Մեդիա հետազոտող Սամվել Մարտիրոսյանը վստահ է, որ նախընտրական շրջանը սոցիալական մեդիայում ոչ թե հիմա է սկսվել, այլ դեռ գարնանը:
Եվ բնական է, որ պաշտոնական քարոզարշավում էլ սոցիալական մեդիան կմնա ամենաարդյունավետ հարթակը, շատ անձնական հաշիվներ դառնում են էջեր, իսկ ֆեյսբուքի գովազդի գները Հայաստանում բարձրացել են:
«Սա երևի առաջին ընտրություններն են, որտեղ հեռուստատեսությունը պարտվեց սոցմեդիային»,- ասում է նա:
Սամվել Մարտիրոսյանը ակնհայտ է համարում, որ կեղծ լուրերն արդեն դրվել են գործարանային հիմքի վրա, իսկ մեդիան հաճախ կատարում է ոչ թե լրատվամիջոցի դեր, այլ քարոզչամիջոցի, որը կեղծ լուրերը շրջանառելով, օրինականացնում է դրանք:
«Գումարած դրան ավելի նուրբ է դարձել ֆեյքերի հետ աշխատանքը, նախկինում նրանց բացահայտելը հեշտ էր, հիմա երբեմն, դա անելն անհնարին է: Հաճախ լրագրողներն էլ չեն հասցնում ստուգել ու վերստուգել բոլոր լուրերը: Կամ էլ՝ չեն ուզում անել դա»,- ասում է նա:
Նրա խոսքով՝ հիմա լրատվական դաշտում մեծ գումարներ են ծախսվում, լրատվամիջոցներ են ձեռքից ձեռք անցնում, իսկ սոցիալական մեդիայում ազդեցություն ունեցող մարդիկ, որոնք զգուշավոր էին ընտրությունների ժամանակ, հիմա առաջին պլանում են: