2019.08.01,

Ստուգված է

Հուլիսի 15-31-ը շրջանառված կեղծ և հերքված լուրերը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Հուլիսի 15-31-ը լրատվական առիթ դարձավ ֆեյսբուքյան կեղծ էջի հրապարակումը, մի շարք կեղծ լուրեր տարածվեցին Նիկոլ Փաշինյանի մասին։ Մանիպուլյատիվ տեղեկությունների շարքում տեղ գտավ նաև ավանդական դարձած ԼԳԲՏ թեման։

Հ1-ը փոփոխություն չի կատարել եթերային պլանում

Հուլիսի 16-ին «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկություն տարածեց այն մասին, թե Հանրայի հեռուստաընկերությունը փոխել է հեռարձակման ցանկը, հետաձգելով ֆուտբոլային խաղի ուղիղ հեռարձակումը Աննա Հակոբյանի հետ հարցազրույցը ցուցադրելու համար։ Հրապարակումը նաև ուղեկցվում էր ենթադրությամբ այն մասն, որ «ֆուտբոլասերները իրենց խաբված զգացին»։

Հ1-ի լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանը հերքեց տեղեկությունը, նշելով, որ Հանրայինը չի ունեցել պարտավորություն նշված խաղը ուղիղ հեռարձակելու և փոփոխություն չի կատարել եթերային պլանում։

Լուր դարձավ ֆեյսբուքյան կեղծ էջի հրապարակումը  

Հուլիսի 20-ին մի շարք կայքեր լուր տարածեցին այն մասին, որ «Իմ քայլը» դաշինքը Ֆեյսբուքում հարցում է անցկացնում պարզելու համար, թե ինչքա՞ն են քաղաքացիները պատրաստ վճարել տրանսպորտի համար։

Հարցման մասին լուրը կեղծ էր․ լրատվականները չէին նշել, որ նշված էջը կապ չունի  «Իմ քայլը» դաշինքի հետ՝ այն ոչ պաշտոնական է։ Կեղծ տեղեկությունը տարածել էր նաև և Հանրային Ռադիոյի նախկին փոխտնօրեն, «Քառյակ Մեդիա»-ի թիմի անդամ ու «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լիկա Թումանյանը։ 

Անդրադառնալով հարցումը տարածող «ԻՄ ՔԱՅԼԸ» անունով ֆեյսբուքյան էջին, ԱԺ Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը նշել է․ «Դեռ սեպտեմբեր ամսից անընդմեջ փորձել ենք էջի օգտատիրոջ հետ բանակցել, որպեսզի էջի անվանումը փոխի, կամ գոնե ավելացնի, որ ոչ պաշտոնական ինֆորմացիա է տարածում, բայց Arman Hambardzumyanը (էջի ադմինը) ոչ մի տարբերակում չհամաձայնեց, և շարունակում է պարբերաբար հանրության մեջ թյուր կարծիք ձևավորել […]»։

Media.am-ը մանրամասն անդրադարձել է այս պատմությանը և առանձնացրել մի քանի խորհուրդ իրական և կեղծ ֆեյսբուքյան էջերը տարբերելու համար։ 

Բրուցեյլոզի մասին ֆերմեր Տիգրան Եղոյանի ահազանգը ապատեղեկատվություն է

Հուլիսի 22-ին մի շարք կայքեր հրապարակեցին ֆերմեր Տիգրան Եղոյանի հնչեցրած տեղեկությունը այն մասին, որ Վայոց Ձորի որոշ գյուղերում կենդանիների մինչև 60%-ը վարակված են բրուցեյլոզով։ Ըստ ֆերմերի, միայն Քարագլուխ գյուղում 38 մարդ վարակվել է բրուցեյլոզով։ 

Ֆերմերը կոչ է արել դատի տալ իրեն, եթե իր հայտարարություններում հայտնաբերվի զրպարտանք։ 

Հուլիսի 25-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հերքում հրապարակեց, նշելով, որ ֆերմերը ապատեղեկատվություն է տարածում։ Ֆերմերի նշած թվերից ոչ մեկը չէր համապատասխանում իրականությանը․ Վայոց Ձորում ստուգված կենդանիների միայն 1.3% մոտ է հիվանդությունը հայտնաբերվել, իսկ Քարագլուխ գյուղում հիվանդացել է միայն երեք մարդ, որոնք նույն ընտանիքի անդամներ են:

Փաշինյանը ուղղաթիռով Իջևան չի մեկնել

Հուլիսի 23-ին irates.am կայքը գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանկության ընկերոջ ծննդյան արարողությանը ուղղաթիռով է Իջևան գնացել: 

Լուրը նույնությամբ վերատպեցին news.am-ը, yerevan.today-ը, politik.am-ը և մի շարք այլ լրատվամիջոցներ, սակայն այն կեղծ էր։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պահանջեցին հերքել ապատեղեկատվությունը, և հուլիսի 31-ին irates.am-ը հրապարակեց հերքումը։ 

Տեղեկությանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը, մեղադրելով մի շարք լրատվականների նախկին իշխանություններից աջակցություն ստանալու մեջ։ 

Վլադիմիր Կարապետյանը չունի ռեստորաններ Թբիլիսիում և Երևանում 

Նույն  irates.am կայքը հուլիսի 26-ին գրել է, որ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը Թբիլիսիում և Երևանում ռեստորաններ ունի։ Կարապետյանը հերքել է տեղեկութունը և պահանջել հերքումը հրապարակել irates.am-ում, ինչը արվել է նույնի օրը։ 

Լուրի հերքումը հրապարակեցին նաև armeniasputnik.am-ը, aysor.am-ը, armdaily.am-ը և մի շարք այլ կայքեր։

Փաշինյանը արձակուրդում գտնվելով աշխատանքից ազատման հրաման չի ստորագրել 

Asekose.am կայքը գրել է, թե «Նիկոլ Փաշինյանն արձակուրդից պաշտոնանկ է արել հայտնի փոխմարզպետին»։ 

Լուրը չի համապատասխանում իրականությանը։ Դրան անդրադարձել է infocheck.am-ը, նշելով, որ աշխատանքից ազատելու հրամանը ստորագրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով Փաշինյանի արձակուրդում գտնվելու ընթացքում ստանձնել է նրա  լիազորությունները։

Երրորդ սեռի վարչություն գոյություն չունի

«168 ժամ» թերթը մեղադրել է աշխատանքի և սոցիալակն հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին նախարարությունում կառուցվածքային փոփոխությունները թաքցնելու մեջ։  Թերթը, հիմնվելով անանուն փաստաթղթերի վրա, պնդում է, որ նախարարը «գաղտագողի խցկել է ՀՀ-ում երրորդ սեռի հիմնահարցերով զբաղվող վարչություն»։ Թերթը նաև պնդում է, որ վարչությունը զբաղվելու է նույնասեռական մարդկանց իրավունքների պաշտպանությամբ։  

Թե «երրորդ սեռի վարչություն» անվանումը, թե նույնասեռական մարդկանց վերաբերվող պնդումները թերթը ներկայացրել է ենթադրությունների տեսքով՝ առանց հիմնավորման և ապացույցների։ 

Նախարարությունից հերքել են լուրը, այն անվանելով «բացարձակ սուտ»։ Նշվում է նաև, որ «երրորդ սեռի վարչություն» եզրը չունի իրավական որևէ ձևակերպում և հանդիսանում է «հրապարակման հեղինակի երևակայության հետևանք»։  

Նույնասեռականությունը հայաստանյան մամուլում շարունակաբար դառնում է մանիպուլյացիայի թեմա։ 

Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանական պահակակետ չի տեղադրվել

Հուլիսի 25-ին «Ժամանակ» թերթը գրել էր, թե Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ «ոստիկանության պոստ է տեղադրվել»: 

Նույն օրը ոստիկանությունից հերքեցին տեղեկությունը։ Լուրի կեղծ լինելու մասին ակնարկը հրապարակեցին մի շարք լրատվականներ։ Դրանցից hraparak.am-ը ոստիկանության հերքմանը հավելեց, թե «Չի բացառվում, որ նրանք կարող են քաղաքացիական հագուստով ոստիկաններ լինել, իսկ պահակակետն էլ կարող է պաշտոնապես գրանցված չլինել»։ Ենթադրությունը հիմնավորող որևէ փաստ թերթը չի ներկայացրել։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *