Հայաստանը՝ 2017-ի մարտին դառնալով Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) թեկնածու երկիր, պարտավորվել է բացել հանքարդյունաբերության ոլորտի տվյալները:
ԱՃԹՆ զեկույցի ո՞ր կետերին պետք է ուշադրություն դարձնեն հանքարդյունաբերության ոլորտի մասին պատմող լրագրղները:
Բնական ռեսուրսների կառավարման և հակակոռուպցիոն հարցերով բրիտանացի փորձագետ Քոլին Տինտոն Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պատրաստած «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունն ու հայաստանյան գործընթացը» ուղեցույցում պատասխանել է այդ հարցին:
Փորձագետն առաջարկում է.
Վերլուծել ԱՃԹՆ զեկույցի վճարների մասին տվյալները։
Հայաստանի ԱՃԹՆ-ի զեկույցն առաջին անգամ հանրային տիրույթում հրապարակելու է հանքարդյունահանման ոլորտի շահույթների մասին տվյալները:
Լրագրողները կարող են օգտագործել այս տվյալներն ու պարզել, թե որքան եկամուտ է ստանում Հայաստանը իր օգտակար հանածոների արդյունահանման համար:
Ստուգել կառավարության եկամուտների վերաբերյալ տվյալները։
Հայաստանի ԱՃԹՆ զեկույցը կարող է բացահայտել դեպքեր, երբ ընկերությունների և կառավարության ներկայացրած վճարումների վերաբերյալ տվյալները չեն համընկնում։
Լրագրողները կարող են բացահայտել այդ անհամապատասխանությունները և պահանջել կառավարությանը հաշվետու լինել ստացած իրական եկամուտի համար։
Ուսումնասիրել արդյունահանող ընկերությունների հարկային հաշվետվությունները։
Ընկերության վճարումներում տվյալների անհամապատասխանությունը թույլ է տալիս լրագրողներին բացահայտել խոշոր հարկեր վճարող ընկերություններին և նրանց, ում հարկային վճարումները կասկածելիորեն ցածր են:
Հարկային ցածր վճարումները կարող են նշանակել հարկային օրենքների ոտնահարում և կոռուպցիոն գործարքներ:
Оգտագործել իրական սեփականատերերի ռեգիստրը։
2020 թվականից ԱՃԹՆ-ի անդամ պետությունները պետք է հավաքագրեն տվյալներ և բացահայտեն Հայաստանում գործող բոլոր հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերին:
Սա նշանակում է, որ կորպորատիվ սեփականության շղթայի վերին մասում լինելու են իրական մարդիկ, որոնք ապրում են Հայաստանում կամ արտերկրում։
Կարելի է օգտագործել այդ տվյալները՝ բացահայտելու, թե ովքեր են հանքարդյունաբերության «թիկունքում թաքնված» քաղաքական գործիչները:
Ուսումնասիրել, թե ինչ ենթակառուցվածքային ծրագրեր են ֆինանսավորվում հանքային ռեսուրսների արդյունահանումից ստացված գումարներից։
ԱՃԹՆ-ի զեկույցները պետք է մանրամասն ներկայացնեն, թե ինչ ապրանքներ, ծառայություններ կամ ենթակառուցվածքային նախագծեր են տրամադրում ընկերությունները հանքային ռեսուրսների օգտագործման իրավունք ստանալու դիմաց:
Լրագրողները կարող են օգտագործել այդ տվյալները՝ բացահայտելու որոշ բարդ և մութ գործարքներ:
Պարզել՝ կան, արդյո՞ք, կոռուպցիոն ռիսկեր արդյունահանման պետական բաժնեմասի մարքեթինքում։
ԱՃԹՆ-ի զեկույցները պահանջում են պետության կողմից վաճառվող բնական ռեսուրսների արժեքի և ծավալների բացահայտում։
Սա հնարավորություն կտա լրագրողներին պարզելու հանքարդյունաբերության պետական բաժնեմասի մարքեթինգում առկա հնարավոր անօրինականությունները:
Օրինակ, թերագնահատված կամ միջնորդավորված վաճառքներ, որոնք կարող են կապ ունենալ քաղաքական գործիչների հետ։
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: