Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների սահմանած սակագները՝ սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության համար։
Ընտրություններում որպես թեկնածու առաջադրված կուսակցություններին և դաշինքներին վճարովի եթերաժամանակ տրամադրելու հայտ է ներկայացրել 18 ընկերություն։ Հեռուստաընկերությունների թիվը ուղիղ երկու անգամ մեծ է ռադիոկայաններից, 12-ը 6-ի հարաբերակցությամբ։
Ամենաբարձր սակագինը սահմանել են «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունները։ Նրանք ընտրություններին առաջադրված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին մեկ օրվա ընթացքում կտրամադրեն առավելագույնը 6 րոպե եթերաժամանակ, 100 հազար դրամ/րոպե սակագնով։ «Շանթը» և «Արմենիան» նույնքան սակագին էին սահմանել նաև մեկ տարի առաջ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի համար։
Հանրային հեռուստաընկերությունը, ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ առաջարկել է ավելի ցածր սակագին՝ 48 հազար դրամ/րոպե։ 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ «Առաջին ալիքի» եթերում քաղաքական գովազդի 1 րոպեն արժեր 60 հազար դրամ։
«Հ2» հեռուստաընկերությունը չի փոխել սակագինը։ Շաբաթվա առաջին վեց օրերին «Հ2»-ը քաղաքական գովազդի յուրաքանչյուր րոպեն եթեր կհեռարձակի 60 հազար դրամով, իսկ կիրակի օրերին՝ 30 հազար դրամով։
«Հ3» հեռուստածրագիրը սահմանել է 50 հազար դրամ/րոպե սակագին։
Ամենացածր սակագինն առաջարկում է «21TV»-ն՝ 8000 դրամ։ Մեկ րոպեի համար 8400 դրամ է սահմանել «Արարատ» հեռուստաալիքը։ «Երկիր Մեդիան» քաղաքական գովազդի յուրաքանչյուր րոպեի համար սահմանել է 25 հազար դրամ, «Կենտրոնը»՝ 18 հազար դրամ, «Արմնյուզը» և «Արը»՝ 20 հազար դրամ, «Ա-Թիվին»՝ 40 հազար դրամ։
Ռադիոկայանների առաջարկած սակագները տատանվում են 1000-3000 դրամի սահմաններում։ Վճարովի եթերի յուրաքանչյուր րոպեն նվազագույն 1000-ական դրամ են սահմանել «Հայ Էֆէմ» և «Ռադիո Հայ» ռադիոծրագրերը։ Հանրային ռադիոն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին վճարովի եթե կտրամադրի 2000 դրամով։ «Ռադիո Մարշալը» սահմանել է 2500 դրամ/րոպե սակագին, «Ռադիո Վան» և «Ռուսսկոյե ռադիո» ընկերությունները՝ 3000 դրամ/րոպե։ Ռադիոկայանները պատրաստ են յուրաքանչյուր օր 20-ից մինչև 60 րոպե եթերաժամանակ տրամադրել Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերին։
Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի՝ վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս ռադիոընկերությունները և հեռուստաընկերությունները ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո իրենց եթերով հրապարակում են իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին գինը և մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:
Գագիկ Աղբալյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: