Զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի նրբությունները հակամարտությունների լուսաբանման ժամանակ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին Ինտերնյուս) սկսում է դասընթացների շարք՝ հակամարտությունները լուսաբանող երիտասարդ լրագրողների համար:
Շարքը բաղկացած է երեք եռօրյա դասընթացներից, որոնք անցկացվելու են մինչև տարեվերջ Երևանում, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:
Դասընթացներից յուրաքանչյուրն իր թեման է ունենալու.
– Ատելության լեզուն. ինչպես գրել հակամարտությունների մասին,
– Վստահելի աղբյուրներ. ինչպես ստուգել ինֆորմացիայի հավաստիությունը,
– Քաղաքացի՞, թե՞ լրագրող. անլուծելի այլընտրանք:
Առաջին դասընթացն անցկացվելու է 2014թ-ի հուլիսի 28-30-ը: Մասնագետների օգնությամբ լրագրողները կծանոթանան հակամարտությունները լուսաբանելու առանձնահատկություններին, կվերլուծեն թեմայի լուսաբանման թե՛ դրական, թե՛ բացասական օրինակներ, կլինեն նաև առցանց քննարկումներ հակամարտությունները լուսաբանող օտարերկրյա լրագրողների հետ: Որպես գործնական առաջադրանք մասնակիցները կպատրաստեն հեղինակային նյութերը, որոնք կարող են հրապարակել իրենց լրատվամիջոցներում: Լավագույն նյութերի հեղինակները կխրախուսվեն:
Դասընթացին կարող են մասնակցել աշխատանքային փորձ ունեցող լրագրողները, ովքեր հետաքրքրված են հակամարտությունների լուսաբանմամբ: Նախատեսվում է, որ բոլոր երեք դասընթացներին մասնակցելու է լրագրողների նույն խումբը:
Խմբում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մինչև 2014թ-ի հուլիսի 21-ը [email protected] էլ. հասցեին ուղարկել կենսագրական (CV) և կարճ հիմնավորում՝ դասընթացներից ձեր ակնկալիքների մասին: Եթե ունեք թեմայի վերաբերյալ հոդվածներ, հեռուստատեսային կամ ռադիոնյութեր, խնդրում ենք ուղարկել նաև դրանց ինտերնետային հղումները:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (նախկին Ինտերնյուս)՝ 010 58 36 20, Սոնա Քոչարյանին, կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեով:
Հասցեն՝ Երեւան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ։
Դասընթացները կազմակերպվում են «Հակամարտությունների լուսաբանումը հարավկովկասյան լրատվամիջոցներում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: