Վերջին մեկ տարվա ընթացքում համեմատած նախորդ տարվա ցուցանիշի մամուլը Հայաստանում ավելի ազատ է։
Այս տվյալը «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության օրերս հրապարակած Մամուլի ազատության ինդեքսից է։
2018 թվականի արդյունքներով Հայաստանը 19 կետով առաջընթաց է գրանցել` 2017-ի 80-րդ տեղից բարձրանալով 61-րդ հորիզոնական։
Արձագանքներ
Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքեց այս արդյունքին․ «Սա, ըստ էության, միջազգային արձանագրումն է իմ այն պնդման, թե Հայաստանում մամուլը երբեք ավելի ազատ չի եղել, քան այսօր»:
Նաև ասաց, թե կդիտարկեն կազմակերպության բարձրացրած հարցերը, մտահոգությունները, առաջարկները ու հայտարարեց․ «Կասկած չկա, որ մամուլի ազատության առումով, ինչպես մյուս ոլորտներում, Հայաստանը շարունակելու է իր առաջընթացը»:
Մամուլի ազատության այս վարկանշային արդյունքին անդրադարձավ նաև Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
Medialab.am-ին տված հարցազրույցում նա ասում է․ «Լավ է, որ այդ կառույցների սանդղակում Հայաստանն առաջընթաց է գրանցում, այլ խնդիր է, թե որքանո՛վ է դա իրականությանը համապատասխանում»:
Սաթիկ Սեյրանյանը, «վերլուծելով այդ զեկույցը», կարծիք է հայտնում, թե ինչ տվյալների հիման վրա է այս ցուցանիշը գրանցվել․ «Դա արձանագրվել է այն բանի հիման վրա, թե այս կամ այն միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող հայաստանյան կազմակերպությունները ինչպես են իրենց զեկույցներում ներկայացնում երկրում տիրող իրավիճակը»,- ասում է նա:
Սակայն «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության կայքում այլ տեղեկություն ենք գտնում։
Ինչ է ասում պաշտոնական աղբյուրը
Կազմակերպության կայքում տեղադրված է ինդեքսի կազմման ամբողջ մեթոդաբանությունը։
Ըստ հրապարակված տեղեկության, Մամուլի ազատության ինդեքսը կազմվում է 180 երկրի համար։ Զեկույցի հիմքում կազմակերպության մշակած 87 հարցանի հարցաթերթիկի արդյունքներն են։ Դրանք լրացնում են կազմակերպության կողմից ընտրված փորձագետները՝ մեդիա մասնագետներ, իրավաբաններ, սոցիոլոգներ։
Վերջնական արդյունքերի համար դիտարկվում են նաև գնահատման շրջանում լրագրողների հանդեպ վիրավորանքների և բռնության՝ կազմակերպության հավաքագրած տվյալները։
Հայաստանից, այս կազմակերպության հետ համագործակցում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։
Նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր մեթոդաբանության հղումը և գրել․ «Բոլոր նրանք, ովքեր Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության 2018-ի տվյալների անաչառությանը թերահավատությամբ են վերաբերվում, կարող են կարդալ ու պատկերացնել, թե ինչ բազմաշերտ մեթոդոլոգիայով է կազմվում ամեն տարի Մամուլի ազատության Ինդեքսը»։
«Լրագրողներ առանց սահմանների»-ի կայքը հասանելի է մի քանի լեզուներով, իսկ մեթոդաբանության հատվածը՝ նաև ռուսերեն։
Մի քիչ ավել ինդեքսի մասին
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Մամուլի ազատության ինդեքսը հրապարակում է ամեն տարի՝ սկսած 2002 թվից։
Ըստ կազմակերպությանն հրապարած տեղեկության, կառավարությունների վրա ինդեքսի թողած ազդեցությունը գնալով աճում է։ Շատ երկրների ղեկավարները, կառավարությունները անհանգստանում են տարեկան հրապարակումների համար։
Ինդեքսին հղում են անում տարբեր լրատվամիջոցներ ամբողջ աշխարհից, այն նաև օգտագործում են դիվանագետներ և միջազգային կազմակերպություններ, ինչպես օրինակ ՄԱԿ-ը, Համաշխարհային բանկը։
Ի դեպ, համաձայն այս ինդեքսի, Հայաստանում մամուլի ազատության ամենավատ ցուցանիշը գրանցվել է 2008 թվին՝ 111-րդ հորիզոնական, իսկ 2017-ին՝ 2016-ի համեմատ հետընթաց է եղել 5 հորիզոնականով՝ 74-ից իջնելով 79-րդ տեղ։
Ստացվում է
Հասանելի աղբյուրները մեզ թույլ են տալիս եզրակացնել, որ «Լրագրողներ առանց սահմանների»-ին մամուլի ազատության ինդեքսը որոշում է ոչ թե տեղական կազմակերպությունների զեկույցների և հայտարարությունների, այլ ընտրված փորձագետների, հատուկ հարցաթերթիկից ստացված և հավաքագրած տվյալների հիման վրա։
Արշալույս Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: