2020.02.29,

Ստուգված է

Եղնիկը եղնիկ չէր

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Երևանում շրջող եղնիկի լուսանկարը փետրվարի 28-ի երեկոյան տարածվեց սոցցանցերում։ Ահազանգը հասավ մինչև Երևանի ավագանի, Կենդանաբանական այգի ու ուժային կառույցներ։ 

Նար-Դոս փողոցում եղնիկ նկատած քաղաքացիների մասին հաջորդ օրն առավոտյան գրեց hraparak.am-ը։ «Իսկ թե ինչպես է եղնիկը հայտնվել փողոցում, դեռևս հայտնի չէ», – տեղեկացրեց կայքը։ 

Նույն բովանդակությունը սկզբնաղբյուրին հղում տալով տարածեց 7or.am-ը, իսկ lurer.com-ն այն կոչեց «օրվա լուսակար»։ 

Լուսանկարի տարածումից մի քանի ժամ անց Երևանի կենդանաբանական այգին տեղեկացրեց, որ «այն ուղղակի օգտատերերի մտքի վառ երևակայության արդյունքն էր՝ ժամանակակից տեխնիկական միջոցների ներդրմամբ»։

Վառ երևակայությունը հաստատել չենք կարող, սական, կարող ենք փաստել, որ կենդանին փողոցում «հայտնվել էր» Google որոնողական համակարգի տեխնիկական նորարարության միջոցով։ Եթե ունեք սմարթֆոն և ինտերնետ, ապա նույն 3D ձևաչափով եղնիկ, գայլ կամ արջ ձեր բնակարանում կամ փողոցում ինքներդ էլ կարող եք նկարել: Նույն ձևով, ինչպես նկարի հեղինակը՝ Հովո Թորոսյանը ֆեյսբուքյան օգտատերը։

Ինչպես էր ամեն ինչ եղել

Նկարի հեղինակը «ինքնաբացահայտվեց» Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառման մեկնաբանություններում։ Վերջինս, նկատելով ակնհայտ ֆոտոշոփը, գրել էր․ 

«Պարտադիր չի մեդիա-գուրու և ֆոտոշոփի վարպետ լինել՝ իմանալու համար, որ կենգուրուի պոչով եղնիկ չի լինում, կամ որ չորքոտանի կենդանին չի կարող ստվեր թողնել միայն երկու ոտքերից»։ 25-ամյա երիտասարդն էլ կատակով արձագանքել էր․ – «Ես ֆոտոշոփից ահավոր հեռու մարդ եմ, նենց որ կներեք, որ շողքը լավ չի ստացվել»։ 

Media.am-ի հետ զրույցում Հովհաննես Թորոսյանը պատմեց եղնիկի լուսանկարի ստեղծման պատմությունը, որի նման ծավալներով տարածումը չէր պատկերացրել։

Google-ում որոնել էր “олень” բառը։ Առաջին արդյունքով որոնողական համակարգը կենդանուն ցուցադրել էր իրական չափսերով և 3D ձևաչափով։ Ստացվել էր։ Նկարը նախ ուղարկել էր մի քանի ընկերների, արձագանքներից հասկացել, որ բոլորը հավատում են, ապա որոշել էր կիսել ավելի շատ մարդկանց հետ և տեղադրել իր Instagram և Facebook հաշիվներում։ Նույն նկարը տարածել էին նաև բովանդակությանը հավատացող ընկերները։ Իսկ հաջորդ օրն արդեն տարածում էին հերքումները։

Լուսանկարի հրապարակումից մոտ մեկ ժամ անց եղնիկի մասին լուրը հասնում է պատասխանատու կառույցներին։ Տեղում որոնում-հարցում են անում ու այսպես պարզվում է իրողությունը։

Հովհաննեսն ասում է, որ ֆոտոշոփ ծրագրին չի տիրապետում, նախկինում նույնը մեթոդով նկարել  է պոկեմոններ և դինոզավրեր, սակայն, դրանց հավատացող չէր եղել։ Այս լուսանկարը լրացուցիչ չի մշակել, կենդանու պոչն էլ իրական է։ Հովհաննեսը սոցցանցերի ակտիվ օգտատեր չէ․ «վերջին 6 ամսում էսքան ֆեյսբուք չէի մտել, որքան էս վերջին օրը», – ասում է նա։ 

Նկարի հեղինակն ասում է, որ պատմության միակ հետևանքը կարող է լինել այն, որ «եթե իսկական եղնիկ փախնի՝ արդեն ոչ ոք չի հավատա»։ Իսկ քաղաքապետի մամուլի խոսնակը խնդրին ավելի լուրջ է մոտնեում, հատկապես, որ նման լուսանկարի հավատացողները նաև լրատվամիջոցներ էին․ 

«էս անմեղ կատակից բացի, կարող են ձեր կյանքում այլ «հանաքչիներ» էլ ռաստ գալ, որոնք ֆոտոշոփի գործիքներին ավելի լավ են տիրապետում, ու որոնց «կատակների» հետևանքները կարող են ավելի տխուր լինել: Ընդ որում, ոչ միայն, և ոչ այնքան ձեր համար», – գրել էր Կարապետյանը։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *