Պետրոս Ղազարյանը հերքում է՝ Մարգարիտա Գրիգորյանը չի միջամտել

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Լրագրող, Հանրային հեռուստատեսության «Այսօր իրականում» հաղորդաշարի վարող Պետրոս Ղազարյանը հերքում է մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը միջամտել է իր աշխատանքին և ցուցումներ տվել։

«Հրապարակ» օրաթերթը գրել է, որ «Այսօր իրականում» հաղորդաշարի առաջին թողարկման ժամանակ, երբ հյուրը ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանն էր, Մարգարիտա Գրիգորյանն անձամբ է ռեժիսորական տաղավարից կարգավորել հաղորդման ընթացքը, Պետրոս Ղազարյանին հուշել է, որ չընդհատի հյուրին։ Ըստ թերթի՝ Պետրոս Ղազարյանին սա դուր չի եկել, և նա հաղորդման կեսից հանել է ականջակալները։ «Այս միջադեպից հետո որոշվել է, որ հաղորդումն այլևս ուղիղ եթեր չի տրվելու, և մյուս հաղորդումները նախապես նկարահանվում են»։

Պետրոս Ղազարյանը թերթի հրապարակման վերաբերյալ ասաց.«Դա ակնհայտ սուտ է։ Ես հարցեր եմ տվել Քոչարյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ, տալիս եմ հիմա՝ Փաշինյանի ժամանակ։ Ձեզ վստահեցնում եմ, երբևէ իմ հարցերին չեն միջամտել։ Իսկ էդ ականջակալը շատ պարզ բանի համար է՝ կա ժամանակ, կա հագուստ ուղղել և այլն։ Բովանդակային որևէ միջամտություն չի եղել, մանավանդ Վիգեն Սարգսյանի ժամանակ, երբ բոլորը հարցազրույցը լարված լսում էին»։ Ղազարյանը վստահեցրեց, որ հաղորդումը բացարձակ չի մոնտաժվում։

Հարցին՝ հաղորդաշարն այլևս հեռարձակվում է տեսագրվա՞ծ, այն ուղիղ եթերում չէ՞, Պետրոս Ղազարյանը պատասխանեց. «Հաղորդումը տեսագրվում է երեկոյան, եթեր գնալուց մոտ երկու ժամ առաջ։ Մեզ նույնիսկ տեխնիկապես մոնտաժելու ժամանակ չի մնում։ Մենք հյուրերին էլ ենք զգուշացնում՝ մեր ցանկության պարագայում, թե ձեր ցանկության պարագայում, ոչինչ չի մոնտաժվելու։ Ես «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում մի քանի տարի ուղիղ եթերում եմ հաղորդում վարել, մի քանի տարի էլ՝ ոչ ուղիղ եթերում։ Ուղիղ եթերն ավելի հարմար է հեռուստաընկերությանը։ Երբ հեռարձակումն ուղիղ չէ, հյուրը նեղ իրավիճակում հայտնվելով, դուրս է գալիս եթերից, ասում է՝ եկեք սա կտրենք և այլն։ Եթե դու ընդառաջում և կտրում ես հյուրի ուզած կտորը, հաղորդման հետաքրքրությունը կորչում է։ Եթե չես կտրում, հյուրը նեղանում է քեզնից։ Երկու դեպքում էլ քեզ համար լավ չի։ Իսկ ուղիղ եթերը գնաց՝ գնաց։ Ուղիղ եթերը ավելի էժան է նստում հեռուստատեսության վրա, բայց տեխնիկապես հարմար գտանք եթերից երկու ժամ առաջ տեսագրել եւ «Օրակարգ»-ից հետո հեռարձակել»։

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *