2019.04.05,

Քննադատ

100 տարվա մենության 50 տարվա լռությունը

author_posts/karen-avetisyan
Կարեն Ավետիսյան

Lրագրող, կինոքննադատ

Հազվադեպ է մեկ լուրի հաջողվում մեդիայի և սոցցանցերի դեղնասև ժապավեններում գրավել իր երևացող և մրցակցային տեղը:

Այդպիսի լուր էր, որ գրքի հրատարակումից շուրջ կես դար անց ամենայն հավանականությամբ էկրաններին կհայտնվի 20-րդ դարի ամենահայտնի չէկրանավորված գրական կոթողը՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենությունը»։

Թվում է, թե Մարկեսի «մենության տարիներից» էլ երկար գոյություն ունեցող կինեմատոգրաֆը ֆիլմ է դարձրել հնարավոր ու անհնարին գրականությունը՝ Պրուստի «Կորսված ժամանակի որոնումներից» մինչև Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան», Ջոյսի «Ուլիսից» մինչև Ֆոլքներ, Վիրջինիա Վուլֆ կամ, ասենք, Ստրուգացկի եղբայրներ:

Ստրուգացկի կրտսերը՝ Բորիսը, փորձելով բացատրել, թե ինչու են իրենց 30-ից ավելի ստեղծագործություններից էկրանավորվել ընդամենը 10-ը, ասում էր, որ ընդհանրապես կինոյում առավել հաջողակ են ստացվում միջակ գրքերի էկրանավորումները, իսկ լավերի դեպքում՝ միայն օրիգինալից գիտակցաբար շեղվելու գրեթե պարտադիր պայմանով:

Չէ՞ որ կինոյի և գրականության արտահայտչաձևերը խիստ տարբեր են․ գրականությունը աբստրակտ է, կինոն՝ ավելի կոնկրետ։

Արդյունքում՝ անգամ ռեժիսորների համար ամենակուլ Սթիվեն Քինգի «Մութ աշտարակ» (The Dark Tower) վիպաշարը ունեցավ էկրանավորման հետ կապված բազմաթիվ խնդիրներ՝ ելնելով տարբեր տարօրինակ աշխարհների, տարածությունների և ժամանակների մեջ տարալուծման դժվար լուծելի հիմնախնդրից։

Դեռևս չի ստացվել տեղափոխել էկրաններ Վլադիմիր Նաբոկովի «Դալուկ բոցը» (Бледное пламя), որտեղ բուն պատումի և ծանոթագրությունների ընթերցման հերթականությունից կախված է հընթացս ընկալման աստիճանը։

Դեյվիդ Ֆոսթեր Ուոլեսի «Անվերջ կատակը» (Infinite Jest) պարունակում է 338 հերոս, որոնց մտապահելու համար գրողը գործի է դրել ոչ միայն ծանոթագրությունները, այլ ծանոթագրությունների ծանոթագրությունները։

Ամերիկյան տպագիր թերթերի պահոցի (American Newspaper Repository) հիմնադիր, ժամանակակից ամենատարօրինակ գրողներից Նիքոլսոն Բեյքերի «Վերնահարկ» (The Mezzanine) վեպի ամբողջ գարծողությունները ծավալվում են շարժասանդուղքի վրա, իսկ վեպը ըստ էության՝ պատմողի մտորումներն են։

Օրինակները շատ են, իսկ Մարկեսի «100 տարվա մենությունը» ինչ-որ տեղ հանդիսանում է այդ անհնարության խորհրդանիշներից մեկը ոչ միայն այն պատճառով, որ տոհմի սերնդափոխությունները ճառագայթում են անվերջ շառավիղներ, իսկ իրականության ու ցնորքի սահմանագիծը ջնջված է Գաբոյի մոգական ռետինով, այլ նաև այն հողեղեն ու պրագմատիկ պատճառով, ըստ որի՝ հեղինակը ատամներով պահում էր թույլտվության իրավունքը անառիկ դարպասի բանալու պես։

Չնայած մի քանի անհաջող կամ անուղղակի փորձեր այնուամնայնիվ եղել են։

Օրինակ, 1984-ին, խուսափելով իրավունքի ձեռքբերման զրոյական շանսերից, ճապոնացի ռեժիսոր-ավանգարդիստ, բանաստեղծ Սյուջի Տերայաման «Մենության» մոտիվներով նկարահանեց «Հրաժեշտ տապանին» ֆիլմը, որը ներառվեց Կաննի կինոփառատոնի մրցույթային ծրագրում, բայց այդպես էլ ամբողջությամբ չասոցացվեց ստեղծագործության հետ։

Հռչակավոր, իսկ հետո նաև տխրահռչակ Հարվի Վայնշտայնը անձամբ ծանոթ լինելով գրողի հետ (Մարկեսի հեղինակած սցենարով «Էրենդիրա» ֆիլմի դիստրիբուցիան իրականացրել էր Miramax-ը, որի տնօրեններից էր Հարվին) Ջուզեպպե Տորնատորեի «Սինեմա պարադիզո» ֆիլմի ցուցադրությունից հետո, տեսնելով, որ Մարկեսը գոհ է ֆիլմից, մոտեցավ գրողին`փորձելով հարմար պահը չկորցնել ու ոտքի վրա բանակցել «100 տարվա մենությունը» էկրանավորելու հարցով։

Մարկեսը կեսկատակ-կեսլուրջ դրեց հետևյալ պայմանը.

«Համաձայն եմ, եթե պարտավորվեք նկարահանել 100 սերիա, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը կլինի 2 րոպե ու կպարտավորվեք տարվա ընթացքում նկարահանել ու թողարկել միմիայն մեկ սերիա, այսինքն ամբողջ սերիալը կտևի 100 տարի»:

Սովորաբար «ուրիշներին լռեցնող» Վայնշտայնը լռեց, նախագիծն էլ բնականաբար չստացվեց` դառնալով միայն հուշ Վայնշտայնի քաղցրաշատ հիշողություններում։

Մարկեսի այդ պայմանը ժամանակակից մեդիայում կարող էր հեղափոխություն անել, քանի որ կստացվեր, որ բովանդակությունը կարելի է առավելագույնս սեղմել (տարածության մեջ) ու միաժամանակ ձգել (ժամանակի մեջ): Իսկ դա հաղորդակցության ու մեդիայի երազանքներից է:

«Կեսլուրջ» վերաբերվելով Մարկեսի «կեսկատակ» առաջարկին՝ մնում է միայն պատկերացնել, թե անկախ սերիալի որակից որքան աննախադեպ կինեմատոգրաֆիկ ու մշակութաբանական ֆենոմեն կլիներ, եթե հանկարծ այդ գաղափարը իրագործվեր:

Իսկ մենք ամբողջ տարի կսպասեինք այդ մեկ-երկու րոպեին ու կգիտակցեինք, որ կյանքում չի լինի որևէ մեկը, որը սեփական կյանքի օրոք կտեսնի ամբողջ սերիալը, չի լինի որևէ ռեժիսոր, որը կնկարահանի ամբողջ սերիալը, մեկ դերասան, որը կնկարահանվի բոլոր սերիաներում։

Եվ այսպես շարունակ Բուենդիաների պես բոլորը կգային միմյանց փոխարինելու շառավիղների այս հանճարեղ շրջապտույտում:

Անկախ որակական վայրիվերումներից` ֆիլմն իր տեսակով կլիներ միակը, որը կինոյի պանթեոնում կապրեր յուրօրինակ 100 տարվա մենության մեջ, ու միայն 100 տարի հետո կհավաքվեին ապագայի մարդիկ հատուկ եզակի ցուցադրության, որի շրջանակում հնարավորություն կունենային առաջին անգամ դիտելու ընդամենը 3 ժամ 20 րոպե տևողությամբ աշխարհում միակ անտրոպոմորֆ դարակազմիկ ֆիլմը, մի ունիկալ կինոգիտական և արվեստաբանական արտեֆակտ, որն ինքն իրենով կարտացոլեր կինոյի մեկդարյա պատմությունը՝ ոչ թե միջնորդավորված դոկումենտալ, այլ բնականոն, առավելապես հավաստի ճանապարհով ցույց տալով կինոյի թե՛ տեխնիկական, թե՛ կոնցեպտուալ ու մնացած բոլոր տեսակի զարգացումները այդ 100 տարիների ընթացքում:

Ֆիլմը կլիներ երկարաձիգ, բայց այնուամենայնիվ ավարտուն, ինչպեսև Բուենդիաների տոհմի պատմությունը:

Գաղափարն անիրական էր, բայց միևնույն ժամանակ իրատեսական, ճիշտ համապատասխանող ռեալիզմ թվացող մոգականությանը և մոգական թվացող ռեալիզմին:

Անցան տարիներ, կյանքից հեռացավ Մարկեսը, էկրանավորման իրավունքներն անցան իր որդիներին, իսկ Netflix-ը ներխուժեց յուրաքանչյուրի տուն, ունենալով ոչ միայն կոմերցիոն, այլև արվեստային հավակնություններ։

Netflix-ը փոխեց լսարանի ու հեղինակի հաղորդակցության մոդելը: Լինելով ինտերնետային հարթակ՝ ինքը սկսեց ստեղծել այն բովանդակությունը, որը բառիս նախաստեղծ իմաստով «մեդիա» է: Այսինքն, միջնորդ է կոմերցիայի ու արվեստի, դիտման ու արտադրության եղանակների, լսարանի ու հեղինակի մեջև:

Ալֆոնսո Կուարոնի իսպանալեզու «Ռոման» արդեն ապացուցեց, որ ընկերությունը պատրաստ է իսպանալեզու դանդաղ ռիթմով հեղինակային կինոն հասցնել Օսկարների:

Իսկ հիմա Netflix-ի շնորհիվ Մարկեսի պատումին ամենահամապատասխան ձևաչափը՝ «սերիալը», որը վաղուց արդեն ձերբազատվել է «օճառային օպերա» կարգավիճակից, փորձում է իր հավասարազոր տեղը գտնել կինոարվեստի պատվանդանին։

Լավ կինոն երբեք այսքան հասանելի չի եղել, քան հիմա է: Միգուցե նաև այն բանի շնորհիվ, որ օնլայն կինոթատրոնները մրցակցում են հանուն բովանդակության:

Ուստի կանխավ հստակ է, թե որն է առաջիկայում ամենասպասված կինոարտադրանքը, քանի որ այդ ընթացքում ով էլ ինչ նկարահանի, չի լինի ավելի մեծ սպասելիք, քան «100 տարվա մենություն» վեպի օնլայն սերիալի տարբերակը:

Կարեն Ավետիսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *