2018.09.17,

Քննադատ

«Կույս կանանց միավորումը» որպես մաթեմատիկական հավասարում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Կեղծ, մանիպուլյատիվ ու փնթի հռետորաբանության ժամանակներում լրատվական դաշտում արագորեն հայտնվում են ծուղակներ: Սկսում ես հավատալ ամեն ինչին, անգամ, եթե զգում ես, որ մի բան այն չի, միևնույն է հավատում ես, որ միաժամանակ վերամբարձ ու անտրամաբանական հայտարարությունները կարող են ճշմարիտ լինել: Իսկ ինչու՞ ոչ, եթե ամենաբարձր ամբիոններից հնչում են ուղեղը կաթվածահար անող մտքեր ու ուղերձներ:

Հայաստանի լրատվամիջոցների ու լրատվություն սպառողների համար այդպես հյութեղ ծուղակ էր «Կույս կանանց միավորում» ՀԿ-ն, որը, 2015-ին սկիզբ առնելով ֆեյսբուքից, տարածվեց ոչ միայն օգտատերերի շրջանում, այլև պրոֆեսիոնալ լրատվամիջոցների, որոնք հղում էին անում էջին, հրապարակում ՀԿ-ի ենթադրյալ ղեկավարի հետ հարցազրույցներ կամ արձագանքներ:

Գրոտեսկային ու պերճախոս գրառումներ անող այդ ֆեյք միավորումը ստեղծեց իրարանցում, ուրախություն (փոսն ընկնելը միշտ ուրախ է), շեշտադրեց թեմաները, ուռճացրեց դրանք, մի խոսքով՝ ընդգծեց, որ անտրամաբանականը հավասարակշռվում է ոչ թե բանականով, այլ անտրամաբանականի ավելի բարձր աստիճանով ու խտացումով:

Էջի ստեղծողը մաթեմատիկոս Ռաֆայել Թեյմուրազյանն է, որը մի քանի օր առաջ բացահայտեց իր ով լինելը, գրելով.

«Պահանջվեց 1-2 տարի և դոզայի հետևողական ավելացում, մինչև լայն զանգվածները վերջապես հասկացան, որ գրառումները սարկաստիկ բնույթ ունեն։ Ինձ համար բացահայտեցի հիմարության անսահմանությունը»։

«Կույս կանանց միավորում» էջը 11 հազարից ավելի հետևորդ ունի։ Իսկ գրառումները տարածվել են մոտ 25 հազար անգամ, կարդացել է 1 միլիոնից ավել մարդ, էջի անունը բրենդ է դարձել»,- շարունակել է Ռաֆայել Թեյմուրազյանը:

Ռաֆայել Թեյմուրազյանը

Հայաստանից հեռու ապրող ու աշխատող Ռաֆայելը media.am-ին այսպես բացատրեց էջի ստեղծման նպատակը. «Նպատակ կար ծաղրել բոլոր այն անհեթեթությունները, որոնք քաջալերվում էին պետության կողմից: Պարզապես մի համեստ փորձ էր՝ ցույց տալու, թե ինչ աբսուրդ է պարտադրվում որպես նորմ»:

Նա ասում է, որ պարզապես այդ ժամանակահատվածում օգուտ կարող էր տալ՝ տեսնելով ու խոսելով հիմարության մասին՝ հումորով:

«Համատարած հիմարության տիրապետություն էր: ԱԺ-ն Գալուստ Սահակյանն էր, դա էր մակարդակը: Ես էլ ծաղրում էի այդ աբսուրդը, ինչն ակնառու էր դարձնում անհեթեթության մասշտաբները: Ասենք, սփյուռքի նախարարությունը «100 բարձ անունով» «ծրագիր» է արել՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով: Բա ո՞նց սա ձեռ չառնես: Կամ մշակույթի նախարարությունը փող է տվել, որ «Հայու ոգու» մասին մասին ֆիլմաշարեր անեն: Է՛ս էր»:

Հրապարակված նյութերի արձագանքները ուսումնասիրության առիթ էին մեդիա դաշտի ինքնազգացողությունը հասկանալու համար: Եվ հետաքրքիր է, որ դա արեց գիտությունը մասնագիտություն դարձրած մարդը, իսկ լրագրությունը՝ հոբբի:

Նա հանգեց այսպիսի կարծիքի. «Շատ բան պարզեցի ինձ համար: Օրինակ, թե ինչ որակի է մեր լրագրությունը: Առանց ստուգելու, առանց նույնիսկ մի նկար տեսնելու, «հարցազրույցներ էին անում ու հրապարակում ինչ-որ ՀԿ-ի անունից: Մեկ տարի է պահանջվել, որ մի լրագրողի մտքով անցել է՝ գնա-ստուգի, կա՞ գրանցված նման ՀԿ, թե՞ ոչ: Նույնիսկ երբ իմացել են, որ չկա, միևնույն է, շարունակել են ներկայացնել որպես ՀԿ և տարածել: Գիտեի, որ ինչպես երկիրն է, այնպես էլ լրագրության որակն է: Բայց այս աստիճանի անպատասխանատվություն ու անարգանք ընթերցողի նկատմամբ չէի պատկերացնում»:

«Կույս կանանց միավորումը» պրովոկացիա էր՝ ուղղված թե՛ մեդիային, թե՛ քաղաքական վերնախավին: Խայծ էր, որ օգնում էր ընդունել, որ պղտոր իմաստային կույտերում շատ հանրային վախեր ու բարդույթներ կան:

Ռաֆայելը դա չի համարում պրովոկացիա, քանի որ ո՛չ ուզում էր ինչ-որ բան գնել, ո՛չ էլ՝ վաճառել, և առավելևս նպատակ չուներ հայտնի դառնալու: Նրան պարզապես հետաքրիր է հավասարման բանաձևի կառուցվածքը:

Եվ սկսած 2018 ապրիլից, այլևս այս ոճի արդիականությունը չի տեսնում.

«Անհատներից եկող աբսուրդն ու պետության պարտադրված նորմ-աբսուրդը տարբեր են: Հիմա էլ կան ծաղրի ենթակա երևույթներ, հասարակությունը չի փոխվել, բայց չի զգացվում, որ անհեթեթության քարոզով զբաղված է պետությունը»:

Եվ այդ պատճառով էլ Ռաֆայել Թեյմուրազյանը կրճատել է հեղինակային էջի անվանումը՝ դարձնելով այն «Միավորում»:

«Էջի անվանումը տեղով սարկազմ էր, և ինչպես ցույց տվեց ժամանակը, հաջող ընտրություն էր»,- ասում է նա: Իսկ հիմա «միավորում է՝ հանուն ավելի լավ Հայաստանի, որի կերտման բացառիկ հնարավորությունն այսօր առկա է»:

Նունե Հախվերդյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *