2019.03.23,

Ստուգված է

Ինչո՞ւ կոմունիստներն ու ազգայանականները Հայաստանում խանգարեցին Բելինգքեթի դասընթացը

Երևանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում 2019թ․ մարտի 7-9-ը կայացավ բաց տվյալներով հետաքննություններով զբաղվող Բելինգքեթ հարթակի դասընթացը, որը տրամադրում է բոլորին հասանելի տվյալներից օգտվելու գործիքներ և սովորեցնում դրանք արդյունավետ կիրառել։

Երևանում դասընթացին մասնակցում էին լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղրղստանից և Տաջիկստանից։

Դասընթացը՝ «հակապետական, հակահայկական, հակաարցախյան» որակումներով  խոչընդոտելու փորձ արեցին հայ կոմունիստներն ու հայ ազգայնականները։

Ես որպես դասընթացին մասնակցող ֆրիլանս լրագրող դարձա այդ դեպքերի ականատեսը։

Դեպքերի ժամանակագրությունը

Մարտի 7-ի առավոտյան դասընթացին ներկա էր նաև news.am-ի լրագրողը։ Բոլորս ներկայացանք, ինչի ընթացքում պարզվեց, որ լրագրողը եկել է միջոցառմանը ոչ թե մասնակցելու, այլ լուսաբանելու նպատակով։

Դասընթացների լուսաբանումը միջազգային պրակտիկայում չի խրախուսվում մի քանի պատճառներով, դրանցից մեկն այն է, որ Բելինգքեթը նույն և նմանատիպ դասընթացներ անցկացնում է նաև վճարովի հիմունքներով։ Լրագրողը կազմակերպչից խնդրեց օրակարգը ստացավ և գնաց։

Չանցած մեկ ժամ պարզվեց, որ կոմունիստները հավաքվել են հյուրանոցի դիմաց  և բոյկոտում են դասընթացը։ Նրանց պաստառների վրա գրված էին «ոչ հակառուսական պրովոկացիաներին» և «Soros, go home»։

Երեկոյան, արդեն դասընթացի ավարտից հետո, երբ դուրս եկանք սրահից, մեզ դիմավորեցին ինչ-որ անձինք արդեն միացված տեսախցիկներով։ Նրանք, առանց ներկայանալու ու թույլատվության, տեսանկարահանեցին դասընթացի մասնակիցներին։ Շուրջ հինգ րոպե հետ նկարահանողները ներկայացան իբրև «Կամք» նախաձեռնության անդամներ։

Նախաձեռնության ներկայացուցիչ Վահագն Չախալյանը տեսագրությունները տեղադրեց իր Ֆեյսբուքի էջում՝ գրելով թե Երևանում հակահայկական քարոզչություն է արվում։

Դավադրության տեսություն և փաստեր

Չախալյանը Բելինգքեթի դասընթացի մասին դավադրության տեսություն հրապարակեց։ Նրա հարցադրումներն էին՝ ինչու է դասըթնացը անցկացվում Կոնգրես հյուրանոցում, ինչու է իրենց այցի մասին գրել politik.am կայքը` և որ դասընթացը կապ ունի «հողերը հանձնելու» հետ։  

1. Ինչու՞ Կոնգրես հյուրանոցում։

Ինչպես ինձ տեղեկացրեց դասըթացի կազմակերպիչներից Նարինե Խաչատրյանը դասընթացը Կոնգրես հյուրանոցում անցկացվում է արդեն երրորդ անգամ։ Դահլիճը ուղղակի հարմար է նման դասընթացների համար։

2. Ինչու՞ այս մասին գրեց politik.am-ը և օրինակ ոչ այլ լրատվամիջոց։

Դասընթացի վայրում ես նկարահանում էի «Կամք»-ի անդամների գործողությունները և տեսանյութը հրապարակեցի իմ ֆեսյբուքյան էջում՝ խնդրելով լրատվամիջոցների ուշադրությունը։

Արագ արձագանք ստացա միայն politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիից և նրան պատմեցի տեղի ունեցածը։ Ընդմանեը այդքանը։ Այլ կապ politik.am-ի հետ չկա։

3. Ինչպե՞ս լրագրողները «հող հանձնեցին» և ինչու՞ չէր հրապարակվում «գաղտնի» օրակարգը։

Մասնակիցների անվտագությունը երաշխավորելու համար մեր պահանջով խստացվեց հյուրանոցի անվտանգությունը և ընդհանուր որոշում կայացվեց պարզաբանումներ տալ միայն դասընթացի ավարտից հետո։

Չախալյանի ֆեյսբուքյան գրառումները հայտնվեցին նաև նրանց նախաձեռնության էջում։ Չախալյանը և ընկերները պահանջում էին դասընթացի անցկացման օրակարգը, չունենալով այն հրապարակելու որևէ պարտավորություն, Բելինգքեթի դասընթացավար Այգանուշ Աիդարբեկովան այն հրապարակեց Չախալյանի էջում։

Բելինգքեթի երևանյան դասընթացը տրամադրում էր բաց տվյալների միջոցով հետաքննություններ անցկացնելու գործիքներ, որոնք օգնում են ստուգել, լրացնել ու վերստուգել փաստերը։

Օրինակ, թե ինչպես կարելի է որոնողական քարտեզների միջոցով գտնել իրադարձության վայրերը։

Ինչպես առանց նկարագրությունների և հրապարակված լուսանկարների նույնականացնել դեպքերի վայրերն ու դրանց ժամանակացույցը։

Դասընթացի օրակարգը հնարավոր է ներբեռնել և տեսնել, որ Չախալյանի պնդումներն անհիմն են։ Բելինգքեթը բազմաթիվ երկրներում է անցկացրել ու անցկացնում դասընթացներ, որոնց օրակարգը գրեթե նույնն է։

Դասընթացը ոչ մի կապ չունի ղարաբաղյան հակամարտության հետ։ Դասընթացի օրակարգն ու բովանդակությունը հիմնված է փաստերի ստուգման վրա, և այն «հակապետական, հակահայկական, հակաարցախյան» որակելը որևէ հիմք չունի։

Նախաձեռնության ներկայացուցիչներից մեկը Սմբատ Ղահրամանյանը, որը եղել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդու Ռոբերտ Սարգսյանի օգնականը, գրեց որ եթե սխալվում են, ապա ներողություն կխնդրեն ինչն այդպես էլ չարեցին նույնիսկ օրակարգը հրապարակելուց հետո, ինչպես նաև չմեկնաբանեցին օրակարգը։

«Կամք»-ի գործունեության հիմնական նշանակակետներնը արևմուտքից ֆինանսավորովող միջոցառումներն ու  կառույցներն են։

Նախաձեռնության ֆեյսբուքյան էջը ստեղծվել է անցյալ տարվա հոկտեմբերի վերջին։ Էջում «Կամքը» գրում է իր միջոցառումների, հանրահավաքների և մերժման ենթակա թեմաների մասին։

«Մեզ նաև խիստ մտահոգում է Հայաստանում հայկական ավանդական արժեքների դեմ կազմակերպված և գնալով ահագնացող արշավը։ Ուստի հայտարարում ենք, որ բոլոր օրինական միջոցներով պայքարելու ենք Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ոտնձգությունների դեմ։ Կոչ ենք անում միանալ և սատարել մեզ՝ միասին պայքարելու նման բացասական երևույթների դեմ»։ Սա մեջբերում է նախաձեռնության առաջին ֆեյսբուքյան գրառումից։

Նույն օրը մերժման թիրախ դարձած Հայաստանում նախկին ԱՄՆ դեպսան Ռիչարդ Միլսի հայտարարությունն է մեկնաբանվել այս վերնագրով «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»- Ռիչարդ Միլզ»։

Նախաձեռնությունն իրեն ներկայացնում է իբրև քաղաքացիական հասարակության մաս։

Մարտի 13-ին նրանք ֆեյսբուքյան գրառմամբ դիմել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ՝ «քննարկելու՝ ՀՀ Ազգային Ժողովում «քաղաքացիական հասարակություն-ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» միջոցառման շրջանակներում Կանանց ռեսուրսային ՀԿ-ի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանի 2019թ. մարտի 8-ին ունեցած ելույթը»։ Մինչև այս նամակը նախաձեռնությունը հասցրել էր «մերժել»  «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ղեկավար Լարա Ահարոնյանին, որն ավելի վաղ խոսել էր կանանց իրավունքների մասին նշելով նաև նրանց գենդերային ու սեռական կողմնորոշումները։  Նրա դեմ արշավի ընթացքում, Չախալյանը բռնության կոչ էր արել և նույնիսկ պարգևավճար խոստացել։

Վահագն Չախալյանը դեռ 2008-ին Վրաստանում ձերբակալվել էր «Միասնական Ջավախք» նախաձեռնության գործողությունների շրջանակներում, այնուհետև համաներմամբ ազատ արձակվել։ 2006-ին նա ձերբակալվել էր Հայաստանի սահամանն ապօրինի հատելու փորձի մեղադրանքով։

Անի Մեջլումյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *