«Յուքոմ» ընկերության հեռուստափաթեթից «Շանթ» հեռուստաընկերության դուրս գալը՝ առանց որևէ պարզաբանման, լսարանի մոտ հարցեր է առաջացրել։
Օրեր առաջ «Յուքոմ»-ը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ իր փաթեթում, հեռուստաընկերության նախաձեռնությամբ, «Շանթ TV»-ի հեռարձակումը դադարեցվում է։
«Շանթ» հեռուստաընկերության հանրային կապերի բաժնից Media.am-ի հարցերին ի պատասխան պարզաբանել են «Յուքոմի» հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումը։ Հեռուստաընկերությունում չեն հերքում, որ «Ռոստելեկոմի» հետ ունեցած գործընկերային հարաբերությունները նույնպես նպաստիչ են եղել այդ որոշման համար։ Ինչպես հայտնի է, «Շանթ Պրեմիումը» և «Շանթի» մյուս հավելված ալիքները եթեր են հեռարձակվում «Ռոստելեկոմի» փաթեթում։
«Որոշումը պայմանավորված է մի քանի գործոններով՝ հեռանկարային համագործակցություն, բալանսավորում, ֆինանսական շահավետություն… Մեր կողմից կարևորվել է նաև ստրատեգիական գործընկերոջ ընտրությունը, որ հեռուստաընկերությունը տեսել է ի դեմս «Ռոստելեկոմիի»»,- նշված է «Շանթի» գրության մեջ:
Այս որոշման արդյունքում, ըստ «Շանթի» հանրային կապերի բաժնի, նաև եղել է կաբելային միջավայրում մենաշնորհ չստեղծելու ձգտումը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Յուքոմ» ընկերության հետ համագործակցության դեպքում 2 ամենամեծ լսարան ունեցող ալիքներն՝ իրենց պրեմիում փաթեթներով, կլինեին նույն օպերատորի կազմում: Խոսքը «Շանթի» և «Արմենիայի» մասին է։ «Այս դեպքում կաբելային փոքր օպերատորները չէին ունենա հեռարձակելու թույլտվություն, ինչի արդյունքում դրանք կհայտնվեին ոչ շահեկան դիրքերում կամ նույնիսկ կփակվեին, իսկ «Յուքոմը» դաշտում կունենար մենաշնորհային դիրք: Բևառացմանը հեռուստաընկերությունը միշտ է դեմ եղել. անցած տարիների ընթացքում մենք չենք ունեցել էքսկլյուզիվ պայմանավորվածություն որևէ պատվիրատուի հետ: Այս դեպքում ևս նման պայմանագիր կնքելը կնշանակեր բացառիկություն տալ «Յուքոմին», ինչը դեմ է մեր սկզբունքներին։ Հեռուստաընկերությունն առաջնորդվել է բալանսավորման սկզբունքով»,- հավաստիացնում են «Շանթից»:
Իր հաղորդումները ցուցադրելու պայմանավորվածություն ձեռք բերելով, հեռուստաընկերությունը «Ռոստելեկոմի» առաջ պայման է դրել՝ փոքր հեռարձակողներին նույնպես պետք է լիցենզիա տրվի։
Հարցին՝ միայն մեկ օպերատորի հետ համագործակցելով, «Շանթ TV»-ն ֆինանսական և լսարանի մասշտաբի առումով շահու՞մ , է թե՞ կորցնում, պատասխանել են․ «Լսարանի առումով մենք տուժում ենք կարճաժամկետ: (…) Մեկ շաբաթվա ընթացքում ստացած արձագանքը, հարցումներն ու առաջարկված մյուս տարբերակների հանդեպ հետաքրքրությունը թույլ են տալիս վստահեցնելու, որ լսարանը կվերականգնվի շատ արագ»:
Բացի թվային DVB-T2 սարքերով կամ թվային ազդանշան ընդունող հեռուստացույցներով «Շանթ TV»-ն անվճար դիտելու հնարավորությունը, քաղաքացիները կարող են բաժանորդագրվել ARM TVs պլատֆորմին և դիտել «Շանթ»-ի բոլոր մասնագիտացված ու նաև այլ հեռուստաընկերությունների թվով 9 ալիքներ՝ այդ թվում «Երկիր մեդիա»-ն և «Կենտրոն»-ը։ Այս երկու հեռուստաալիքների հետ համագործակցության նախաձեռնությունը «Շանթ» հեռուստաընկերությանն է։ ARM TVs պլատֆորմին այլ ալիքներ ներառելու շուրջ բանակցությունները շարունակվում են:
Այն մարդիկ, ովքեր «Յուքոմ»-ի բաժանորդ են, կարող են շարունակել օգտվել այդ օպերատորից, իսկ սարքի միջոցով հետևելով նաև «Շանթի» պրեմիում ալիքներին: Ծառայությունը վճարովի է։
Գագիկ Աղբալյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: