ՀՌՀ նորընտիր նախագահ Տիգրան Հակոբյանը այսօր ասել է, որ Հայաստանում հեռուստաընկերությունների գովազդային բյուջեն երկու անգամ նվազել է։ Ըստ Հակոբյանի, եթե 2013-ին ամբողջ գովազդային բյուջեն մինչև 38 մլն ԱՄՆ դոլար էր, ապա անցած տարի տարբեր չափումներով կազմել է 15-17 մլն դոլար:
Նա առաջարկում է հանրության համար օգտակար հաղորդումներ ստեղծելու համար պետական բյուջեից գումարներ հատկացնել մասնավոր հեռուստաընկերություններին․
«Կարևոր է հանրօգուտ հաղորդումների ստեղծումը: Եթերում հավասարակշռություն պահելու համար հանրօգուտ հաղորդումների համար պետք է պետպատվերների ֆոնդ ստեղծել»։
Այս գործում նա կարևորում է հայերեն բովանդակության ավելացումն ու նախարարությունների հետ համագործակցությունը:
ՀՌՀ նախագահը կարծում է, որ նախարարություններն ամեն տարվա բյուջեով կարող են նպաստել կրթական, սոցիալական, մշակութային, անվտանգության հեռուստատեսային արտադրանքի ստեղծմանը:
Իսկ մարտի 6-ին Հանրային հեռուստառադիոխորհրդի նոր նախագահի ընտրության համար մրցույթ է հայտարարվելու: Տիգրան Հակոբյանն ասաց, որ նոր իշխանությունները չեն խառնվում իրենց գործերին, և իրեն ոչ ոք չի զանգում.
«Դաբրոների կարգավորման ժամանակը կարծում եմ անցյալում է: Համոզված եմ, այս մրցույթը ընթանալու է խորը, շատ կոշտ մրցակցության պայմաններում, և կընտրվի այն անձը և այն ծրագիրը, որը կփորձի ավելի արդիականցել և իր նպատակին ծառայեցնել հանրային հեռուստաընկերությունը»:
Նա նշեց, որ ծրագրային փաթեթները բաց կլինեն հանրության համար և խնդրեց ոմանց «պարտությունը չդարձնել շահարկման առարկա»:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: