Վերջին տարվա ընթացքում կիբերանվտանգության ոլորտը Հայաստանում փոխվել է ու այդ փոփոխություններն, այսպես թե այնպես, առնչվում են քաղաքականությանը։ Փոփոխությունները, ցավոք, բացասական են։
Կիբերհարձակումների թիրախ են դառնում սոցցանցային ակտիվիստները, լրագրողները և լրատվամիջոցները։
2020-ի հունվարին հայտարարված հարձակումները (ուզում եմ հատուկ նշել, որ ինքս կամ իմ ծանոթ մասնագետները չեն զննել դեպքերը) բավականին մեծ աղմուկ հանեցին, քանի որ թիրախային ցանկում լրագրողներ էին, փաստաբաններ։
Մի բան ակնհայտ է․ կիբերհարձակումները դարձել են ռեալ գործիք։ Ընդ որում, արդեն բարդ է հասկանալ, թե ով է իրականացնում հարձակումը։
Այսօր կարելի է ենթադրել, որ ՀՀ տարածքում գործում են հարձակում իրականացնող մի քանի հնարավոր աղբյուրներ.
- որոշ պետական մարմիններ,
- պետական մարմինների նախկին և ներկա աշխատակիցներ, որոնք սպասարկում են այս պահին իշխանություն չունեցող մարդկանց,
- օլիգարխների և խոշոր տնտեսվարողների կողմից վարձած օտարերկրյա հաքերային խմբեր,
- ադրբեջանական և թուրքական հաքերային խմբեր, որոնցից մի մասի հետքը տանում է դեպի այդ երկրների պետական կառույցներ,
- ռուսաստանյան հաքերային խմբեր, որոնց մի մասի հետքը, ենթադրաբար, տանում է դեպի այդ երկրի պետական կառույցներ։
Ավելին, գոյություն ունի շատ լուրջ միջազգային մակարդակի հարձակման մասին հայտարարություն, որի թիրախներից մեկը եղել է նաև Հայաստանը: Հարձակումն իրականացրել է լրիվ անհայտ, բայց ենթադրաբար, որոշակի պետության շահերը սպասարկող հաքերային խումբ։ Ահա, այսպիսի բարդ և գնալով բարդացող իրավիճակ։
Իսկ հիմա դիտարկենք մի քանի լուրջ հարձակում, որոնք իրականացվել են մեդիայի դեմ 2019 թվականին։
Կայքերի դեմ հարձակումներ
Անցյալ տարվա մայիսի 5-ին թուրքական Akincilar ազգայնական հաքերային խմբի կողմից կոտրվեց News.am լրատվականը, որտեղ տեղադրվեց Թուրքիայի դրոշը։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության Forrights.am կայքը 2019-ի դեկտեմբերի 12-24-ը պարբերաբար ենթարկվում էր DDoS հարձակումների, որոնց պատճառով կայքի աշխատանքը մի քանի օր ամբողջովին կազմալուծվել էր։
Հարձակումները դադարել են միայն այն ժամանակ, երբ CiviCERT-AM կազմակերպությունը ձեռնարկեց կայքը պաշտպանելու միջոցներ։ Այս հարձակումն առավել մտահոգիչ է այն պատճառով, որ հստակ իրականացվել է լրատվամիջոցը լռեցնելու համար, ամենայն հավանականությամբ, կատարվել է ներքին պատվիրատուի կողմից։
Բացի դրանից, մտահոգիչ էին նաև հարձակման ծավալները, որոնք գերազանցում էին որոշ չափանիշներով մինչ այդ Հայաստանում արձանագրված այլ DDoS հարձակումները։
Նաև նշենք, որ Antifake.am կայքը հայտարարեց, որ ենթարկվել է հարձակման, ինչի հետևանքով ջնջվել են մի շարք հրապարակումներ։
Անհատական հարձակումներ
2019-ի սեպտեմբերի 6-ին հարձակում էր կատարվել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանի վրա, ինչի հետևանքով երկու անհայտ անձինք առևանգել էին նրա սմարթֆոնը։
Սեպտեմբերի 15-ին «Զնդան» անվանումով անհայտ մի էջ տեղադրեց մի շարք սքրինշոթներ, որոնք, իբրև թե ներկայացնում էին Ստյոպա Սաֆարյանի նամակագրությունը իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Էջն ունի մեկ ադմին, որը, ամենայն հավանականությամբ, տեղակայված է Ռուսաստանի Դաշնությունում։
Ներկայացված «սքրինշոթները» լայն տարածում գտան սոցցանցերում և մամուլում։
Այս դեպքը վտանգավոր է նաև քաղաքական մանիպուլյացիաների տեսակետից։ Մենք գործ ունենք հիբրիդային վտանգի հետ, երբ հայտարարությունն այն մասին, որ հեռախոսը հափշտակվել է, հանգեցնում է հետագայում այդ անձի անունից ապատեղեկատվություն տարածելու հնարավորության։
Նույնը վերաբերում է հարձակման ենթարված սոցցանցային հաշիվներին, էլեկտրոնային փոստերին։
Այսինքն, հարձակման իմաստը կարող է լինել ոչ միայն տեղեկատվության կորզումը, այլ նաև՝ ապատեղեկատվության ստեղծումն ու տարածումը։
Սա ունի իր հակառակ կողմը, երբ հասարակական և քաղաքական գործիչը, որը ցանկանում է չեզոքացնել իր հայտարարությունը սոցցանցերում, կարող է նախօրոք հայտարարել, որ կա՛մ իր հեռախոսն է հափշտակվել, կա՛մ սոցցանցային հաշիվը ենթարկվել հարձակման, և իրական հեղինակը ինքը չի եղել։ Նման հայտարարությունների մենք հանդիպել ենք բազմիցս:
Ավելի ուշ, տարվա ավարտին մոտ CiviCERT-AM-ի կողմից հայտնաբերվեց մի ակտիվիստի հեռախոսի մեջ ներդրված գաղտնալսման և այլ տիպի թվային վերահսկողություններ ապահովող ծրագիր։ Կասկածներ կան, որ սա ոչ թե ներքաղաքական իրավիճակի հետևանք է, այլ ավելի շուտ կապ ունի տնտեսական ոլորտի հետ։ Սա խիստ մտահոգիչ դեպք է, քանի որ Հայաստանում կիբերհարձակումների ոլորտ նոր որակ է բերում։
2019-ի մայիսի 17-ին Ֆեյսբուքում արգելափակեցին միանգամից չորս հայտնի հասարակական գործչի՝ Լարա Ահարոնյանին, Ստյոպա Սաֆարյանին, Դանիել Իոննիսյանին ու Լևոն Բարսեղյանին։ Գործողության պատասխանատվությունն իր վրա վերցրեց անհայտ Digital Granate խումբը, որը նաև կոտրել էր պերուացի երաժիշտների էջը և իրենց բանկային քարտի միջոցով տեղադրել սպառնալիքներով գովազդ։
Սա ամենաաղմկահարույց գործն էր։ Սակայն արգելափակումների բերող անձնական հարձակումները դառնում են Հայաստանի համար լուրջ խնդիր։
Հիմնականում մեխանիզմը կրկնվող է․ զանգվածային բողոքներ կոնկրետ գրառումների կամ ընդհանուր հաշվի դեմ։ Հաճախ համակարգը իրականացնում է ավտոմատ արգելափակումներ, հատկապես Հայաստանի դեպքում, երբ մոդերատորները սովորաբար չեն հասկանում հայերեն:
Զանգվածային բողոքների միջոցով պարբերաբար արգելափակումների են հասնում ադրբեջանցի հայրենասիրական ակտիվիստները, որոնք զանգվածային բողոքներ են ուղարկում հայաստանցի ակտիվ օգտատերերի, լրագրողների, քաղաքագետների, բլոգերների դեմ։
Արդեն մի քանի տարի է, ինչ իրենց հաջողվում է տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հաշիվներ արգելափակել։
Հիմա ավելի շուտ ակտիվացել է ներքին հարձակումների տարափը։
Ներքաղաքական զանգվածային բողոքները հանգեցնում են ոչ միայն անհատական էջերի արգելափակումներին։ Մի շարք լրատվամիջոցների էջեր պարբերաբար կորցնում են դիտումներ, քանի որ ֆեյսբուքի ալգորիթմը նրանց բովանդակությունը դիտարկում է որպես անթույլատրելի՝ ինչ-որ չափանիշից ելնելով։
Վերջերս նաև նկատվում են նմանատիպ արգելափակումներ կամ ցուցադրումների նվազեցում բնապահպանների ստեղծած բովանդակությունում, ինչը տեղիք է տալիս ենթադրելու, որ գործ ունենք նաև ոչ թե քաղաքական, այլ ավելի շուտ տնտեսական բնույթի նմանատիպ գործողությունների հետ։
Եզրակացնելով, նշեմ, որ լրագրողների անվտանգությունը միայն իրենց համար չէ։
Լրագրողները նաև այլ անձանց, գաղտնի աղբյուրների տեղեկատվության կրողներ են և որոշ առումով պարտավոր են հետևել թվային անվտանգության հիմնական կանոններին։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: