Քաղաքական գովազդի խառնաշփոթը Ֆեյսբուքում

20.03.2017, Քննադատ

Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Արդեն խոսել ենք, որ նախընտրական փուլում սոցիալական ցանցերը շատ ակտիվ կիրառվում են քաղաքական ուժերի կողմից։ Հիմնականում որպես հարթակ օգտագործվում է Ֆեյսբուքը և դրան հարակից Ինսթագրամը։ Ավելի ագրեսիվ գովազդային ռազմավարություն է օգտագործում Հանրապետական կուսակցությունը, որի PR-ի մասնագետները կիրառում են նաև գովազդային հարթակները, օրինակ Google AdSense-ը, կայքերում տեղադրելով գովազդ։ Նույնիսկ Վայբեր-ով են ուղարկվում սպամային հաղորդագրություններ ՀՀԿ֊ի գովազդով։

Բացի անմիջական գովազդից՝ մի շարք քաղաքական ուժեր օգտագործում են կողմնակի ռեսուրսներ։ Ներգրավվում են նաև հասարակական կազմակերպություններ։ Օրինակ, ՀՀԿ թեկնածու Միհրան Պողոսյանը ակտիվորեն գովազդվում է մինչ այսօր անհայտ «Քեթրին» հասարակական կազմակերպության կողմից։

Բացի դրանից, բազմաթիվ ֆեյսբուքյան էջեր, որոնք ունեն տասնյակ հազարավոր ընթերցողներ, բայց մինչ այսօր բացարձակ կապ չունեին քաղաքականության կամ կոնկրետ կուսակցության հետ, ընկել են քաղաքական PR-ի ազդեցության տակ։ Ինչի պատճառով որպես գովազդ Ֆեյսբուքում հայտնվում են էջեր, որոնք անսպասելիորեն գովազդում են կոնկրետ կուսակցություններ։

Ֆեյսբուքյան գովազդներում կարելի է գտնել նույնիսկ արտասահմանյան ազդեցություն։ Օրինակ, ՌԴ դեսպանատունը տեղադրել էր գովազդային նյութ, որը նախընտրական փուլում կարող է դիտվել որպես ներքաղաքական գովազդ։

Լրատվամիջոցները գովազդում են իրենց քաղաքական բնույթի նյութերը, որոնք հնարավոր է դիտարկվել որպես որևէ քաղաքական ուժի գովազդ։ Չնայած, այդ որոշումը կարող է ունենալ նաև այլ բացատրություններ։

Կարծում եմ՝ լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները նմանատիպ բացահայտ գովազդ տարածելու և անաչառ կոչվելու իրավունք չունեն։ Տեղադրելով կոնկրետ ուժի գովազդ, լրատվականը ներքաշվում է քաղաքական քարոզչության մեջ։ Եթե, իհարկե, դա չի արվում գիտակցված։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?