Միգրացիան զգայուն թեմա է։ Ստացվել է այնպես, որ այլ երկրներից մարդկանց ներհոսքի մասին տեղեկությունները լրատվամիջոցներն ու սոցիալական մեդիան ավելի շատ քննարկում են բացասական կոնտեքստում: Հնդիկների՝ Հայաստան մուտքի աշխուժացումը հաստատեց դա:
Ինչպես մեդիան ուռճացրեց հնդիկների թեման
Երևանի փողոցներում հնդիկների ակտիվ անցուդարձը վաղուց էր նկատելի: Խնդրի մասին անհանգստությունները սպասելի էին, բայց ոչ ատելության երանգներով: Մի քանի օր շարունակ հնդիկները դարձան թոփ թեմա սոցիալական ցանցերում և լրատվականներում:
Միգրացիայի պետական ծառայության պետ Արմեն Ղազարյանն ասում է, որ Հայաստանում Հնդկաստանի քաղաքացիների թվի հետ կապված խնդիրն իրենք արդեն նկատել էին և սկսել կարգավորումների շուրջ աշխատել:
Համաձայն 2018թ-ի 9 ամիսների վիճակագրական տվյալների, Հնդկաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան կազմել է 21 061, ելքը՝ 18 095, մնացորդը՝ 2966: 2018թ-ին Հայաստանը կացության իրավունք է տվել Հնդկաստանի շուրջ 2000 քաղաքացիների, որոնցից շուրջ 1200 անձանց ուսման և 800-ին աշխատանքի նպատակով:
«Այս փոթորիկն իրականում առաջ բերեց մեդիան, քանի որ թվերին նայելով, պարզ է դառնում, որ տեղեկատվական աղմուկն արհեստական էր, և 2000 կացության կարգավիճակն այնպիսի ցուցանիշ չէր, որին պետք էր այդպես բուռն արձագանքել: Մեդիան սոցցանցերի խայծը բռնեց և թափ հաղորդեց թեմային»,- պարզաբանում է Արմեն Ղազարյանը:
Նրա խոսքով, առաջացած աղմուկը հիմնականում ատելության խոսք է օտարի, անծանոթի, տարբերի հանդեպ. «Իմ հարցազրույցներում շարունակ ասում եմ, որ ատելության խոսքը ոչ մի լավ բան չի տա մի ժողովրդի, որը պատմական փորձառություն ունի ատելության խոսքից տուժելու, երբ այն պարբերաբար դառնում էր ատելության գործ»:
Այդ աղմուկի մեջ իրանակությանը չհամապաստախանող տեղեկություններից մեկն էլ Հայաստանում Պակիստանի բազմաթիվ քաղաքացիների մասին լուրն էր: Խնդիրն այն է, որ Հայաստանն ու Պակիստանը չունեն դիվանագիտական հարաբերություններ։ Ավելին, Պակիստանը չի ճանաչել Հայաստան պետությունը։
Միգրացիայի պետական ծառայության պետն ասում է, որ պակիստանցիների մասսայական ներհոսքի մասին խոսակցությունները խիստ չափազանցված էին․ «Նրանք տասնյակներ են, որոնցից 4-ը ապաստան հայցողի կարգավիճակում»,-ավելացնում է նա:
Ղազարյանի մեկ այլ դիտարկմամբ, հիպերակտիվացած սոցիալական մեդիայի ժամանակներում մարդիկ ակնկալում են, որ կանոնակարգումները լինեն արագ և միանգամից, սակայն քաղաքականության տեսանկյունից պետք է վերլուծել իրավիճակը և նոր միայն մեկնաբանել:
Ըստ Միգրացիոն ծառայության պետի, այս առիթը պետք էր ճիշտ օգտագործել և հանրային առողջ, ու բաց խոսակցություն սկսել միգրացիոն խնդիրների շուրջ, որովհետև այս հարցերի շուրջ մենք նախկինում քննարկում չենք ունեցել:
Խոսելով թեմայի լուսաբանման մասին, Ղազարյանը նշում է, որ խնդիր կա տերմինաբանության հետ կապված: Հրապարակումներում խառնաշփոթ կա, պարզ չէ, ով է միգրանտը, ապաստան հայցողը, հայրենադարձը, կամավոր կամ հարկադիր վերադարձողը և այլն:
«Պետք է օգնենք լրագրողներին տերմինների և վիճակագրության հարցերում: Հենց նման դեպքերում է, որ վիճակագրությունը կարող է օգնել հասկանալ իրավիճակը: Նշեմ նաև, որ ոլորտում էլ փորձագետները շատ քիչ են, և նրանց մի մասը չի ուզում խոսել մեդիայի համար»,-ասում է պաշտոնյան:
Միգրացիան և անձնական տվյալները
Հայկական մեդիայում ամենահաճախ հանդիպող սխալը անօրինական միգրանտներին վերաբերող նյութերում անձնական տվյալների, լուսանկարների հրապարակումն է։
Այս խնդրի հետ կապված Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանն ասում է, որ մեդիայի միջոցով տպավորություն է ստեղծվում, որ անօրինական սահմանը հատած մարդն արդեն հանցագործ է, սակայն նա ընդամենը ապաստան է փնտրում՝ իր կյանքը, առողջությունը և արժանապատվությունը պաշտպանելու համար։
«Իրավունքների պաշտպանության տեսանկյունից մարդու անձնական տվյալները հրապարակելն առանց իր համաձայնության սխալ է, իսկ նման զգայուն համատեքստում՝ առավել ևս»,-ավելացնում է Եղիազարյանը:
Նրա խոսքով, միգրացիայի ճգնաժամն այսօր միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է, սակայն հաճախ ԶԼՄ-ները որոշում են հրապարակել զոհված կամ տառապող երեխաների լուսանկարներ, ինչպես՝ օրինակ, Թուրքիայի ափերին խեղդված սիրիացի Այլան Քուրդիի կամ Եմենում սովից մահացող Ամալ Հուսեյնի լուսանկարները. «այդ կերպ փորձելով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել մարդասիրական ճգնաժամերի վրա։ Կարծում եմ՝ նման հարցերին պետք է չափազանց նուրբ մոտենալ, քանի որ գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ»։
Ինչ վերաբերում է հնդիկների թեմային, կազմակերպությունը աշխատանքային միգրանտների թեման չի առանձնացնում այս ոլորտի այլ նյութերից, քանի որ էթիկայի կանոնները պետք է հավասարապես պահպանվեն միգրանտներին վերաբերող բոլոր նյութերում՝ անկախ ազգությունից, ռասսայից և քաղաքական հայացքներից։
Կարևոր նրբություններ միգրացիայի թեման լուսաբանելու համար
Հայաստանում մեդիան միգրացիայի թեման ներկայացնում է առանց վերլուծության: Նման տեսակետ է հայտնում ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի և հասարակական տեղեկատվության համակարգող Անահիտ Հայրապետյանը:
Նրա խոսքով, լուսաբանումները մնում են անավարտ՝ բազմակետերով: Նյութերում լրագրողի տեսանկյունը չի երևում, ներգրավված կազմակերպությունների փաստարկները բացակայում են:
«ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի մոտ վերջերս ակցիա էր կազմակերպվել, լրագրողը հարցազրույց էր արել փախաստականի հետ և այն թարգամանել էր մեկ այլ փախաստական: Ֆրանգմենտացված, առանց այլ կողմերի տեսակետների, լրագրողը շտապել էր հանրայնացնել այդ տկլոր հարցազրույցը»,-պատմում է մեր զրուցակիցը:
Շարունակելով օրինակի վրա ներկայացնել խնդիրը, Հայրապետյանն ասում է, որ նման հարցազրույցները հասարակությանը բազմաթիվ հարցերի առջև են կանգնեցնում. «Ի վերջո լրագրողը պետք է ունենա օբյեկտիվ նպատակ, թե ինչի համար է ինքը հարցազրույց վերցնում: Պետք է ունենա թեմայի հետ կապված նախապատմություն և վերջաբան, էլ չեմ ասում վերլուծություն»:
Մասնագետը այս թեմայով լրագրողական աշխատանքում կարևորում է լրագրողական կեցվածքն ու էթիկան, տրամադրվածությունը թեմային: Նա համոզված է, որ լրագրողը զրույցի ժամանակ պետք է վերլուծի զրուցակցի խոսքը և անհրաժեշտ դեպքում հակադրվի, քանի որ նա միայն ձայնագրիչ պահող չէ:
Հասարակությանն անտեղի լարել պետք չէ, Հայրապետյանի խոսքով, հրապակումներում hաճախ լավատեսություն չկա, մինչդեռ Հայաստանում մենք չունենք այլատյացություն. «Մեր հասարակությունը իրականում շատ բաց է համեմատած այլ հասարակությունների հետ, մարդն ուրախանում է, երբ Հայաստանում տարբեր երկրներից զբոսաշրջիկների և օտարերկրացիների է տեսնում»:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: