Դեկտեմբերի տասնվեցի կիրակի օրվա առավոտը չսպասված ցնցում առաջացրեց դեռ լիովին չարթնացած ու վերջին օրերի լուրերից չազատագրված ուղեղիս մեջ:
Որպես ինձ ու մյուսներին հարգող միջին քաղաքացի, իմ առավոտը նույնպես սկսվում է դժվար բացվող աչքով լրահոս պտտելուց՝ որտեղ, ում, երբ, ինչու-ն հստակեցնելու միջին վիճակագրական կիսանորմալի պարտադիր գործողությամբ:
Անկեղծ լինելու համար պետք է անպայման ասեմ, որ երկու հազար տասնվեցի հուլիսին, հալվող ամռան մի առավոտ, երբ գործընկերս զանգեց ու հայտնեց, թե բոլորի ֆեյսբուքի հետ մի բան էն չի, ու ոստիկանության շենքը գրավել են զինված մարդիկ՝ ես հիմա հավատում եմ, որ ամենաանհուսորեն կանխատեսելի օրը կարող է ընդհատվել, ասենք տիեզերքից մի խումբ մարդկանց պաշտոնական այցով, օրինակ, Բ4 թաղամաս:
Ապա, նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրից հետո նույնպես պետք է խոստովանեմ, որ իմ իմանալով անսպասելի լուրի հանդեպ այլևս ունեմ կայուն ձևավորված իմունիտետ, և որպես մի կայացած իմունային համակարգ, այն պայքարում է էկզոգեն և էնդոգեն ծագման ցանկացած օտարածին մարմնի դեմ:
Բայց իմունիտետը երբեմն խափանվում է՝ շփոթելով սեփականն ու օտարը ու սկսում է ավերել սեփականը:
Այնպես որ լուրի դեպքում ապավինել իմունիտետին՝ կարճատեսություն է:
«Древний Египет: археологи нашли нейтронную гробницу возрастом 4400 лет»,- այս լուրը դեկտեմբերի տասնվեցի առավոտյան կարդացի ոչ թե, ասենք, Матрешка.ru կայքում, այլ BBC-ի ռուսական լուրերում:
Թարգմանաբար այն հնչում է այսպես. «Հին Եգիպտոս. Հնագետները 4400 տարվա նեյտրոնային դամբարան են գտել»:
Հաջորդ նախադասությունը եգիպտական հնությունների խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրի տեսակետի մասին էր, ըստ որի՝ սա վերջին տասնամյակների եզակի հայտնագործություններից է: Նոր հայտնաբերված դամբարանը Կահիրեից երեսուն կիլոմետր հեռավորության վրա է, և հնագետները պատրաստվում են պեղումները սկսել կիրակի՝ դեկտեմբերի տասնվեցին:
Նեյտրոնային, ջրածնային, ատոմային ռումբերի տարբերության մասին իմ պատկերացումներն աղոտ են, անշուշտ, բայց իբրև խորհրդային երկրի աշակերտ, ես դեռ հիշում եմ երկրիս պատգամներն ու մեր պատանեկան ապրումները ատոմային սարսափների մասին քառասունհինգ րոպեանոց դասերի ընթացքում և հետո:
Որպես գրագետ պիոներ մենք անգամ գիտեինք, որ նեյտրոնային ռումբը ատոմայինից ու ջրածնայինից իբրև տարբերվում էր նրանով, որ ավերածություններ չպիտի առաջացներ, այլ միայն մարդիկ կճառագայթվեին ու կմնային ուրվական քաղաքներ:
Այս մասին մեզ պատմում էին մեր ուսուցիչները ու մեզնից առավել տպավորվողները, որոնցից մեկը՝ ես, տանջվում էի մի պարզ հարցից, թե ավելի մարդկային չէ՞ր լինի ավերվեին տները, իսկ մարդիկ փորձեին պատսպարվել:
Բայց մեր պատմության ուսուցիչը, որը, դատելով իր պատմելու ձևից, բոլոր դարերի մեծ իրադարձությունների ականատեսն ու վկան էր, որովհետև խոսում էր Թութանhամոնի ձայնով ու գիտեր ինչ դիմախաղ է ունեցել Չինգիզ Խանը, և որը, ինչ-որ խորհրդային պատվիրակության կազմում եղել էր Հիրոսիմայում և Նագասակիում, այնքան հյութեղ էր վերապատմում ատոմային ռումբի պատճառած սարսափների, ատոմային զենքի հետևանքների մասին, և բնականաբար ուրախությամբ հայտնում, որ Սովետական Միությունն ավելի հզոր զենք ունի և մենք էլ իրենց կբնաջնջենք հարկ եղած դեպքում, որ ինձ՝ հինգերորդ դասարանցուս, այդպիսի հասուն տարիքում ամոթալի վախից չմեռնելու համար մնում էր մի բան մտածել, ու ես մտածեցի. ես համոզեցի ինքս ինձ, որ բոլորը խաբում են, ոչ մի ջրածնային, նեյտրոնային ու ատոմային ռումբ չկա:
Ես համոզեցի ինձ, որ վախից չմեռնեմ:
Հետո այն տարիքում, երբ ատոմային, նեյտրոնային, ջրածնային ռումբից վախենալը ամոթ չէր՝ բնականաբար, ավելի գրագետ տեքստեր կարդացինք, իմացանք գիտնականների անուններ, խաղաղության նոբելյան մրցանակի ու ջրածնային ռումբի ստեղծման հակասության մասին, տեղական խժդժումներից ազատ ժամանակ երբեմն հետևում ենք գիտական ու ռազմաքաղաքական համաշխարհային նկրտումներին, բայց, որ եգիպտական բուրգերում հայտնաբերվել է 4400 տարվա դամբարան, որտեղ նեյտրոնային ռումբ կա…
Ես լուրը կարդացի ուղիղ երեք անգամ և շատ ուշադիր:
Այս խելահեղությանը որևէ խելամիտ մեկնաբանություն փնտրելու իմ տենդագին որոնումները լրահոսներում ու ցանցերում ուղեկցվում էին բանականության ու անհնարինին հավատալու վայրկյաններ տևած, բայց հետաքրքիր բախումով, անզիջում պայքարով…
Այնուամենայնիվ… ուրեմն եգիպտական բուրգերում՝ մտածում եմ ես, դեռ չավարտած իմ ուղեղի սահմաններում անհնարինի ու դրան այնուամենայնիվ հավատալու մեծ գայթակղության հզոր կոնֆլիկտը, հընթացս զարմանալով, որ մարդկությունը դեռ չի տարածում այս խելահեղ նորությունը, ու այն չի ցնցել ֆեյսբուքը, կիրակին, աշխարհը, ես լուրը նայում եմ չորրորդ անգամ՝ տրորելով աչքերս ու հանկարծ կարդում եմ վերնագիրը նորից. «Древний Египет: археологи нашли нетронутую гробницу возрастом 4400 лет»:
«Нейтронную» և «нетронутую» բառերը կիրակի առավոտ շուտ իրար շատ նման էին: Առաջինը նշանակում է՝ նեյտրոնային, երկրորդը՝ ձեռք չտված:
Իմ ուղեղում կատարվող բախումը տևել է մի քանի վայրկյան, ես շատ երկար պատմեցի: Զգացումն անբացատրելի ու անհամեմատելի էր վերջին լուրառատ ու ցնցուն տարիներին զգացածի հետ:
Սխալ ընթերցված բառը ինչ տարբեր հետևանքներ ու դրսևորումներ է կարողանում ունենալ: Այսպես հաճախ ընթերցվում են քաղաքական նորությունները, մարդու մասին պատմությունները:
Սխալ ընթերցված բառը մի դեպքում կարող է առաջացնել ուղեղի կոնֆլիկտ՝ բանականության և անհնարի միջև, բայց դա կարճ կտևի, կշտկվի թյուրըմբռնումը:
Մեկ այլ դեպքում՝ թյուրիմացությամբ պայմանավորված լուր, մի ուրիշ դեպքում՝ տգիտությամբ բացատրվող անհեթեթ լուրի տարածում, այլ դեպքում՝ չարամտորեն տարածվող հիմարություն:
Բայց վերադառնալով առաջինին, այն վիճակին, որ դու տգետ չես, դու հասկանում ես, որ եգիպտական դամբարանում չի կարող նեյտրոնային ռումբ հայտնաբերվել, որը 4400 տարեկան է, բայց մի պահ, մի թեկուզ կարճ ակնթարթ դու դրան հավատում ես, որովհետև լուրը կարդում ես BBC-ի կայքում, ու ինչ հեղինակություն է այդ հաստատությունը լուրի ոլորտում, որ մի քանի վայրկյան գերադասում ես հերքել բանականությունը, քան կասկածել British Broadcasting Corporation-ի լրջությանը:
Եվ վերջապես վերջինը՝ անկախ բանականությունից ու գիտելիքից, մարդը ձգտում է անհնարինի մասին պատմող լուրի:
Լուսինե Հովհաննիսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: