Նորաձևությունն ամենահին մեդիաուղղություններից է: Հագուստի և դիզայնի պատմությունը փաստում է, որ հագուստը միշտ եղել է քաղաքական, սոցիալական, տնտեսական կարգավիճակ արտահայտող առաջին միջոցը:
Խոսքը, ժեստերը և այլ հաղորդամիջոցները մշտապես հաջորդել են տեսքին, առաջին վիզուալ տպավորությանը:
Հագուստը սկսում է պատմել իր տիրոջ ով լինելու, ինչով զբաղված լինելու, նրա հետաքրքրությունների ու հնարավորությունների շրջանակի մասին՝ մինչ առաջին հնչած բառը կամ նախադասությունը:
Այսօր մենք դառնում ենք ժամանակակիցը մի երևույթի, երբ նորաձևությունը արտահայտչամիջոցից վերածվում է գործիքի:
Համաշխարհային հարթակում այն դառնում է ոչ միայն ձևի, այլև բովանդակության կրող:
Բերեմ մի օրինակ. աշխարհահռչակ դիզայներները փողոցից նորաձևության բեմահարթակ բերեցին Մերձավոր արևելքից Եվրոպա տեղափոխված միլիոնավոր փախստականների արտաքին տեսքը՝ իրար հետ բացարձակ կապ չունեցող հագուստի շերտերն իրար վրայից հագնելու մշակույթը, մաշված ու կարկատած ջինսերը, կրողի չափսին անհամապատասխան հագուստը:
Այսպիսով, դիզայներները խոսեցին իրենց շրջապատող սոցիալական իրականության և խնդիրների մասին:
Նորաձևությունն այսօր աշխարհում խնդիրներ բարձրաձայնող մեդիա է, այն ուշադրություն է գրավում՝ ակնկալելով կոնկրետ լուծումներ, ցույց տալով զանգվածների վրա իր հսկայական ազդեցության ուժը:
Պետք է նշել, որ վերջին մի քանի տարիներին հայ դիզայներները բավական ակտիվ են աշխատում, գրագետ վաճառք են իրականացնում, արտացոլում են հասարակության մտածելակերպը:
Մենք հագուստի առումով պահպահողական ենք, թեև միշտ չէ, որ մարդիկ կաղապարված են իրենց մտածողությամբ կամ քայլերով: Բավարարելով այդ մտածողության հետևանքով ձևավորված պահանջարկը՝ դիզայներները ստեղծում են ազատ հագուստ, որով հնարավոր կլինի կյանքի առօրեկան հունով ընթացող իրադարձություններին մասնակից լինելուց բացի գնալ նաև բողոքի ակցիաների և երթերի:
Տարբեր թեմաներով շապիկներն ու գլխարկները արդեն մի քանի տարի է թրենդային են Հայաստանում:
Սակայն որոշակի պահին դրանք ստանձնեցին նոր, վճռորոշ պարտականություն՝ փոխանցելու հասարակության լայն զանգվածների գաղափարախոսությունը, դիրքորոշումն ու հաստատակամությունը:
Ոչ թե հեղափոխությունը քարոզեց կրել շապիկներ ու գլխարկներ, այլ խոսքն ու մտադրությունները առարկայացան, նյութականացվեցին: Մարդկանց նախընտրած ազատությունը արտացոլվեց հագուստի մեջ:
Հագուստը գործիք դարձավ երիտասարդների ձեռքերում:
Վարչապետի կնոջ սպիտակ շապիկն ասես մաքուր թուղթ էր հեղափոխության օրերին: Լինելով չորս երեխաների մայր՝ նա դիրքավորվեց երիտասարդների կողքին, նրանց, ովքեր արդեն գրել էին առաջին բառը:
Հետ գնալով ասեմ, որ շապիկների բումը պայմանավորված է համաշխարհային նորաձևությամբ, երբ դիզայներական տները, միանալով տարբեր շարժումների, (հիմնականում` ֆեմինիստական), սկսեցին վեր հանել խնդիրներ:
Շապիկներով մարդիկ սկսեցին հայտնել դիրքորոշում: Նույնն էլ մեր հեղափոխության ժամանակ էր:
Մարդը, որը հագավ «դուխով» գլխարկն ու շապիկը, աջակցեց շարժմանը՝ անգամ լինելով քաղաքի հեռավոր շրջանների տրանսպորտի մեջ՝ առանց խոսքերի և հեղափոխությանը հատուկ գործողությունների:
Հայաստանում անցումային ժամանակաշրջանը չի ավարտվել, ինչպես գաղափարական և քաղաքական, այնպես էլ նորաձևության դաշտում: Չկա հագուստի համահավասարեցում, մեզ մոտ դեռ պահպանվում է արևելք-արևմուտք խաչմերուկի գործոնը:
Իրար կողքի են նորաձևության տարբեր մակարդակները: Օրինակ, առատ շպարով և ընդգծված իգականությամբ ստեղծված կերպարն ու կայացած, խորը ինքնագիտակցությամբ օժտված անձնավորված կերպարը:
Նրանք, կարծես, հարմարված են ապրել նույն ֆիզիկական տարածքում առանց խանգարելու միմյանց:
Հեղափոխությունը կարող է բերել հագուստի ազատություն նաև քաղաքականության մեջ:
Սակայն անձամբ ես գտնում եմ, որ dress-code-ը կարևոր էսթետիկ խնդիր ունի և այն չպետք է անտեսվի: Ինչևէ, սկիզբն արդեն դրվել է, Նիկոլ Փաշինյանը չսափրվելով դեռ մինչև հեղափոխությունը վերաբերունք էր արտահայտում իրադարձությունների հանդեպ:
Հիմա վարչապետ է նույն կերպարով և լավ է, որ կերպարը չի փոխում, քանի դեռ չեն լուծվել խնդիրները, սա հասարակություն-վարչապետ հարաբերության մեջ վստահության հաստատում է: Դա չի խանգարում պաշտոնական հագուկապին: Շատ լավ մտածված է և ենթագիտակցորեն ազդում է մարդկանց վրա:
Ցանկացած իշխանության համար ժողովրդի և միջազգային հանրության հետ իմիջներով հաղորդակցվելու հնարավորությունը շատ հետաքրքրիր է:
Կարծում եմ, հիմա հարմար ժամանակ է իրերին այս դիտակետից նայելու համար: Չէ՞ որ հեղափոխությունը ցույց տվեց դրա էֆեկտիվությունը:
Սիրարփի Ադամյան
Petoor ապրանքանիշի գեղարվեստական ղեկավար,
նորաձևության բլոգեր
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: