Հայկական մամուլի արխիվը վկայում է, որ իշխանությունների՝ պետության հաշվին շռայլություններ թույլ տալու թեման արդիական է եղել նաև նախորդ դարասկզբին:
Խնդիրն այնքան հրատապ է եղել, որ «Երեսներս դեպի գյուղը», «Վերջ անգրագիտությանը» կարգախոսներին ավելացավ «Խնայողության ռեժիմ»-ը: Պետական մակարդակով հռչակվեց կառավարման համակարգի օպտիմալացման և խնայողության ռեժիմին անցնելու մասին:
Ահա, ինչպես է արձագանքում այս կարգախոսին ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ը՝ ներկայացնելով «խորհրդային լայն ու խճճված հիմնարկությունների ու պաշտոնների կրճատման և կանոնակարգման» խնդիրը.
«Խորհրդային պետական մեքենան մի վիթխարի բան է՝ անհաշիւ պաշտօնեաներով. մանավանդ խոշոր է «պատասխանատու պաշտօնեաներու» թիւը, որոնք ստանում են ահռելի ռոճիկներ»:
Վե՞րջ տվեց անմիտ շռայլումներին «խնայողական ռեժիմին» անցնելը: Թերթը տալիս է պատասխանը. «Ո՛չ, իհարկե: Ոչ մի պատասխանատու պաշտօն չկրճատվեց, ոչ ոքի ռոճիկը չպակասեցւեց: Գործից հեռացւեցին միայն մի շարք ստորադաս պաշտօնեաներ՝ գործաւարներ, մեքենագիրներ, ցրիչներ, բանւորներ, որոնց հեռացւելը առանձին ազդեցութիւն չի անի պետական ծախսերի վրա, բայց աւելի ևս կը նպաստե երկրի աղքատացման և կարիքի ծաւալման»:
Օպտիմալացումը օպտիմալ չկազմակերպելու պատճառով «չաղ-չաղ ռոճիկներ ստացող անթիւ և անհամար պօրտֆելավորների բանակը շարունակում է մնալ իր աթոռների վրա և խժռել պետական հասոյթները»: («Դրօշակ», 1927, N 11-12):
Խորհրդային ղեկավարների՝ խնայողության ռեժիմին անցնելու մասին ամենահամարձակը գրում էր ՀՅԴ պաշտոնաթերթը, քանի որ տպվելով Փարիզում, «փամփուշտից» անվտանգ հեռավորության վրա էր:
Ահա խնայողության ռեժիմին անցած չինովնիկների «ասկետ» կյանքի նկարագրությունը.
«Շաբաթ չի անցնում, որ կօմունիստ պարագլուխներն՝ իրենց կանանց հետ, աւտօմօբիլներով գիշերային զբօսանք չկատարեն դեպի այս կամ այն սովխոզը և մինչեը առավօտ չթաւալւեն զեխութեան և արբեցողութեան մեջ՝ սպառելով և փչացնելով պետական մթերքը, պտուղները, բոյսերն ու տունկերը: Ա՞յս է խնայողական ռեժիմը» (նույն տեղում):
Պետության ունեցվածքի հանդեպ ոտնձգությունը նկատում ու ֆիքսում էին նաև պաշտոնական լրատվամիջոցները: Սակայն նրանց դեպքում թիրախում ոչ թե բարձրաստիճան կոմունիստներն էին, այլ շարքայինները.
«Բամբակազտիչ N 2 գործարանի շոֆերը գործարանից բանվորներին տեղափոխելու համար մեկնումից երկու ժամ առաջ ավտոմոբիլը խոդ է տալիս, ու իզուր բենզին է գործադրվում, որի կարիքը չկա» («Խորհրդային Հայաստան», 1927, ապրիլի 1):
Պետական ու անձնական խնայողության թեմայով հոդվածներ տպվում էին գրեթե թերթերի բոլոր համարներում:
«Խնայողության ռեժիմ» հոդվածում նշված է, թե ինչ է հասկանում իշխանությունը՝ խնայողություն ասելով.
«Մեր տնտեսական, վարչական ու մյուս բոլոր հաստատությունները (պետք է-խմբ) նախորոշեն մի շարք այնպիսի ծախսեր, վորոնց կարելի է կրճատել՝ չվատթարացնելով բանվորների, ծառայողների դրությունը»:
Ըստ թերթի՝ քաղաքացիները խնայողական ռեժիմ պետք է ակնկալեն ոչ միայն իշխանություններից, այլև իրենք էլ խնայող լինեն կենցաղում.
«Եթե որևէ բան խանգարում է խնայողության ռեժիմին, մի կողմից՝ արբեցողությունն է, մյուս կողմից՝ ծխախոտ ծխելը: Ցավը այն չէ, որ շնորհիվ արբեցողության և ծխելուն վատնվում է և օդը բաց թողնվում հասարակական ու մասնավոր ստացվածքը: Շնորհիվ դրանց՝ ընկնում է աշխատանքի բեղմնավորությունը, նրա արտադրական ույժը» («Մարտակոչ», 1926, N 120):
Սա էլ՝ օրինակը. «Քաղաքացի Խաչատրյանը Քոլագերանին ժառանգություն է մնացել դաշնակ փափախավորներից: Բառիս բուն իմաստով՝ նա ահի է ենթարկել այդ կայարանի աշխատավորներին: Օր չի լինում, որ հարբած դրության մեջ դեբոշ չսարքի և ներս ընկնելով կայարանի գրասենյակը՝ իր լպիրշ հայհոյանքներով չվիրավորի այս կամ այն աշխատակցին»:
Պետական միջոցների վատնման մասին կոնկրետ օրինակները շատ են.
«Մաքսատան վարիչ 22 տարեկան մի երիտասարդ կօմունիստ ընկ. Բենիկը, «չբավականանալով» պատասխանատուի հիմնական ռոճիկով՝ կատարում է պարբերական յուրացումներ, վատնում է խոշոր գումարներ գիշերային շռայլ ընթրիքների, ամառանոցային ցոփ կեանքի վրա: «Հայպետառ»-ի հաշվին փոխարինաբար ստանում է 3.500 ր. (ռուբլի-խմբ.)՝ տալով համապատասխան մուրհակ, բայց գումարը չի մտցնում հիմնարկութեան մատյանների մեջ և վատնում է: Իր՝ կոմունիստի հանգամանքը միջոց է տալիս նրան խարդախելու, գողանալու և միշտ անպատիժ մնալու, մինչև որ «քարերն էլ սկսում են բողոքել», և «արդարադատությութւնը» ուշադրութւն է դարձնում դրա վրա»:
Ահա մեկ այլ օրինակ.
«Սոցբաժնի վարիչ Ֆոլեանը, վատնում է պետական գումարներից 1500 ր., այն էլ՝ ի՞նչ դրամ՝ աղքատներին, անկարներին, հաշմանդամներին յատկացուած միջոցներից: Նպաստ ստացողներին դրամ բաժանելիս ստացականների, տետրի արմատում գրում է աւելի մեծ գումարներ, իսկ կտրոնում՝ հասանելիքը, և տարբերությունը գրպանն է դնում: Ի վերճոյ, զեղծումը բացւում է, և խորհրդային «արդարադութիւնը» Ֆօլեանին ազատ է արձակում՝ նկատի առնելով նրա կօմունիստական ստաժը («Դրօշակ», 1927, N 12):
Տասնամյակներ անց մեր ժամանակների մասին ևս արխիվը հարուստ կլինի «խնայողության ռեժիմ»-ի և «օպտիմալացման» մասին հոդվածներով:
Լիլիթ Ավագյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: