Քաղաքականությունը տարբեր խմբերի անհամաձայնության ու բախման համադրումն է և միշտ կա պահանջ գտնելու այն լեզուն, որով կարելի է միաժամանակ արտահայտել բախումն ու վերահսկել այն:
Պարզ ասած՝ անհամաձայնությունը պիտի գտնի այն ձևաչափը, որը կլինի հանրօգուտ:
Քաղաքական հեռուստաբանավեճը նման հանրօգուտ ժանրերից է, որը հրապարակայնացնում է քաղաքական խոսքն ու դարձնում այն տեսանելի:
Տարիներ շարունակ հեռուստատեսությունը Հայաստանում վերահսկվում էր իշխող քաղաքական ուժի կողմից՝ առանց եթեր բաց թողնելու անհամաձայնության թեկուզ աննշան տարրեր: Իհարկե, դա ոչ թե հանրօգուտ էր, այլ քայքայիչ թե՛ քաղաքականության, թե՛ հեռուստատեսության համար:
Բայց առաջին հերթին, հենց հեռուստատեսության:
Ի վերջո, լսարանը, կարող է և չդիտել հեռուստացույց, բայց հեռուստատեսային արտադրանք ստեղծողները ստիպված էին ընտելանալ, որ իրենց չեն դիտում, իսկ իրենք միևնույն է ստեղծում են:
Սուր թեմաները, սրախոս մարդիկ ու սրածայր բանավեճերը տեղ չունեին եթերում, իսկ հայտնվելու դեպքում էլ դառնում էին գլամուրային կամ պոռոտախոս շոուներ: Փայլփլող, սիրունիկ ու ցանկացած սուր բախումից խուսափող հաղորդավարներին բուծեց հեռուստատեսությունը:
Եվ քաղաքականությունը մեռավ նաև այդ պատճառով:
Այսօր Հայաստանում փաստացի զրոյական, մեկնակետային իրավիճակ է. չկա գործադիր իշխանություն (պաշտոնակատարներ են) և դեռ չկա օրենսդիր իշխանություն (երկարաժամկետ):
Կարծես պարարտ դաշտ է քաղաքական բանավեճերի վերակենդանացման համար, և առաջին հերթին հեռուստատեսային, քանի որ հեռուստատեսությունը կարող է անհամաձայնությունը դարձնել հետաքրքիր, թարմ, թափանցիկ, տեսանելի ու գրավիչ:
Այստեղ առանքայինը թարմն է…
Թավշյա հեղափոխությունից հետո նոր ու թարմ բանավեճեր եթերում չհայտնվեցին: Պատճառը մարդկային էր՝ դա անելու համար թարմ մարդիկ էին պետք, որոնք կկարողանային աշխատել ոչ թարմ իրավիճակում:
Նման փորձ արեց Հանրային հեռուստատեսությունը ու միանգամից ձախողեց: «Խաղի կանոններ» հեռուստահաղորդումը հավակնություն ուներ լրացնելու բանավեճերի բացը, բայց ունակ չէր դա անելու իր ընտրած լեզվի, նպատակների ու նաև վարողի կերպարի պատճառով:
Ի դեպ՝ ավելի հետաքրքիր քայլ կլիներ, եթե հեղափոխությունից հետո պահպանվեր այդ հաղորդման նախկին անունը՝ «Եռանկյունի» և նախկին վարողը՝ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը: Հյուրեր կանչելու մենաշնորհը կպատկաներ ալիքի լրատվական ծառայության նոր կազմին, իսկ բանավեճի մոդեռատորը՝ լինելով կարկառուն կուսակցական, շոուն կդարձներ դիտարժան ու փորձ կաներ վերահսկելու իրավիճակն ավելի լավ, քան դա անում է ներկա մոդեռատոր Արմեն Դուլյանը:
Հայտնի դարձավ, որ խորհրդարանական ընտրությունների նախօրեին նոր բանավեճային հաղորդում վարելու համար Հանրայինը հրավիրել է Պետրոս Ղազարյանին: 17 տարի «Կենտրոն» հեռուստաընկերությունում աշխատելուց հետո նա կտեղափոխվի մի ալիք, որը թարմ լինելու հայտ է ներկայացրել (դեռ միայն լրատվական բաժնում):
Ողջ հետսովետական քարոզչությունը Հայաստանում կառուցվել է այն մտքի վրա, որ այլընտրանք չկա: Անփոխարինելի են իշխանությունները, չինովնիկական ապարատը, կիսագողական տարրերը…
Մեզ համոզում էին, որ կան անփոխարելիներ: Նույն պատկերը նաև լրատվական դաշտում էր, մի ալիքի առանցքային դեմքը տեղափոխվում էր մյուս ալիք ու շարունակում մնալ անփոխարինելի: Հետո անցնում էր մյուս ալիք, կրկին անփոխարինելի լինելու շնորհիվ:
Հեռուստադեմքերը Հայաստանում կարծես չեն խամրում ու չեն համալրվում նորերով, նրանք անընդհատ ինչ-որ բացեր են լրացնում:
Ալիքները վաղվա ներուժ պատրաստելու ցանկություն չունեին, և դա զգացնել տվեց այսօր, երբ ցանկություն միգուցե և կա, բայց մարդ չկա:
Իհարկե, խոսքն այստեղ բնավ էլ պրոֆեսիոնալիզմի մասին չէ (պրոֆեսիոնալները պետք են միշտ ու ամենուրեք), այլ ավելի շուտ՝ հեռուստատեսության սնանկության, որը ոչ թե որոնում է ու ստեղծում, այլ հրավիրում:
Հանրայինը հրավիրում է նրանց, ովքեր կան դաշտում, հետո հրաժարվում է նրանցից, ում հրավիրում է, և նրանք հայտնվում են այլ ալիքներում՝ համբերատար ու անփոխարինելի լինելու հայտով:
Քաղաքական հեռուստաբանավեճը ժանր է, որը ժանգոտել է չգործարկվելով:
Եթե ընդունենք, որ արդի ժամանակներում կարևոր չէ մեդիա կրիչը, ապա ավելի հեռանկարային ճանապարհ են ընտրում ոչ թե վերգետնյա սփռում ունեցող հեռուստաընկերությունները (մասնավորապես, Հանրայինը), այլ ինտերնետային հեռարձակում ունեցող լրատվամիջոցները:
Համենայնդեպս, հիմա Հայաստանում ամենաթարմ բանավիճային ֆորմատներն ու հարցազրույցները առաջարկում է 1in.am-ը, որը անընդհատ հյուրերի ու վարողների շրջապտույտ է ստեղծում՝ փնտրելով, համոզելով, հրավիրելով ասելիք ունեցողներին ու խոսել կարողացողներին, լինի դա ուղիղ եթերում, ձայնագրված թե նույնիսկ սկայպով:
Իհարկե, արտահերթ ընտրությունները պահանջում են արտահերթ միջոցներ: Արագ միջոցներ:
Արագորեն ձևավորվում են նոր քաղաքական ուժեր ու նրանց պետք են արտահայտվելու հարթակներ: Ու տարբեր խոսք է գալիս առաջին պլան՝ զուգահեռաբար հղկվելով, պարտվելով ու անհետանալով: Կամ՝ համոզելով ու բարկացնելով:
Դասական քաղաքական բանավեճը հաջողվում է այն ժամանակ, երբ եթերը իրապես ազդում է կուսակցության վարկանիշի վրա՝ ձայներ ապահովելով կամ ձայներ խլելով:
Բայց քանի որ Հայաստանում եթերի տնօրինումը կատարվել է ոչ դասական օրենքներով, այլ փոխարինումներով (կարևորի և ոչ կարևորի), թերևս պետք է անել ամենաբախտորոշ քայլը. որոնել որակյալ խոսք:
Ոչ թե կրնօրինակել ու տարածել եղածը նույն մարդկանցով, նույն տաղավարներում ու նույն նպատակներով, ներկայացնելով դա որպես երկրորդ թարմություն, այլ որոնել այսօրվա խոսքը:
Քաղաքական բախում ու անհամաձայնություն ցուցադրելը չի նշանակում, որ պետք է լղոզել ասելիքը կամ դիմել պատեհապաշտ հռետորաբանությանը: Ի վերջո, քաղաքականությունը այն ամենն է, ինչը մեզ շրջապատում է:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: