2019.05.31,

Նյուսրում

13 լրագրող 13 օրում՝ լրագրողները գործ են գտնում և փնտրում ֆեյսբուքում

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Վերջին ամիսներին շատացել են լրագրողի, խմբագրի, օպերատորի թափուր հաստիքի հայտարարությունները: Միայն մայիսի 1-13-ը նման 13 հայտարարություն է եղել ֆեյսբուքյան Լրագրողների խմբում:

Մարդիկ այս խմբի միջոցով և՛ աշխատանք են առաջարկում, և՛ աշխատանք փնտրում: Նման հայտարարությունների համար սա ամենաակտիվ հարթակն է, թեև իրենց նոր գործընկերներին գտնելու համար խմբագիրներն և լրագրողները երբեմն օգտագործում են նաև իրենց անձնական էջերը:

Առցանց լրատվականները թափուր հաստիքների մասին հայտարարում են հենց իրենց կայքերում: Լրատվական դաշտում առկա թափուր հաստիքների մասին գրեթե հայտարարություններ չկան աշխատանքի որոնման մասնագիտացած կայքերում:

Staff.am և careercenter.am կայքերում քիչ են դրվում լրագրողի կամ խմբագրի թափուր հաստիքի հայտարարություններ, փոխարենը մեծ է սոցիալական մեդիայի մարքեթինգի մասնագետի պահանջարկը:

Careercenter-ի տնօրեն Արմեն Երեմյանն ասում է,որ իրենց հարթակներում նման հաստիքների պակասը պայմանավորված չէ մասնագիտության հանդեպ դաշտի իրական պահանջարկով: Ըստ նրա, լրատվամիջոցները հիմնականում իրենց ռեսուրսներով են լրագրողներ գտնում, ունեն իրար հետ անձնական կապերը, կարողանում են արագ կողմնորոշվել և համապատասխան մասնագետին գտնել:

Չթերագնահատելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին, Երեմյանն ասում է, որ մնացած մասնագիտությունների հետ կապված կազմակերպություններն ավելի խիստ պահանջներ են ներկայացնում, քան լրագրության: Ի տարբերություն լրագրողների՝ այլ մասնագետների ընտրությունը կատարվում է մի քանի փուլով ու ժամանակատար է:

Ամենապահանջվածը քաղաքական ոլորտի լրագրողներն են, նվազագույնը 2 տարվա փորձով: Լեզվի իմացությունը որոշ դեպքերում պարտադիր է, որոշ դեպքերում՝ ոչ, բայց դիտվում է որպես առավելություն:

Ավելի շատ շեշտադրվում են մարդկային, քան մասնագիտական հատկանիշները, օրինակ, հետաքրքրվածությունը, աշխատանքի մեջ ճկունությունը, հեշտ հաղորդակցվելու ունակությունը:

Շատ քիչ հայտարարություններում է նշված, թե խմբագրությունն ինչ մասնագիտական հմտություններ է փնտրում իր նոր աշխատակցի մեջ: Ասենք, վիդեոմոնտաժի, լուսանկարների հետ աշխատելու, գրաֆիկներ ստեղծելու և այլ հմտություններ:

Երկրորդ տեղում կայքի ադմինի հաստիքն է: Այստեղ կարևոր չէ լրագրողական կրթությունը, կարևոր է լեզուների տիրապետումը, արագ կողմնորոշումը, գիշերային հերթապահությունը: Որպես կանոն, աշխատավարձի կամ վճարման մասին կետ չի լինում, դա թողնում են հետագա պայմանավորվածությանը:

Խմբի ադիմիներից մեկը օրեր առաջ  գրեց, որ իր հաշվարկներով խմբի միջոցով 25 լրագրող աշխատանք է գտնել, մեծ մասն էլ համատեղությամբ է մեդիայում աշխատում, թեև թիվը կարող է ավելի մեծ լինել:

Մայիսի 1-13-ից ընկած ժամանակահատվածում լրագրող աշխատակից են փնտրել Iravaban.net-ը, ՍիվիլՆեթը, Tert.am-ը, Ամփոփ մեդիան, Արմնյուզ և Կենտրոն հեռուստաընկերությունները, այլ լրատվամիջոցներ:

Իսկ ամենահետաքրքիրն, իհարկե, ԱԺ վիդեո մոնտաժողի հայտարարությունն է, հայտարարության մեջ նշված է, որ կարող են դիմել նաև ուսանողները, քանի որ աշխատանքը միայն ԱԺ նիստերի օրերին է: Վճարումն օրավարձով: Միակ դեպքը, երբ խոսվում է վճարման մասին:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *