2012.01.17,

Նյուսրում

«Հետք» շաբաթաթերթն այլեւս չի հրատարակվում

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

«Հետք» շաբաթաթերթը դադարել է հրատարակվել: Ֆինանսական խնդիրների պատճառով 2009 թվականի սեպտեմբերից հրատարակվող շաբաթաթերթն այլեւս լույս չի տեսնում:

«Ափսոս, բայց չկարողացանք հայկական տպագիր մեդիայի շուկայում գոյատեւել»,- ասում է «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

Խմբագրի խոսքերով՝ ֆինանսական խնդրի պատճառներից մեկը գովազդի պակասն էր, որը պայմանավորված էր շաբաթաթերթի բովանդակությամբ:

«Քանի որ մեր նյութերում քաղաքական ինտրիգներ, քաղաքական գործիչների հետ հարցազրույցներ չկային, ընդհանրապես քաղաքական չէին, այլ մարզային եւ սոցիալական խնդիրների մասին էին, գովազդատուներին այդքան էլ հետաքրքիր չէին»,- ասում է նա:

Շաբաթաթերթը գոյատեւում էր բաժանորդագրությունների հաշվին, որից ստացված գումարը, սակայն, չէր կարողանում փակել տպարանի ծախսերը. «Հետքի» 1100 օրինակից իրացվում էր 800-ը:

«Տարբեր տեղերից փողի առաջարկներ են եղել, բայց մենք չէինք ուզում ինչ-որ մեկի փողերով տպել թերթը, էդ ճանապարհով կարող էինք պահել, բայց չուզեցինք: Մեզ ներդրումներ պետք չեն կլանային, քաղաքական ուժերի կողմից»,- ասում է Էդիկ Բաղդասարյանը:

«Հետքի» խմբագիրը գտնում է, որ Հայաստանում ընդհանրապես վատանում է տպագիր մամուլի վիճակը, քանի որ գովազդային դաշտը քաղաքականացված է, եւ հաճախ քաղաքական որոշումներ կայացնելով են գովազդներ տեղադրվում այս կամ այն մեդիայում:

Այժմ «Հետքն» իր ուժերը կենտրոնացնելու է օնլայն պարբերականի վրա՝ փորձելով օգտվել նոր մեդիայի հնարավորություններից:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ «Հետք» շաբաթաթերթի փակվելու պատճառն այն է, որ Հայաստանում կուսակցականացված թերթերը ձեւավորել են տպագիր մամուլի տեսակը, եւ ընթերցողն ուրիշ տեսակի թերթ գրեթե չի ընկալում:

«Այսօր թերթերն ինքնաֆինանսավորմամբ աշխատելու եւ բիզնես մոդել ունենալու խնդիր ունեն»,- ասում է նա:

Մեդիա փորձագետը գտնում է, որ թերթերը նաեւ լսարանի խնդիր ունեն. այն գնալով նվազում է, քանի որ երիտասարդությունը թերթ չի կարդում:

Նրա խոսքերով՝ բոլոր առկա խնդիրներից կարելի է ենթադրել, որ թղթային մեդիաները երկար չեն դիմանա որպես օբյեկտիվ մեդիաներ:

«Զուտ տպագիր թերթերը կկարողանան գոյատեւել միայն ինչ-որ  աղբյուրից դոտացիաների եւ այստեղից բխող ազդեցության տակ ընկնելու ձեւաչափով»,- ասում է նա:

Մեդիա փորձագետի կարծիքով՝ թերթերի մի մասը  տպագրին զուգահեռ կաշխատի նաեւ որպես ցանցային մեդիա, մի մասը կշարունակի քաղաքական հովանավորներից գումար ստանալ եւ տպագրվել՝ կամաց կամաց կորցնելով ընթերցողներին, մի մասն էլ կփակվի:

Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը նույնպես հոռետես է թերթերի ապագայի նկատմամբ:

«Քանի որ Հայաստանում թերթեր ընթերցում են հիմնականում սոցիալ-քաղաքականապես ակտիվ քաղաքացիները, եւ այնպես է դասավորվել, որ այդ շերտն է առավելապես օգտվում ինտերնետից, թղթային մեդիաներն սկսեցին խնիրների առաջ կանգնել, քանի որ իրենց հիմնական լսարանը դեպի ինտերնետ է գնում»,- ասում է նա:

Բորիս Նավասարդյանը հայաստանյան թերթերի այսօրվա հիմնական մարտահրավերը լսարանի պահպանումն է համարում:

ԵՄԱ նախագահը գտնում է, որ տպագիր թերթից ինտերնետ տեղափոխվելը միտում է, որը շատ դժվար է որեւէ կերպ շրջանցել Հայաստանում, քանի որ 90-ականների կեսերին բարդ տնտեսական եւ այլ խնդիրների առջեւ կանգնած ժողովուրդը կորցրեց իր՝ թերթ կարդալու ավանդույթը, որը նույնիսկ այսօրվա պայմաններում գրեթե հնարավոր չէ վերականգնել:

 Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *