2012.01.25,

Քննադատ

Հերքման ու պատասխանի կուլտուրայի մասին

author_posts/mesrop-harutyunyan
Մեսրոպ Հարությունյան
twiterfacebook

Կոչումով` արձակագիր

Վերջին երկու շաբաթվա ընթացքում երկու դեպք եղավ, որ ինձ ստիպեց անդրադառնալ այս թեմային: Առաջինը հետեւյալն է. զանգահարեց առեւտրային մի խոշոր ընկերության PR բաժնի ծանոթ աշխատակցուհին եւ ասաց, թե իրենց կազմակերպության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող լուր է տպագրվել թերթերից մեկում, եւ խնդրեց օգնել՝ պարզելու, թե ով է այդ տեղեկության հեղինակը: Ես նրան խորհուրդ տվեցի հեղինակին պարզելու փոխարեն առաջնորդվել օրենքով. եթե տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը՝ հերքում ուղարկել, որը թերթը պարտավոր է տպագրել, եթե չունի իր գրածը հաստատող փաստեր:

Երկու օր հետո ինքս զանգահարեցի՝ հետաքրքրվելու, թե ուղարկեցի՞ն արդյոք հերքումը: «Ոչ,- ասաց ծանոթս,- ղեկավարությունը որոշեց ավելորդ աղմուկ չբարձրացնել»: Այս պատասխանը ենթադրել է տալիս, որ թերթի հրապարակումը համապատասխանում էր իրականությանը, պարզապես այդ կազմակերպությունը փորձում էր իմանալ, թե ով է իրենց «վառել»… Խմբագիրները կվկայեն, որ սա շատ տարածված գործելաոճ է հայկական իրականության մեջ…

Երկրորդ դեպքը վերաբերում է հրապարակված պատասխանին: Հայաստանյան առաջատար թերթերց մեկը հարցազրույց էր հրապարակել հայտնի ընդդիմադիր գործչի հետ, որում քննադատություն կար իշխող կոալիցիայի անդամ կուսակցություններից մեկի հասցեին: Ահա այդ հատվածը (այստեղ եւ հետագայում մեջբերումներում ես չեմ հրապարակելու կուսակցությունների անվանումները, մարդկանց անունները եւ բնակավայրերի անվանումները, չնույնականացնելու համար, որովհետեւ կարեւորը տարածված երեւույթն է  եւ ոչ թե անձինք կամ կուսակցությունները).

«Ես բազմաթիվ անգամ արտահայտել եմ իմ կարծիքը մարտի 1-ի հանցագործության բոլոր պատասխանատուների վերաբերյալ: Կարող եմ կրկնել, որ … – ն  եւ … – ը անբաժանելի գործընկերներ են, և այս պահին էլ ակնհայտ երևում է նրանց շարունակական համատեղ գործողությունների տրամաբանությունը: Եվ ինձ համար տեսանելի չէ … –ի հետ համագործակցության որևէ եզր, քանի դեռ իրականացված չէ մարտի 1-ի ամբողջական եւ լիարժեք բացահայտում»:

Այսքան բան: Կուսակցությունում սա համարել էին իրենց հասցեին վերավորանք: Եվ ահա հետեւեց այդ կուսակցության անդամ մի պատգամավորի ստորագրությամբ պատասխանը: Ահա այդ պատասխանի խիստ բնորոշ երկու հատված.

«Մարտի 1-ի ողբերգության կատարողների և պատվիրատուների վերաբերյալ մենք մեր տեսակետը բազմիցս հայտնել ենք, և անգամ ամենավերջացած բթամիտները պետք է հասկացած լինեին: Քանի որ պարզվեց՝ որոշ դեպքերում մարդկային բթամտությունը անսահման է, մեկ անգամ ևս կրկնեմ այն, ինչ ասել է մեր կուսակցության նախագահ…»:

«Իսկ ինչ վերաբերվում է տխրահռչակ … – ին, որի պաշտոնավարությունն, ի դեպ, …-ի մարզում հիշում են որպես «բեսպրեդելի», անօրինականության և անբարոյականության կեղտոտ տարիներ, ապա մինչ մարտիմեկյան իրադարձություներից հետո փաստահավաք խմբում հստակ և ուղղորդված պատվերներով տարբեր եզրակացություններ խմբագրելը, կարծում եմ, (նա) դեռ պիտի պատասխան տա…» հետեում էր գործչի հասցեին ուղղված ինչ-որ մեղադրանք:

Այս մեջբերումները «դասական» օրինակ են այն բանի, թե ինչպես չի կարելի պատասխան գրել: Ավելին, ես թերթի պատասխանատուին ասացի, որ հանգիստ կարող էին հղում անել օրենքին եւ չհրապարակել նման պատասխան:

Այստեղ պատասխանի ձեւի ու ծավալի օրենսդրական կարգավորման առնվազն երկու խախտում կա:

Առաջին. ըստ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ՝ «Հերքման եւ պատասխանի իրավունքը» հոդվածի 6-րդ մասի՝ «Պատասխանը  … պետք է վերաբերի միայն պատասխանի առարկա տեղեկատվության մեջ տեղ գտած փաստացի անճշտություններին։ Այն չպետք է պարունակի պատասխանի առարկա տեղեկատվությունը պատրաստած կամ տարածած անձի, ցանկացած այլ անձի կամ նրանց գործունեության քննադատություն, եթե դա ուղղակիորեն կապված չէ այդ տեղեկատվության հետ»։

Չեմ կարծում, թե «ամենավերջացած բթամիտները», «մարդկային բթամտությունը անսահման է» որակումները կամ հարցազրույց տված անձի նախկին գործունեության մասին հիշատակումները որեւէ կերպ առնչվում են հրապարակված հարցազրույցին:

Երկրորդ՝ խախտված էր պատասխանի ծավալի պահանջը: Օրենքի նույն հոդվածի նույն մասում ասվում է.

«Պատասխանի ծավալը չպետք է գերազանցի պատասխանի առարկա տեղեկատվության ծավալը։ Եթե պատասխանի առարկա տեղեկատվությունը բազմաբովանդակ նյութի ամբողջ ծավալից հստակ սահմանազատվող ինքնուրույն, առանձին հատված է, ապա պատասխանի ծավալը չպետք է գերազանցի այդ հատվածի ծավալը»

Պատասխանի առարկա տեղեկավությունը հարցազրույցի ընդամենը մի փոքրիկ հատված էր, մինչդեռ պատասխանը գերազանցում էր դրան երեք անգամ:

Սա եզակի դեպք չէ: Մանավանդ հասարակական դեմքերը, քաղաքական գործիչները, զանազան աստղերն ու «աստղիկները» իրենց հասցեին հնչած ամենաչնչին քննադատությանն անմիջապես արձագանքում են համարյա նման ոճով. «բա դո՞ւ ով ես, որ ինձ (մեզ) բան ասես…» եւ ոչ մի հերքում, եւ ոչ մի իրական պատասխան… Իսկ խմբագիրներն էլ, թեպետ գիտեն, որ օրենքով կարող են նման «պատասխանները» չհրապարակել, սակայն հարապարակում են՝ հիմնականում զահլա չունենալով գլուխ դնել նման պատասխաններ ուղարկողների հետ: Իսկ նման պատասխաններից հետո (բարեբախտաբար այս դեպքում այդպես չեղավ, սակայն հաճախ է լինում) սկսվում է թերթերի էջերով իրար պատասխանելու «նամակագրությունը». «հիմարի մեկը», պատասխան՝ «հիմարը դու ես», հետպատասխան՝  «հիմար չլինեիր տենց չէիր լինի», պատասխան՝ «հիմարից լսեցի»… ու այսպես շարունակ թերթի մի քանի համարում… 

Իսկ փաստերը՞… Դե փաստերը կամ դրանք հերքելը ի՞նչ կարեւոր են: Կարեւորը, ըստ նման պատասխաններ ուղարկողների, քննադատություն հնչեցրած անձին «իր տեղը ցույց տալն» է… Եվ հիշատակածս առաջին դեպքում էլ կազմակերպությունը ոչ թե հերքում էր ուզում հրապարակել, այլ փնտրում էր հեղինակին, որպեսզի պատասխանում ցույց տա, թե ինչ «սրիկա» է նա, որ էդպիսի բան է գրել…

Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *