«Սովետական Հայաստանի վերջին մնացորդն էլ ոչ ևս է: Կեցցե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»,- ազդարարում է 1995 թ. հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը:
1995թ-ի հուլիսի 5-ին համատեղվել էին Գերագույն խորհրդի ընտրություններն ու ՀՀ առաջին Սահմանադրության հանրաքվեն:
Հանրաքվեին նախորդող օրերին պաշտոնաթերթի առաջին էջերին «Այո՜ իմ և իմ երկրի առաջին Սահմանադրությանը» խորագիրն էր: Եվ այդ խորագրի տակ էլ հայտնի մտավորականներն իրենց վստահության փոքրիկ էսսեներն էին ձոնում Սահմանադրությանն «այո» ասելուն՝ Օհան Դուրյան, Երվանդ Մանարյան, Վահե Շահվերդյան, Ֆրունզե Դովլաթյան, Շահեն Խաչատրյան, Մերուժան Տեր-Գուլանյան…
Սերո Խանզադյանը հիշեցնում էր ԽՍՀՄ Սահմանադրությունը, որը գեղեցիկ բառերի հավաքածու էր, բայց…«Այդ Սահմանադրությունը բռնակալ իշխանության ձեռքին սուր էր, դանակ, դաշույն՝ ժողովրդին խոցելու և իր կամքը թելադրելու»: Ա՜յլ է Հայաստանի առաջին Սահմանադրությունը՝ ուղղված Հայաստանի քաղաքացուն. «Հավատում եմ»,- իր խոսքը լակոնիկ ամփոփել էր գրողը («Հայաստանի Հանրապետություն», 1995, հուլիսի 1):
Պաշտոնաթերթի համարներում որևէ անդրադարձ չկար ընդդիմության մտահոգություններին, թե Սահմանադրությունը նախագահին չափազանց մեծ լիազորություններով է օժտում: Ի պատասխան ընդդիմության հավաստիացումների, թե գործող իշխանությունները չեն վայելում ժողովրդի վստահությունը, «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը հանրաքվեի նախօրեին հրապարակել էր «Ու՞մ ձեռնտու չեն այսօրվա իշխանությունները կամ Ալիևն ու մեր ընդդիմությունը դաշնակիցներ են» հոդվածը: Վազգեն Մանուկյանի, Աշոտ Մանուչարյանի, Պարույր Հայրիկյանի անհաջող լուսանկարները դրվել էին Հեյդար Ալիևի լուսանկարի կողքին:
Հանրաքվեն տեղի ունեցավ, և արդեն հաջորդ օրը, հուլիսի 6-ի համարում, արդեն մեծ տառերով գրված է՝
«Երեկ մենք կատարեցինք մեր ընտրությունը:
ՀՀ առաջին Սահմանադրությունը մեկ օրեկան է:
Ազգային Ժողովն արդեն իրողություն է:
Հուլիսի 5-ը ՝ Սահմանադրության օր» («Հայաստանի Հանրապետություն», 1995 թ., հուլիսի 6):
«Բնական է, որ սպասվում է մեծ աղմուկ ընդդիմության կողմից՝ ընտրություններում, այսպես կոչված, տեղ գտած «կոպիտ» օրինախախտումների շուրջ: …Մերօրյա ժողովրդաքննադատ պարոններին ամեն տեսակ «ազգ»-երից, «գոլոս»-ներից և այլ «քաղաքակիրթ» եթերից ուզում ենք հիշեցնել, որ, օրինակ, ԱՄՆ-ում նախագահներն ընտրվում են ընտրողների 25 տոկոսի մասնակցության պայմաններում, իսկ մեր ժողովրդի քաղաքական «պասիվության» մասին նրանց չարակամ կանխագուշակություններն այդպես էլ չիրականացան» («Հայք», 1995, հուլիսի 7):
«Ընտրություններն անսպասելի ակտիվությամբ, բայց սպասելի օրինախախտումներով». Սահմանադրության հանրաքվեի հաջորդ օրն իսկ ընդդիմադիր «Ազգ»-ն արձագանքեց. «Իշխանությունները լրջորեն էին նախապատրաստվել հուլիսի 5-ի միջոցառմանը, որն, ըստ էության, կոչված էր սոսկ օրինականացնել գերազանցապես կանխորոշված արդյունքները: Մինչդեռ զարմանալին այն է, որ նույնիսկ նման աշխատանքն ի զորու չեղավ ստեղծել արդար ընտրությունների պատրանք» («Ազգ», 1995, հուլիսի 6):
«Ընտրությունները չեն արտահայտում ժողովրդի կամքը» . սա արդեն Պարույր Հայրիկյանի գնահատականն էր: Նա պնդում էր, որ ԳԽ ընտրությունները և Սահմանադրության հանրաքվեն անցել են խախտումներով . արձանագրվել է շուրջ 300 ապօրինություն («Ազգ», 1995, հուլիսի 7):
«Սահմանադրական հանրաքվեն համարվեց կայացած. «Այո»-ն երաշխավորեց կայունությունն ու զարգացումը»,- հայտարարեց ՀՀ փոխնախագահ Գագիկ Հարությունյանը («Հայք», 1995, հուլիսի 7):
Եվ հարցը փակվեց:
Հայաստանում ընտրակեղծարարության պատմության սկիզբն ընդունված է համարել 1995-ը: Այդ թվականին ընդունված Սահմանադրությունը հետագայում դարձյալ հանրաքվեների դրվեց 2003-ին , 2005-ին, 2015-ին: Պաշտոնական մամուլի և ընդդիմադիր լրատվամիջոցների՝ ծայրահեղ իրարամերժ գնահատականները այս հանրաքվեների մասին նույնությամբ հիշեցնում են 1995 թ-ի հուլիսի 5 -ի հանրաքվեին նախորդած և հաջորդած արձագանքը:
Լիլիթ Ավագյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: