Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ամերիկյան «Ինտերնյուս» կազմակերպության հետ սկսում է «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագիրը:
Շարունակելով զարգացնել նոր սերնդի մեդիա գործիքների կիրառումը լրագրության ոլորտում, արձագանքելով նորարարական գաղափարներին և աջակցելով հայաստանյան լրատվամիջոցներին՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է համագործակցության:
Նպատակներ, գործընկերներ, անելիքներ
Ծրագրի նպատակներն են.
- անդրադառնալ հասարակական կարևոր խնդիրներին՝ օգտագործելով ժամանակակից լրագրության հնարավորությունները, թվային պատմությունները,
- ստեղծել մուլտիմեդիա պատմություններ նորարարական ձևաչափերի միջոցով,
- հետևել մասնագիտական էթիկայի և լրատվամիջոցի ազատության սկզբունքներին,
- ընդլայնել լսարանը,
- ընդլայնել գործընկերների շրջանակը:
Ծրագրի գործընկեր կարող են դառնալ մարզային և համապետական լրատվամիջոցներ, անկախ տեսակից (հեռուստատեսություն, ռադիո, առցանց), որոնք.
- ունեն ակտիվ առցանց ներկայություն, գործող կայք
- ինտերնետային ներգրավվածություն սոցցանցերում և այլ հարթակներում
- հետաքրքրված են սոցիալ տնտեսական, քաղաքական ու մշակութային խնդիրների լուսաբանմամբ
- պատրաստ են նորարարական և փորձարարական մոտեցումների
- կանոնավոր գործում են մեկ տարուց ավելի
Ծրագրին մասնակցելու համար հայտարարվում է մրցույթ, որի արդյունքում ընտրված լրատվամիջոցներին կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ՝ նախանշված նպատակներին հասնելու համար։
Ծրագրի մասնակիցներից ակնկալվում է.
- նոր առցանց գործիքներով և ֆորմատներով ստեղծել լրագրողական պատմություններ, հետաքննություններ, ակնարկներ կամ այլ մուլտիմեդիա բովանդակություն, որը կտարածվի «Հայաստան+» աշխատանքային խորագրով
- կանոնավոր աշխատել ծրագրի խմբագիրների/պրոդյուսերների հետ տեխնիկական և ստեղծագործական խորհրդատվություն ստանալու և կիրառելու նպատակով
- մասնակցել ծրագրի մաս կազմող դասընթացներին, անհատական խորհրդատվություններին
Մրցույթի արդյունքում կընտրվեն.
- առնվազն 4 համապետական գործընկեր
- առնվազն 5 մարզային գործընկեր
Համապետական գործընկերը մեկ դրամաշնորհի շրջանակում ստեղծում է 2 թեմատիկ մուլտիմեդիա փաթեթ, որոնցից յուրաքանչյուրը ներառում է մինչև 3 պատմություն։
Մարզային գործընկերը մեկ դրամաշնորհի շրջանակում արտադրում է 4 թեմատիկ մուլտիմեդիա փաթեթ, որոնցից յուրաքանչյուրը ներառում է մինչև 3 պատմություն։ Մարզային գործընկերները կաշխատեն երկու ուղղությամբ.
- կարտադրեն պատմություններ՝ համագործակցելով համապետական գործընկերների հետ, օգտագործելով համապետական լրատվամիջոցների թեմաները, վերափոխելով դրանք համայնքի և հանրության շահերին համապատասխան,
- կգտնեն ու կպատրաստեն նոր, սեփական թեմատիկ պատմություններ:
Պարզաբանումներ
Մեկ դրամաշնորհի չափը մինչև 2 միլիոն ՀՀ դրամ է։ Յուրաքանչյուր գործընկեր կարող է ստանալ մինչև 2 դրամաշնորհ 15 ամսվա ընթացքում։ Ծրագրի իրականացման ժամկետներն են՝ 2019թ. հունվար – 2020թ. հուլիս:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը գործընկերներին տրամադրում է խմբագրական, տեխնիկական ու ստեղծագործական աջակցություն, կազմակերպում է դասընթաց, խորհրդատվություն և խորհրդատվական այցեր (այդ թվում արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ) հետևյալ թեմաներով․
Մուլտիմեդիա գործիքներ և թվային պատմություն – ինչպես իրականացնել մրցույթում հաղթած հայտի նպատակները, ինչ ստեղծագործական և տեխնիկական մոտեցումներ օգտագործել մուլտիմեդիա արտադրանքի համար, ինչ նոր գործիքներ ու բաղադրիչներ ներառել աշխատանքում:
Բիզնես դասընթաց և խորհրդատվություն – Ինչպես ընդլայնել լսարանը, ինչպես և որ հարթակներում տարածել արտադրանքը, ինչպես գովազդ վաճառել առցանց տիրույթում:
Հրապարակումների նախնական թեմաներն են Հայաստանի սոցիալ – տնտեսական, քաղաքական, մշակութային, մարդու իրավունքների ու բնապահպանական խնդիրները, տարածաշրջանային հարցերը:
Գործընկերներն ազատ են ներկայացնել և հիմնավորել այլ թեմաներ:
Չափանիշներ, արդյունքներ
Մրցույթի արդյունքներն ամփոփելու համար կձևավորվի ոլորտի մասնագետներից բաղկացած հանձնաժողով։ Մասնակցության հայտերը կգնահատվեն ըստ ծրագրի նկարագրության, տեխնիկական և ստեղծագործական չափանիշների և առաջարկվող բյուջեի։ Հաշվի կառնվեն․
- Հայտ ներկայացրած կազմակերպության ստեղծագործական մոտեցումը, աշխատակիցների մասնագիտական որակները և դրանց համապատասխան՝ ծրագրի նպատակներն իրագործելու ներուժը:
- Նախկինում համանման հրապարակումների փորձը, որակն ու թեմաների բազմազանությունը:
- Ներկայացված առաջարկի թեմաները, իրագործման քայլերը, պատմությունների գաղափարները, հստակ ու հասկանալի բացատրությունը, ինչպես նաև օգտագործվող բաղադրիչները:
- Առաջարկվող ֆինանսական միջոցների և ժամկետների համապատասխանությունը ծրագրի բյուջեին և գործունեությանը:
Մրցույթի վերջնաժամկետը երկարացվել է մինչև 2019թ. փետրվարի 4-ը ներառյալ: Հայտերն ընդունվում են առցանց հետևյալ հղումով՝ դիմում-հայտ:
Հարցերի համար կարող եք դիմել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Արմեն Սարգսյանին՝ հեռ. 010583620, էլ փոստ. [email protected]:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: