2019.07.11,

Նյուսրում

Հոսանքազրկման տեղեկատվական ճգնաժամն ու դրա արձագանքը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հունիսի 10-ին կեսօրին հոսանքազրկվեց Երևանի մեծ մասը: Հայաստանի էլեկտրական ցանցերի թեժ գիծը, սպառողների համար նախատեսված հեռախոսահամարները  դարձան անհասանելի: Կազմակերպությունները, քաղաքացիները և լրատվամիջոցները վթարի առաջին ժամվա ընթացքում չէին կարողանում կապ հաստատել որևէ գերատեսչության հետ (Արտակարգ իրավիճակների նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն) և ճշտել հոսանքազրկման պատճառը:

Խուճապային տրամադրություններ կային սոցցանցերում և ցանցերից դուրս փողոցներում: Լուսացույցները, բանկերը, խանութների մի մասը չէին աշխատում:

«Հոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել էր: Որոշ հատվածներում գնացքները մնացել էին թունելներում: Այնուհետեւ հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղևորները տարհանվել են»,-իր ֆեյսբուքյան էջում գրեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Եթե չլիներ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան գրառումը, կունենայինք տեղեկատվական դատարկություն: Ավինյանը գրեց և բացատրեց վթարի պատճառը՝ իր վրա վերցնելով ստեղծված իրավիճակի տեղեկատվական պատասխանատվությունը: Հետագա ժամերի ընթացքում փոխվարչապետն այս թեմայով մի քանի գրառումներ արեց: Եվ երեկոյան տեղեկացրեց, որ էլեկտրամատակարարման խնդիրը կարգավորված է:

Առաջին ժամերին լրատվական կայքերի համար պաշտոնական տեղեկությունը միայն Կարապետյանի և Ավինյանի ֆեյսբուքյան գրառումներն էին: 

Վթարից մի քանի ժամ անց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հրատապ ասուլիս հրավիրեց և հայտարարեց. «Հայաստանի էներգետիկ համակարգում վթար է տեղի ունեցել, դրա հետևանքով սկզբում անջատվել են Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկն, այնուհետև Երևանի ՋԷԿ-ն ու ավելի փոքր կայաններ»: Սա օգնեց լցնել լրատվական բացը։

Մեդիայի հետ աշխատանքի ՀԷՑ-ի պատասխանատու Նատալիա Սարջանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը երեկ անհասանելի էին:

Էլեկտրական ցանցերի,  ԱԻՆ-ի կայքերի նորությունների բաժիններում այդ ընթացքում որևէ տեղեկություն չհայտնվեց: Վթարի մասին տեղեկությունների համար այդ կայքեր այցելելն անիմաստ էր։

Տեղեկատվության չտրամադրման հազար ու մի արդարացումներ կարող են լինել, բայց ակնհայտ է, որ տեղեկության պակասը խուճապի համար տեղ էր թողնում: 

Հոսանքազրկումը Ֆեյսբուքում

Լույս չլինելու պատճառով ֆեյսբուքում որոշ օգտատերեր պասիվացան, ոմանք էլ ավելի ակտիվացան ու խնդիրն ավելի շատ հումորային ալիք բարձրացրեց: Գրառումներ եղան ցուրտ ու մութ տարիների մասին, լույս չլինելու պատճառով լայքերի նվազման, իրար երես տեսնելու և այլ թեմաներով:

Ֆեյսբուքյան օգտատերերից շատերը տեղեկատվական ճգնաժամի պատճառով ուզում էին տեղեկատվություն ստանալ ցանցի ամենամեծ խմբերում՝ «Ինձ պետք է էս ինչ բանը», «Հայ մայրիկների ակումբ» և այլ խմբերում:

 

Առիթը բաց չթողեցին նաև սոցիալական մարքեթինգի մասնագետները: Հոսանքազրկված ժամերն օգտագործեցին իրենց բրենդի առաջխաղացման համար:

Հենց հոսանքի մատակարարումը վերականգնվեց, ցանցի օգտատերերն ուրախացան, իսկ մեդիադաշտն ու սոցիալական մեդիան անցավ նոր թեմաների քննարկման: 

Սպասենք վերլուծական հոդվածների, թե ինչն էր վթարի պատճառը, ինչպես կառավարվեց իրավիճակը, հարևաններից էներգիա գնելն ինչքան արժեցավ և արդյոք հետագայում ապահովագրված ենք նման իրավիճակներից:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *