Մոլդովայի «Ինտերնյուս»-ի տնօրեն Կորինա Ջեփոյին երկար տարիներ աշխատել է մեդիայի, հաղորդակցության ոլորտում, ղեկավարել է մի շարք ծրագրեր:
Նրա կարծիքով, մեդիայի ոլորտում աշխարհի լրագրողների խնդիրները նույնն են:
Մոլդովայում լրագրողները հաճախ են հեռանում երկրից վարձատրության, մասնագիտական աճի և խոսքի ազատության ավելի լավ պայմաններում աշխատանք գտնելու համար: Մյուս կողմից, ըստ Ջեփոյիի, երկրում մեդիան այսօր կշիռ ունեցող հարթակ է, որին մարդիկ վստահում են և որի միջոցով ձգտում են լուծումներ գտնել:
Նա համոզված է, որ անկախ աշխատանքի վայրից՝ լրագրողը պետք է առանձնանա լսարանի հետ հետադարձ կապի ստեղծման իր օրինակով: Այսօր լսարանը հետևում և վստահում է այն մեդիա հարթակին, որտեղ ինքը որևէ կերպ ներառված է, ներկա և դերակատար է:
Լրագրողները պե՞տք է անընդհատ լսարանի հետ կապի մեջ լինեն:
Անպատճառ, պետք է արձագանքել մարդկանց մեդիա կարիքներին: Մենք Մոլդովայում լավ օրինակներ ունենք, հատկապես բլոգինգի հարթակում: Բլոգերը վերլուծում է երկրում տեղի ունեցող իրադարձությունները, նա մի քիչ ագրեսիվ է, օգտագործում է կոպիտ լեզու, նույնիսկ հայհոյում է, բայց հայտնի է մարդկանց շրջանում, հետևորդների ավելացող բանակ ունի:
Այս բլոգերը թեմաների իր օրակարգը, ներկայացնելու և փաթեթավորելու ձևը հարմարեցնում է լսարանի պահանջներին:
Եվ սա ուղիղ կապի հաջողված օրինակ է: Նախկինում մարդիկ գնում և թակում էին լրագրողների դռները, որ կոռուպցիայի, արդարադատության, անօրինականության հետ կապված այս կամ այն խնդիրը լուսաբանեին:
Իսկ ի՞նչ են անում լրագրողները: Նրանք ձևացնում են, թե անում են այն, ինչ ուզում է լսարանը: Օրինակ, տեսնելով, որ լսարանը սիրում է այդ բլոգերի ոճը, լրագրողները ինչ-որ չափով փորձում են նմանվել նրան։
Սոցիալական մեդիայի ակտիվության պայմաններում ավանդական մեդիան ի՞նչ կարող է անել:
Խորհուրդ ենք տալիս մեր լրատվամիջոցներին հասկանալ սոցիալական մեդիայի ռազմավարությունը: Այսօր բովանդակության տարածման հարթակների միջև մրցապայքար կա, հետևաբար պետք է ավելի բարձր մասնագիտացում ունենալ այնտեղ դիրքավորվելու համար:
Սոցիալական մեդիան առանձին ուղղություն է, պետք է զարգացնել և կայացնել այն:
Երբեմն ավանդական հեռուստաընկերությունները չեն հասկանում, թե ինչ է կատարվում օնլայն հարթակներում և այս մարտում կորցնում են իրենց դիրքերը:
Այստեղ կարևոր է նաև քաղաքականություն ունենալ սոցիալական մեդիայում մեկնաբանություններին արձագանքելու կամ անարձագանք թողնելու վերաբերյալ, հատկապես վիճելի, խնդրահարույց, ագրեսիվ մեկնաբանությունների դեպքում:
Օրինակ, պետք է հասկանալ` դու որպես անձ ես մեկնաբանում, լրագրող, թե կազմակերպություն, և արդյոք պետք է լսարանի հետ քննարկման մեջ մտնել և ինչ ձևաչափով:
Սա կարևոր հարց է տարբեր հարթություններում՝ ժամանակի կառավարման էֆեկտիվությունից սկսած մինչև դիրքորոշում:
Մոլդովայում կա՞ վստահություն տեղական մեդիայի հանդեպ:
Մարդիկ ընդունում են եկեղեցին, բանակը, որոշ ինստիտուտներ և հետո նոր միայն մեդիան: Ընդհանուր առմամբ, այստեղ վստահում են որոշ լրատվամիջոցների:
Եվ դա լավագույն ինդիկատորն է՝ հասկանալու մեր աշխատանքի արդյունավետությունը: Եվ մենք օգտագործում ենք այս վստահությունը և մարդկանց ասում՝ չվստահել տարբեր աղբյուրներից եկող տեղեկություններին, ստուգել և կասկածել:
Սովորեցնում ենք հասարակությանը, հատկապես երիտասարդներին, ճշտել տեղեկությունները, մտածել քննադատաբար, քանի որ Մոլդովայում, ինչպես ամբողջ աշխարհում կան մանիպուլյացիաներ, սխալ տեղեկությունների տարածում և այլն։
Այսօր առավել քան երբևէ պետք չէ հավատալ վիճակագրությանը, փաստերին և ոչ կոմպետենտ անձանց, այնպես որ մեդիագրագիտությունը մեր աշխատանքի պարտադիր մասն է:
Ռուսական քարոզչության դեմ պայքարու՞մ եք:
Դա իսկապես պայքար է, մանավանդ որ մեր կառավարությունը հակասական քաղաքականություն է վարում։
Օրինակ, արգելել են նորությունների ու քաղաքական ծրագրերի հեռարձակումը Ռուսաստանից, սակայն այդ կարգավորմանն այդքան էլ չեն հետևում։ Օգտատերերը շփոթված էին, թե ինչու են այլևս այս կամ այն բովանդակությունից զրկված։
Մեր կարծիքով, որպես միջազգային կազմակերպություն, ընդհանուր արգելափակումը այդքան էլ ճիշտ չէ, պետք է լինի դատական գործընթաց (ինչպես Բալթյան երկրներում)։
Միևնույն ժամանակ ունենք լրատվամիջոցներ, որոնք շրջանցում են սահմանափակումները, վերցնում են ինչ-որ հատվածներ ռուսական լրատվական հոսքից ու օգտագործում դրանք իրենց նյութերում: Ոչ ոք չի պատժվում դրա համար։
Մենք մի շարք մեդիա հարթակներ ճանաչել ենք կեղծ և տարբերակել, որպեսզի հասարակությունը կողմնորոշվի: Սակայն պետական մակարդակով այս հարցում անտարբերություն է, որովհետև կան ռուսական շատ ծրագրեր և մարդիկ, որոնք այստեղ աշխատում են քարոզչական նպատակներով:
Շրջանառում են կեղծ և կոնտեքստից կտրված տեղեկություններ: Այժմ մենք զբաղված ենք այդ հոսանքների դեմ պայքարով:
Ֆինանսների խնդիրը մեդիայում հաղթահարելի՞ է:
Կարծում եմ՝ մեդիայի ֆինանսական խնդիրները մի քիչ ուռճացված են:
Եկեք նայենք օրինակներին, թե ինչ լուծումներ են ժամանակի ընթացքում գտնվել լրատվամիջոցների անկախ լինելու համար: Նրանք գնացել են աղբյուրների դիվերսիֆիկացիայի:
Մեդիայի ոլորտի համար այսօր ֆոնդերի և այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրների պակաս չկա: Դրանց մի զգալի մասն էլ ի սկզբանե համարվում է անկախ, ֆինանսավորում ու ազդեցություն չի ունենում լրատվամիջոցի գործունեության վրա:
Օրինակ, Մոլդովայում գովազդային շուկան դեռ բավարար կայացած չէ և դժվար է մշտապես գովազդ ներգրավել: Եվ այլընտրանքային ֆինանսներն այստեղ անհրաժեշտություն են:
Կայացած և հաստատված լրատվամիջոցները պետք է փորձեն բաժանորդագրության մոդելը:
Օրինակ, մենք ունենք հետաքննական հարթակ՝ ziarulde de garda, որն իր եկամուտների 30 տոկոսը ստանում է օնլայն և տպագիր բաժանորդագրությունից:
Լավ տարբերակ է նաև քրաունդֆանդինգը, մենք ունենք հաջողված ծրագրեր Չեխիայում և կրկին հետաքննական լրագրության ֆորմատում: Այսինքն, այս պահին հստակ կարող ենք ասել, թե որ մեդիա հարթակները կարող են այլընտրանքային ֆինանսներ ներգրավել:
Բայց մինչ դա, մենք պետք է դուրս գանք տուփից և լայն մտածենք: Մի խոսքով, փորձարկումներ սկսենք:
Օրինակ, Ռումինիայում DoR ամսագիրը, որը սթորիթելինգի հաջողված հարթակ է, իր աշխատանքին զուգահեռ կազմակերպում է հետաքրքիր այլ միջոցառումներ, կոնֆերանսներ, որոնց համար մասնակիցները վճարում են:
Այսինքն, ամսագիրը ճիշտ մենեջմենթի շնորհիվ կարողացել է հավելյալ գումար վաստակել և փակել իր ծախսերը: Գումար ստեղծելու համար լրատվամիջոցը պետք է դուրս գա ստանդարտ թեմաներից ու մտածողությունից:
Նոր գործիքներով հնարավո՞ր է ստանդարտից դուրս գալ:
Լսարանը շատ զգայուն է, եթե որևէ մեդիայից ձանձրանում է, փոխում այն մեկ ուրիշով՝ ավելի հարմարավետով: Այսօր ավանդական բոլորը լրատվամիջոցները հարմարավետության խնդիր ունեն: Երիտասարդները կտրվել են ավանդականից և գնում են մոբայլ հարթակներ:
Մենք մեր գործընկերներին միշտ հարցնում ենք՝ որտե՞ղ են այժմ իրենք, որտեղ՞ են իրենց օգտատերերը, փնտրում են արդյո՞ք նրանց մոբայլ հարթակներում և այլն:
Մեդիա բովանդակություն սպառողը փնտրում է նոր ձևաչափեր:
Պետք է փաթեթավորել արագ մարսվող նյութերն ու դարձնել դրանք ավելի հետաքրքիր և էմոցիոնալ:
Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ զարմանալի բան պարզեցինք. տեսահոլովակները, որոնք արվել են քայլելու և զրուցելու ընթացքում, ունենում են ավելի մեծ արձագանք և ավելի շատ են դիտվում, քան այն տեսանյութերը, որոնք մասնագիտորեն ճիշտ են կառուցված և լավ ռակուրսով:
Փաստերեն հիմա լսարանի համար կարևոր է տեսնել սովորական մարդկանց կողմից արված հոլովակները, որտեղ կա շարժում և երևում են տեսադաշտի ու հետին պլանի փոփոխությունները:
Իհարկե, նման ճանապարհով ստացած տեղեկատվությունը ստուգված չէ, սակայն իր տեսքով գրավիչ սպառողի համար:
Հարցազրույցը Գայանե Ասրյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: