Ռոբերտ Քոչարյանը դատարանում հայտարարել էր, որ 2008 թվականի մարտի 1-ին հայտարարած դրության արդյունքում սահմանափակվել է միայն 32 հեռուստաընկերություններից 9-ի, 39 թերթից 15-ի աշխատանքը, ինտերնետի սահմանափակում էլ չի եղել։
Քոչարյանի մարտի 1-ի հրամանագիրը մինչև մարտի 20-ը Երևան քաղաքում արտակարգ դրություն էր սահմանում։ Արտակարգ դրության պահանջներից մեկն այն էր, որ ԶԼՄ-ներն այդ օրերին տեղի ունեցած և հետագա գործընթացների վերաբերյալ պարտավոր են ներկայացնել միմիայն պաշտոնական տեղեկատվություն։
2008-ի մարտի 5-ին ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանի ներկայացրած պաշտոնական տեղեկատվությունը հետևյալն էր․ «Ոստիկանների կողմից ոչ մի կրակոց չի եղել։ Նրանք հրազեն չեն կիրառել»։ Դատախազ Հակոբ Ղարախանյանը պատմում էր, թե ինչպես էին կրակում ոստիկանների վրա, իսկ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը պնդում, որ կադրերը, որտեղ հինգ զինված անձինք Մաշտոցի պողոտայում կրակոցներ են արձակում, մոնտաժված են։ Սա էր պաշտոնական լրահոսը, որը հերքելու կամ մեկնաբանելու հնարավորությունից լրատվամիջոցները զրկված էին։
Այդ օրերին խմբագրություններ էին այցելում իրավապահ կառույցների աշխատակիցներ և խմբագիրներին հուշում, թե ինչպես աշխատել։
Թերթերի մի մասն իրոք հարմարվեց արտակարգ դրության պայմաններին ու շարունակեց հրատարակվել։ Դրանցից մեկը «Հայոց աշխարհ» օրաթերթն է։ Դեպքերին հաջորդող երեքշաբթի օրը՝ մարտի 4-ից, թերթը սովորական ռեժիմով հրատարակվում էր։
Տեղի ունեցածը «Հայոց աշխարհը» ընթերցողներին մատուցում է որպես ընդդիմության կողմից հրահրված անկարգություններ։ «Տեր Պետրոսյանը պետք է պատասխան տա արածի համար», «Պետք է պատասխան տան մարդիկ, որոնք զինել էին ամբոխին ինչպես հրազենով, այնպես էլ մահակներով ու մետաղե ձողերով»։ Այս տեքստը տպագրված է «տեսակետ» խորագրի ներքո։
Թերթում ՀՅԴ մամլո խոսնակ Սպարտակ Սեյրանյանն ասում է, որ տեղի ունեցածը պետական հեղաշրջման փորձ էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, իսկ ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը՝ «հայը կրակեց հայ զինվորի վրա»։
«Հայոց աշխարհը» ծավալուն հոդվածով պարզաբանել է նաև, թե ինչ չեն կարող անել ԶԼՄ-ները արտակարգ դրության պայմաններում։ Թերթը մեկնաբանություններ է վերցրել արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանից։ «ԶԼՄ-ների մասին օրենքը այսպես թե այնպես սահմանում է, որ ստացված տեղեկատվությունը պետք է ճշտվի պաշտոնական աղբյուրներից։ Արտակարգ դրության դեպքում պաշտոնական կառույցը կարող է սահմանափակել լրատվամիջոցի այնպիսի տեղեկատվության տարածումը, որը չի համապատասխանում նույն այդ չափանիշներին։ Ընդգծեմ, որ պաշտոնական տեղեկատվությունը պետք է ներկայացվի առանց սեփական լրացուցիչ մեկնաբանությունների»,- ասում է Դանիելյանը։
Արդեն մարտի 8-ին, ամսի 1-2-ի սարսափը ցրելու համար, «Հայոց աշխարհը» մեծ լուսանկար է հրապարակում, որտեղ զինվոր է և կին։ «Շատ արտակարգ դրություն»,- հեգնում է թերթը։
«168 ժամ» թերթը տպագրվել է մարտի 15-ից, առանց վերլուծականների և որակումների։
«Հաշվի առնելով արտակարգ դրությունը և ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումները՝ զերծ ենք մնում մեկնաբանություններից և չճշտված տեղեկություններ հրապարակելուց»,- գրում է թերթի լրագրող Բաբկեն Թունյանը, հոդվածում ներկայացնելով որոշ մտքեր՝ հղում անելով աղբյուրներին։
«Ազգ» օրաթերթը ընդունել է արտակարգ դրության պահանջներն ու մարտի 4-ի համարը զարդարել այս լուսանկարով՝ «Պետք է միշտ սափրված լինել»։
Տպվող լրատվամիջոցներում չկան զոհերի ու նրանց ընտանիքների մասին պատմություններ։
Փոխարենը «Ազգ»-ն իր առաջին էջի կենտրոնում լուրեր է տեղադրել, ինչպիսին, օրինակ, Երևանի հիմնադրման 2790-ամյակը նշելու մասին տեղեկությունն է։
Օրաթերթը «Լույս տեսնող և չտեսնող թերթեր» հոդվածում նշում է, որ լույս է տեսնելու սահմանափակ տեղեկատվությամբ։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը նույնպես լավ բաներից է խոսում՝ տեղի ունեցածը դեռ չմարսած։ «Իրավիճակը հանգիստ է և վերահսկելի»,- ավետիս է անում թերթը մարտի 4-ի համարում։ Մարտի 5-ի համարի առաջնորդողի հիմնական ասելիքն է՝ «Եկել է գարունը վայելելու ժամանակը»։ «Վերադարձ բնականոն կյանքի»՝ սա արդեն հաջորդ համարի գլխավոր ասելիքն է։ Երևում է, որ պաշտոնաթերթը շտապում է ցրել մութ տրամադրությունները։
Այսպիսին էր մամուլը 2008-ի արտակարգ դրության օրերին։
Գագիկ Աղբալյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: