեր լրահոսը ոչ ամբողջությամբ, մեկնաբանություններով եւ հեշթեգերի կիրառությամբ։ Մի քիչ էլ հումոր եւ օպերատիվություն եւ դուք գտնում եք Twitter-ում ձեր հավատարիմ ընթերցողին։ Օրինակ,  ռուսաստանյան ամենահայտնի եւ ընթերցվող թվիթեր հաշիվներից մեկը՝ Lenta.ru-ի ոչ պաշտոնական լրահոսն, ունի ավելի շատ ընթերցող, քան պաշտոնականը: Հայաստանում նման փորձ իրականացնում է Panarmenian.net-ը:

Հեշթեգերի կիրառումը լրատվամիջոցին թույլ է տալիս դուրս գալ ֆեյսբուքյան «լայք տվածների» քիփլիկ շրջապատից։ Իհարկե, Facebook-ից ԶԼՄ-ն կարող է կորզել անհամեմատ ավելի շատ ընթերցողներ։ Սակայն Twitter-ը, լինելով բաց բոլորի համար, ներառյալ որոնող համակարգերը, թույլ է տալիս բերել դեպի կայքը այն ընթերցողներին, որոնք երկրից դուրս են եւ հետաքրքրված են այս պահին կատարվող իրադարձություններով։

Եվ այսօրվա մեր մեդիադաշտի համար ամենաբարդը՝ լրատվամիջոցի, լրագրողների «բրենդինգն» է։ Խմբագրի կողմից խրախուսել սեփական լրագրողներին դեպքի վայրից վարել Twitter, դարձնել լրագրողին ընթերցվող հենց որպես լրագրող, նշանակում է երկուսին էլ դարձնել մոտ եւ ճանաչելի ընթերցողին։ Նշանակում է եւս մեկ քայլ անել «լայք տված» ֆեյսբուքահայերից դեպի հավատարիմ ընթերցող։

Սրանի՞ց էլ լավ բան։

Սամվել Մարտիրոսյան, Twitter-ում՝ @kornelij

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?