«Լրատվամիջոցներից պետք է վերանա «սևով» վճարումների պրակտիկան»․ «Քաղաքացու որոշում»

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Media.am-ը խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին հարցում է արել բոլոր 11 թեկնածու ուժերին, պարզելու համար, թե ինչ տեսլական ունեն մեդիայի ոլորտի ապագայի վերաբերյալ, ի՞նչ փոփոխություններ կանեին՝ իշխանության գալով։

Տրվել է երկու հարց։ Յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք ինքն է որոշում, թե մեր երկու հարցերին ում դեմքով պատասխանի։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից մեր հարցերին պատասխանել է համամասնական ցուցակում երկրորդ համար Արտակ Կիրակոսյանը։

– Հայաստանի հեռարձակման ոլորտի օրենդրությունը փոփոխելու անհրաժեշտություն տեսնու՞մ եք։ Եվ եթե այո, ապա ի՞նչ փոփոխություններ կանեիք։

– Մեր հիմնական մոտեցումն այն է, որ մամուլի անկախությունը պետք է լիովին երաշխավորված լինի, լրագրողները պետք է ունենան լիարժեք ստեղծագործական ազատություն։ Առաջին հերթին ոլորտին պետք է ինքնակառավարում և ինքնակարգավորում։

Լրագրողները պետք է մաքսիմալ հնարավորություն ունենան մասնակցելու լրատվամիջոցների կառավարմանը։ Առաջին հերթին դա վերաբերում է Հանրային հեռուստաընկերությանը։ Մեր կուսակցությունը կարևոր է համարում արհմիությունների դերը բոլոր ոլորտներում։ Եթե խոսում ենք Հանրայինից, ապա կարգավորող մարմինը հաշվի առնի նաև աշխատող լրագրողների կարծիքը։ Սա խրախուսելի է նաև մասնավոր լրատվամիջոցների դեպքում։ Լրագրողական կազմակերպությունները, արհմիությունները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու կառավարմանը։

Պետք է ավելացվի սոցիալական գովազդի ֆինանսավորումը պետության կողմից, սոցիալական գովազդի դերն օրենսդրական կարգավորումներով պետք է մեծանա։

– Համարու՞մ եք, որ կոռուպցիայի հաղթահարման ճանապարհին պետք է ստվերից դուրս բերվի նաև լրատվամիջոցների ֆինանասավորումն, ու հրապարակվի տեղեկություն մեդիա սեփականատերերի մասին: Խնդրում ենք նշել այն քայլերը, որոնք կնպաստեն մեդիա դաշտը թափանցիկ դարձնելուն:

– Այո, համարում ենք, որ լրատվամիջոցների ֆինանսավորման մասին տեղեկատվությունը պետք է թափանցիկ լինի։ Լրատվամիջոցների մի մասը թաքնված գովազդի միջոցով է գոյատևում, պատվիրված հաղորդումների և հրապարակումների։ Շատ լրատվամիջոցներ աշխատում են սեփականատերերի համար։ Թափանցիկության կարևոր գործոն ենք համարում նաև լրատվամիջոցներից «սևով» վճարումների վերացումը, որը ժամանակին հասել է մեծ չափերի, հիմա էլ կարծում եմ շարունակվում է։

Այստեղ նույնպես առաջին հերթին կարևորում ենք լրագրողական էթիկայի և ինքնակարգավորման մեխանիզմները, պետության ուղղակի միջամտությունը ԶԼՄ-ների ոլորտ վտանգավոր է և մեր կողմից մերժելի։

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *