1992-ի պատերազմական ամռանը ավարտել էի համալսարանն ու ուզում էի լրագրող դառնալ։ Համակուրսեցուս՝ Տիգրան Դևրիկյանի ուղղորդմամբ, միասին գնացինք Վահան Իշխանյանի մոտ։ Վահանը «Անկախություն» թերթի խմբագիրն էր:
Քանի որ ուզելը մի բան էր, կարողանալը՝ այլ, շատ լարված էի։ Վահանը սկզբում առաջարկեց գրել Սովետաշենի աղբանոցի մասին։ Համարձակվեցի ասել՝ «Իսկ մի քիչ ավելի էսթետիկ բա՞ն», ու ինքը հանձնարարեց վերցնել բոլոր քաղաքական կուսակցությունների ծրագրերը, ուսումնասիրել, համեմատել ու գրել։
Երկրորդ անգամ հակաճառելու համարձակություն չունեցա, բայց Գրականության ինստիտուտի շենքից, որտեղ գտնվում էր «Անկախության» խմբագրությունը, դուրս եկա պրոֆիլակտիկ պարտված, որովհետև քաղաքական կուսակցությունների ծրագրեր կարդալը, մարսելը, համեմատելը, մի հետևություն անելը իմ հետաքրքրության շրջանակներից ահավոր դուրս էր։
Քաղաքի կենտրոնով մի քանի ժամ քայլելուց հետո զգացի, որ չեմ անելու։
Տանը պարտվածությունս հասցրեց ինձ հուսահատության ու, հաղթահարելով տառապանքի բոլոր շեմերը, որոշեցի անել՝ ինչ լինում է թող լինի։
Հինգերորդ կուրսում տասնյոթ տարեկանի տեսք ունեի դեռ ու դա էլ մի կողմից էր սաստկացնում բարդույթս, բայց դե մտա բոլոր կուսակցությունների շենքերը՝ իրենց ծրագրերը խնդրելու։
Թումանյանի վրա գտնվող Հանրապետական կուսակցության շենքում հանդիպեց Արշակ Սադոյանը ու տապալեց ինձ վերջնականապես՝ «Բալիկ ջան, դու ստեղ ի՞նչ ես անում» շատ տեղին հարցով։
Ինչևէ, հավաքեցի ամբողջ մտավոր ու ֆիզիկական ռեսուրսս ու տուն բերելով ծրագրերի բրոշյուրները՝ սկսեցի կարդալ։
Այս հանձնարարությունը հանճարեղ էր նրանով, որ ես բացարձակապես տեղյակ չէի քաղաքական ներքին խժդժություններին, նկրտումներին, կուսակցությունների կազմին ու բովանդակությանը, քաղաքական դաշտում նրանց կշռին ու դասավորվածությանը։
Եվ իմ ընկալածն ու ձևակերպվող մտքերը «արքան մերկ է» ասող երեխայի խոսք էր ու հետևաբար՝ միակ ճիշտը։
Ես կարդում էի գերազանցիկ աշակերտի ջանասիրությամբ՝ ընդգծելով նույն խնդրի մասին «բազմակարծությունները»։ Եվ բոլորն այնքան լավն էին ու հոգատար, այնքան բարի ու հասկացող, այնքան խորաթափանց ՀՀ խնդիրների հանդեպ։ Միայն մի անմեղ հարց առաջացավ. «Բա եթե բոլորդ նույնն եք ուզում՝ ինչու՞ միասին չեք»։
Ու քանի որ քաղաքագիտական տերմինների ու վերլուծական հմտության չէի տիրապետում, գրեցի հենց այն, ինչ զգացել էի։ Նյութը Վահան Իշխանյանին ու փոխխմբագիր Միքայել Հայրապետյանին հանձնելուց հետո, մահապարտի զգացումով տանը սպասում էի դատաստանին։
Երեկոյան Դևրիկյան Տիգրանը զանգեց մեր տուն ու 1992-ի պատերազմական տխուր այդ ամռանը հայտնեց, որ նյութս շատ հավանել են։ Այսպիսով, իմ առաջին հոդվածը քաղաքական կուսակցությունների ծրագրերի մասին էր։
Սա հիշեցի այսօր, որովհետև այսօր կարդում էի կուսակցությունների նախընտրական նոր ծրագրերը։ 1992-ից հետո առաջին անգամ եմ մանրակրկիտ ծրագիր կարդում։
«Անկախության» 1992-ի օգոստոսի տասնմեկի համարը հիմա նայում եմ՝ դեղնած, հնացած, հաստատ ամբողջ աշխարհում միայն ինձ համար կարևորուոթյուն ունեցող մի թերթ է, որտեղ տպագրվել է իմ առաջին նյութը։ Բայց ամեն զգացմունքայինից հետո, մի մեծ անհեթեթ բան. տողեր կան, որ նույնությամբ կրկնվում են, քսանվեց տարի պարբերաբար կրկնվել են ու քսանվեցերորդ տարում կուսակցությունների ծրագրերում տողեր կան, որ պատճենված են ուղղակի, բառացի կրկնված։
Քսանվեց տարի, փաստորեն, նույն ենք ուզում, խոստանում, համոզում ու…
1992-ի օգոստոսի տասնմեկի համարի իմ նյութում կուսակցությունների շարքում կարդացի «ՀՀԿ» ու ինձ թվաց սխալ եմ կարդում ու խոսքը կոմունիստական կուսակցության մասին է, բայց չէ, հենց ՀՀԿ, այն ժամանակվա ՀՀԿ-ն կոշտ ընդդիմադիր էր, անկախական ու ցեղակրոն հայացքներով։
Այսպիսով, բոլորը կանոնավոր բանակ էին ուզում, բոլորը նոր սահմանադրություն էին ուզում, բոլորը սեփականության ապապետականացման կողմ էին։
Միայն ՍԻՄ-ը՝ Սահմանադրական իրավունք միությունը, կտրականապես դեմ էր Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններին։ Թուրքիան այդ մասին չգիտեր, հավանաբար։
Ահա այսպիսի «թեժ» հակադրվածությամբ ստեղծվել էր իշխանական և ընդդիմադիր դաշտ։
Ներողություն եմ խնդրում ընթերցողից սեփական հոդվածից մեջբերում անելու համար, բայց այս պահին չունեմ քսանվեց տարի առաջ գրված կուսակցությունների ծրագրերը և ունեցածս միայն սեփական հետևությունս է․ «Տարաձայնությունների լավագույն առիթն ու հնարավորությունը ստեղծում է Արցախը։ Թեև հակադրվում են, սակայն երկու կողմերն էլ՝ ՀՀՇ-ն և ընդդիմադիր կուսակցությունները, հավասարաչափ անորոշ են ներկայացնում այս խնդրի լուծումը։ ԱԻՄ-ի՝ «Արցախին կարող է օգնել միայն հզոր Հայաստանը, իսկ Հայաստանը կարող է հզորանալ միայն անկախ լինելով» դրույթն իր անորոշությամբ չի զիջում ՀՀՇ-ի «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսին»։
Քսաներկու տարեկանում կուսակցությունների ծրագրերի մասին իմ հոդվածը ավարտվում է «Խնդիրը լուծվելու է ինքնըստինքյան, երբ ձանձրալի լինելու պատճառով կուսակցությունները չունենան քաղաքական հանդիսատես և ունկնդիր» նախադասությամբ։
Մի շատ խելացի բան չի ասածս, բայց այն, որ քսանվեց տարի ձանձրալի կուսակցությունները գոյություն կունենան իրենց ձանձրալի ծրագրերով և ամեն ինչ կորոշի փողն ու ուժը՝ քսաներկու տարեկանում ես չգիտեի, վստահ էի, որ իդեալիզմը կհաղթի։
Այսօր, կարդացի առաջադրված կուսակցությունների մեծ մասի ծրագրերը։
Ամեն կուսակցություն ունի իր մոտավոր նախատիպը քսանվեց տարի առաջվա կյանքում։ Չեմ փորձի կոնկրետ նախատիպերը նշել, բայց երբ նույն տողերը կարդում ես քսանվեց տարի անց մի կուսակցության ծրագրում, որը գոյություն չի ունեցել, որի անդամները հասունության վկայական չեն ունեցել այդ ժամանակ, ոմանք նույնիսկ ծնված չեն եղել՝ հետաքրքիր զգացումներ է առաջացնում։
«Սասնա ծռեր» կուսակցության ծրագիրը խոստանում է․ «Հրապարակավ ճանաչել ապստամբության իրավունքը, ապստամբներին անպարտ ճանաչել օրենքի առաջ»։ Ուզեցի պատկերացնել։ Դժվարացա։
Ապա խոստանում է «Արցախը դե յուրե միացնել Հայաստանին», «Չեղարկել Մոսկվայի և Կարսի պայմանագրերը»։
Ինչին ի պատասխան, կամ գուցե նաև «Սասնա ծռերի» առաջնորդ Սեֆիլյանի ելույթին ի պատասխան թավշյա հեղափոխության առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանում է․«Հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ» (26 նոյեմբերի, Արթիկ)։
Այս տեքստն էլ ունի իր նախատիպը։
Ապա «Լուսավոր Հայաստանը» իր քաղաքական ծրագիրը սկսում է այսպես. «Իսկ լիբերալը նման է այգեպանի, որը պետք է շատ բան իմանա այդ ծաղկի մասին, որին նա խնամում է» (Ֆրիդրիխ Ֆոն Հայեկ)։
Մեր դպրոցական շարադրությունների գնահատականը մի միավոր բարձրանում էր մեջբերումներ անելու համար։ Եվ ինչպես միշտ, այս դեպքում էլ․ «Արցախյան հիմնահարցի լուծման և ՀՀ անվտանգության գլխավոր երաշխիքը Հայաստանի հզոր տնտեսությունն է»։ Այս նախադասության անգամ շարադասությունը չի փոխվում։
«Լուսավոր Հայաստանը» պնդում է, որ Արցախը պետք է լինի բանակցային լիիրավ կողմ:
«Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով նախորդ ընտրություններին դուրս եկած ՀՀԿ-ն, այս անգամ առաջարկում է․ «Եթե մտահոգ ես, ընտրիր հանրապետականին»։
Այլևս ոչ մի առաջընթաց ու ոչ մի անվտանգություն, պարզապես դիմեք, եթե մտահոգ եք։
Մարգարեություն չէ, իհարկե, որ «հայ ժողովրդի բնականոն զարգացման համար խաղաղությունը կենսական անհրաժեշտություն է», սակայն «Բայց մենք կտրականապես դեմ ենք «խաղաղության դիմաց՝ տարածքներ» թեզին» նախադասությունը անխուսափելիորեն հիշեցնում է, որ երբ ՀՀԿ առաջնորդը խոսում էր տարածքները վերադարձնելու ու Աղդամի՝ հայրենիք չլինելու մասին, մտահոգությունն իրենց ուսերին առածներից և ոչ մեկը չհնչեցրեց պարկապզուկի պաթետիկ ծղրտոցը։
«Մենք հայցում ենք ձեր քվեն՝ Արցախի անվտանգ ապագան և կայուն զարգացումն ունենալով մեր օրակարգի թիվ մեկ խնդիրը»։
Կարելի է առաջարկել սահմանափակում մտցնել կուսակցությունների ծրագրերում և «Արցախ» բառը մեկ անգամից ավել չօգտագործելու պայման դնել։
«Քաղաքացու որոշումը» (ՔՈ) ներկայանում է երիտասարդների նոր դեմքերով, որոնք իրենց հասարակական ակտիվությունը սկսել են Մաշտոցի պուրակում։
ՔՈ-ն գտնում է, որ պետք է վերանայել ՀՀ և ՌԴ միջև կնքված պայմանագրերը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության. «Սա առաջին հերթին վերաբերում է սահմանապահ զորքերի ծառայության ռեժիմին և կարգավիճակին»։
Այն, ինչ խոստանում է «Իմ քայլը» իր կարգախոսով, մարդու երազանք է․ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»։
Երբ թավշյա հեղափոխության առաջնորդը փոխում է շփման իր տոնայնությունն ու բառապաշարը՝ մտածող անհատը երջանիկ չի կարող մնալ, նա տեսնում է ուժի դիրքից խոսող մարդու դիմախաղ, ժեստիկուլյացիա, լսում է կոշտ բառեր։
Սկզբում միգուցե ուրախանում է՝ մտածելով, որ արդարության հաստատումն այս ճանապարհն է սովորաբար անցնում։ Բայց մտածող մարդը անպայման կմտածի, որ սա կարող է միայն «վատ» մարդկանց բաժին չհասնի։
«Իմ քայլի» ծրագիրը չափից դուրս պրոֆեսիոնալ գրիչով է գրված ու բավական երկար է։ Մանրակրկիտ բոլոր ոլորտների մասին, հեռանկարային պատկերներով, առանց բացթողման, ընդհուպ մինչև ծնելիության աճ։
Ներքաղաքական ասպարեզում՝ ժողովրդավարություն, անկախ դատական համակարգ, Ղարաբաղի հարցում Ղարաբաղի՝ բանակցային լիարժեք կողմի կարգավիճակի վերականգնում, առանց որի համաձայնության հարցի կարգավորման որևէ տարբերակ չի կարող համարվել դե յուրե ընդունված։
Կուսակցությունների ծրագրերը պարտադիր քաղաքական փաստաթուղթ են, բայց որպես տեքստ, որը պիտի ունենա իր ընթերցողը, կարծում եմ, անտեսված են լինելու։
Կուսակցությունների ծրագրեր չի կարդում ընտրողը, այն կարդում է ընտրողների մի փոքր հատված, մասնագիտության, ակտիվության բերումով։
Մարդիկ ընտրում կամ չեն ընտրում հավանելով ու չհավանելով, հուսալով կամ խաբված լինելով, իմանալով կամ չիմանալով, բայց չնչին մի մասն է հետաքրքրվում կուսակցության ծրագրի տեքստով։
Նախ, որովհետև երկար տեքստեր են, բոլորը պարտվոր չեն դրանք հասկանալու, հետո, որովհետև մեր բնույթն այդպիսինն է՝ հավատալ կամ չհավատալ լսելուց ու տեսնելուց հետո, մի կամ մեկից ավելի անգամ ձախողելուց հետո, իսկ նրան, ում այդ պահին հավատում են՝ հավատում են և վերջ։
Ծրագրերը պարտադիր տեքստեր են, որոնք պիտի լինեն, այդպես է կարգը։
Բայց դրանք մեր իրականության մեջ, գոնե պետք են գալիս միայն մասնագետներին, լրագրողներին, քաղաքական հակառակորդներին՝ հետագայում միմյանց «Բա ձեր ծրագրում գրված է…, իսկ դուք…» ասելու համար։
Միջին քաղաքացին ընտրելուց առաջ այն չի ուսումնասիրում։ Չգիտեմ այլուր՝ ինչպես, մեզ մոտ ձևավորված է նախընտրական տեքստի հանդեպ ներողամիտ թերահավատություն։
Ուզում եմ երկու մեջբերում անել քսանվեց տարի տարբերությամբ գրված ծրագրերից՝ առանց մեկնաբանության․
1992թ․ «Արցախին կարող է օգնել միայն հզոր Հայաստանը, իսկ Հայաստանը կարող է հզորանալ միայն անկախ լինելով»:
2018թ․ «Արցախը հայ ժողովրդի արժանապատվության միջնաբերդն է։ Հայաստանի համար Արցախը պարզապես հողատարածք չէ, ինչպես և Արցախի հարցը տարածքային հարց չէ։ Արցախը ժողովուրդ է, սեփական ճակատագրին տեր կանգնած ժողովուրդ՝ իր միակ ու անզիջելի հայրենիքով։ Այդ հայրենիքի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխավորն է Հայաստանի Հանրապետությունը:
Բոլոր ծրագրերի կետերը ինչ-որ չափով հասկանալի են, ընդունելի կամ մերժելի, բայց մի ծանրակշիռ հարց մնաց անպատասխան․ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության այս միտքը․ «Արարչագործական Հայաստան՝ հայուհուն վայել»։
Խոստացեք գոնե քարոզարշավի ընթացքում մեկնաբանել՝ ո՞ր հայուհուն։ Թե չէ, մոլորության մեջ ենք։
Հիմա հայուհիներ կան, որոնք փողոցներ էին փակում ու հաջողություն բերեցին հեղափոխությանը, հեղափոխություն, որը ձեզ համար ընդունելի է, որքան հասկացա։
Հայուհիներ կան, որոնք գիտնականներ են եվրոպաներում, կան հայուհիներ, որ որևէ երազանք չունեն կյանքում բացի ամուսնանալն ու երեխա ունենալը, հայուհիներ կան հիվանդ ծնողներին ու երեխաներին պահելու համար Թուրքիա են գնում, կան այնպիսիք, որ Դուբայ են գնում, և հայուհիներ կան, որոնք շատ հարգված ընտանիքի կանայք են, պաշտոնյա ամուսիններ ունեին ու դպրոցներում քսան տարի ընտրակեղծիք էին ապահովում, կան հայուհիներ, որոնք չեն սիրում ամուսիններին, բայց ապրում են փողի համար ու անսահման քանակությամբ կնունքի համատեղ լուսանկարներ ունեն։
Եվ հայուհիներ կան, որ շատ իրոնիկ են դարձել լուրջ տեքստերի հանդեպ։ Խոստացեք, որ կասեք՝ ո՞ր հայուհուն վայել արարչագործական Հայաստան եք ուզում։
Լուսինե Հովհաննիսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: