Օրենքի նոր նախագծով՝ կառավարության նիստերն անցկացվելու են դռնփակ: Այսինքն, լրագրողները հնարավորություն չեն ունենալու կառավարության մամուլի սրահում տեղադրված մեծ էկրանին հետևել նիստերի ընթացքին:
Ավելին, նախագծով առանց վարչապետի թույլտվության կառավարության անդամները չեն կարողանա մանրամասներ ներկայացնել նիստից։
Պետական կառույցին հավատարմագրված լրագրողները, որպես կանոն, օգտագործում են այս առիթը և շատ հարցերի պատասխաններ ստանում հենց առաջին ձեռքից: Կամ նիստի ընթացքում հետևում կառավարության անդամների՝ հիմնականում նախարարների, փոխհարաբերություններին:
Նիստերը երբեմն կարող են բուռն լինել, վարչապետը կարող է չհամաձայնել զեկուցողի հետ, բողոքել օրենքի նախագծի երկարաև մշակումից, դիտողություն անել կամ պարզապես կատակել:
Ինտրիգներով առավել հարուստ են Երևանի ավագանու նիստերը, որոնք այժմ հրապարակային են, միևնույն ժամանակ վտանգված լուսաբանման համար:
Փետրվարի 19-ին լրագրողների և քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի միջև տհաճ միջադեպ տեղի ունեցավ: Նա լրագրողներին խնդրեց դուրս գալ քաղաքապետարանի շենքից, քանի որ խախտել էին ներքին կանոնակարգը:
«Ներքին կանոնակարգի այն մասը, որը վերաբերվում էր լրագրողներին, պետք է հասանելի լիներ վերջիններիս: Թեկուզ փակցված լիներ շենքի ներսում կամ տեղադրված քաղաքապետարանի կայքում»,- ասում է «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության իրավաբան Դավիթ Ասատրյանը:
Նրա խոսքով, այստեղ քաղաքապետարանի հասարակայնութան հետ կապերի պատասխանատուի գործողությունների իրավաչափության հարց կա. «Քաղաքապետարանի աշխատակիցը իրավունք ունի՞ հրամայելու ոստիկաններին գործողություն իրականացնել, արդյո՞ք դրա կատարումն իրավաչափ էր առանց այդ հարցը քննարկելու և որոշում կայացնելու: Այս դեպքում որոշում կարող էր կայացնել միայն նա, ում պաշտոնի անձնագրում նման իրավասություն կա»:
Իրավապաշտպանն ասում է, որ նման իրավիճակում լրագրողները պետք է պահանջեին պետական մարմնի վարչական ակտի գրավոր տարբերակը, որտեղ լինեին հիմնավորումներ:
Ըստ նրա՝ նիստերը դռնփակ դարձնելու ցանկությունը կտրում է կառավարության ու հասարակության կապող թելը, ինչը պակաս հաշվետու է դարձնում կառավարության աշխատանքը:
Լրագրողների արձագանքից հասկանալի էր, որ նրանք տեղյակ չեն, թե ինչ կանոնակարգի մասին է խոսքը, քանի որ այդ պահին գտնվում էին հանրային տարածքում Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հրավերով՝ ներկայացնելու մի շարք խնդիրներ:
Մինչև քաղաքապետարանի շենքից դուրս գալը լրագրողները հասցրել էին տեսագրել ծառայողական սենյակներում աշխատանքային ժամին որոշ աշխատակիցներին՝ թղթախաղ խաղալու պահին, ինչպես նաև ավտոկայանատեղին, որտեղ խմբակցության ծառայողական մեքենայի մուտքն արգելված է։
Այս դեպքից ժամեր անց քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց և հանձնարարեց ներկայացնել Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու առաջարկություն:
«Ավագանու հաջորդ նիստին ու դրանից հետո ևս լրագրողներն իրավունք չեն ունենա ներկա գտնվել ու աշխատել նիստերի դահլիճում»,-«Ազատության» հետ զրույցում հայտարարել է Արթուր Գևորգյանը։
Նիստերի լուսաբանման համար լրատավամիջոցներին այսուհետ կտրամադրվի առանձին տարածք, իսկ եթե Արթուր Գևորգյանի որակավորմամբ՝ ինչ-որ խուլիգանություն լինի, նիստը վարողը կարող է որոշում կայացնել շարունակել հեռարձակումը, թե ընդհատել:
Լրագրողական կազմակերպություններն իրենց տարածած հայտարարության մեջ պահանջել են Երևանի ավագանուց թույլ չտալ ընդունել կանոնակարգի այնպիսի կետեր, որոնք անհիմն կսահմանափակեն լրագրողների աշխատանքը քաղաքապետարանում:
Կառավարության նիստերը դռնփակ դարձնելու նախաձեռնությունից հետո «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը մտավախություն ուներ, որ շրջանառվելու է քաղաքապետարանի, մարզպետարանների և դատական նիստերի դռնփակ լինելու հարցը:
«Տեղեկատվության ազատության օրենքի ընդունումից ի վեր նախորդ տասը տարիների մեր բոլոր ձեռքբերումները լուրջ հարվածի տակ են: Լրագրողները պետք է միասնական լինեն, միայն ահազանգերով և հրապարակումներով հարցը չի կարող լուծվել»,- ասում է Դոյդոյանը՝ հավելելով, որ իրենց հիմնավորումներին այս պահին կառավարությունում չեն կարողանում հակադարձել:
Ինչ վերաբերում է քաղաքապետարանի միջադեպին, նրա խոսքով, շենքում կարող են աշխատել միայն հավատարմագրված լրագրողները, իսկ ծառայողական սենյակ մուտք գործելուց առաջ պետք է ունենալ աշխատակիցների համաձայնությունը, քանի որ այն համարվում է մարդու անձնական տարածք:
Քաղաքապետարանում լրագրողների աշխատանքը չխոչընդոտելու համար քաղաքապետի հետ հանդիպում է նախաձեռնել Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:
Այդ հանդիպման ընթացքում Տարոն Մարգարյանը ասել էր, որ սահմանափակումները բխում են լրագրողների շահերից, որոնք այսուհետ հնարավորություն կստանան աշխատել «ավելի թափանցիկ, հարմարավետ և արդյունավետ պայմաններում, որից կշահի երևանցին»:
Լրագրողները որպես հանրային շահի պաշտպաններ և երաշխավորներ ակամայից քննարկման դաշտ են նետել այն միտքը, որ միշտ չէ, որ հանրային ու պաշտոնական շահերը համընկնում են:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: