ԱԺ տարբեր խմբակցությունների պատգամավորներ նախաձեռնել են «ֆեյքերի մասին» անվանումը ստացած օրինագիծ, որի համաձայն՝ լրատվամիջոցը պատասխանատվություն է կրելու սոցիալական ցանցերի օգտատերերի ստատուսները վերահրապարակելու համար, եթե դրանք վիրավորանք կամ զրպարտություն են պարունակում:
Օրինագծի անհրաժեշտության հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նախատեսվող լրացումները պայմանավորված են այն հանգամանքով, որ վերջին շրջանում լայն տարածում է ստացել սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի («ֆեյքերի») միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության տարածումը, որը խախտում է մի շարք անձանց ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, արժանապատվության իրավունքը: Խնդիրը առավել կարեւորվում է նրանով, որ մի շարք լրատվական միջոցներ վերարտադրում եւ տարածում են կեղծ օգտատերերի զրպարտություն կամ վիրավորանք պարունակող տեղեկատվությունը, դրանք առավել հանրայնացնելով, ինչի հետեւանքով այդ տեղեկատվությունը հայտնի է դառնում նույնիսկ այն անձանց, ովքեր գրանցված չեն սոցիալական ցանցերում:
Այս օրինագիծը մեդիա դաշտում լայն քննարկումների եւ բողոքի առիթ է դարձել: Օրինագծի անհրաժեշտությունը մեկնաբանում են մեդիա փորձագետները:
Դավիթ Ալավերդյան
Մեդիամաքսի գլխավոր խմբագիր
Ես համոզված եմ, որ նման օրինագծի անհրաժեշտություն չկա, որովհետեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով զրպարտության եւ վիրավորանքի հետ կապված բոլոր կետերը բավական հստակ սահմանված են: Իսկ այն խնդիրները, որոնք որեւէ արտացոլում չունեն մեր քաղաքացիական օրենսգրքում, կարգավորվում են մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով, որոնք վերաբերում են նաեւ Հայաստանին:
Առանց այս օրինագծի էլ լուծումը կա. երբ որեւէ մեկի պատիվն ու արժանապատվությունը վիրավորված է, պետք է դիմի դատարան:
Այս օրենքն իր մեջ բազմաթիվ վտանգներ է պարունակում. այն կարող է սահմանափակել ինֆորմացիայի եւ արտահայտվելու ազատությունը:
Կարծում եմ՝ հեղինակները օրինագիծ մշակելիս նկատի են ունեցել 1-2 կայքերի, որոնք հաճախ օգտվում են ֆեյսբուքյան ստատուսներից եւ դրանցից լուրեր են պատրաստում կամ անմիջականորեն տեղադրում են իրենց կայքերում, բայց այս օրինագիծն, ի վերջո, անդրադառնալու է ամբողջ լրատվական դաշտի վրա:
Բացի այս՝ օրինագիծը բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց հեղինակները նաե տեխնիկական առումով պատասխան չեն կարող տալ, օրինակ, ինչպե՞ս պետք է ինֆորմացիա հայթայթել ֆեյսբուքում, եթե մարդը չի գրանցվել իր անուն ազգանունով, այլ գրանցվել է կեղծանունով, նա ֆե՞յք է, թե՞ ոչ:
Եթե օրինագիծը մտնի ԱԺ, համոզված եմ, որ կընդունվի, որովհետեւ պատգամավորներն իրենք խնդիր ունեն այդ ֆեյքերի, ֆեյսբուքի հետ:
Սամվել Մարտիրոսյան
մեդիա փորձագետ
Ես կարծում եմ, որ ֆեյքերի մասին օրենքի անհրաժեշտություն ընդհանրապես չկա, որովհետեւ առկա օրենքը թույլ է տալիս այդ հարցը կարգավորել, արդեն նախադեպ էլ կա, լրացուցիչ կարգավորումն ուղղակի խառնաշփոթ կստեղծի: Խնդիրն այն է, որ մարդիկ ավելի շուտ հավատ չունեն դատարանի նկատմամբ:
Նոր օրինագիծը լրատվամիջոցներին ճնշելու լրացուցիչ լծակներ է ստեղծում: Բացի այդ՝ այն նոր հասկացությունները, որոնք փորձ է արվելու մտցնել, այն տեսքով, որ այսօր կան, շատ թերի են: Օրինակ՝ «անհայտ օգտատեր». այսպիսի գաղափար ընդհանրապես չկա, սա ծիծաղելի է:
Օրինագծում «լրատվամիջոցի» նկարագրության տակ ընկնում են սոցիալական ցանցերի բոլոր այն օգտատերերը, որոնք բաց են կատարում գրառումները: Այսինքն՝ յուրաքանչյուր մարդ, ով գրառում է անում Օդնոկլասնիկիում, ավտոմատ դառնում է լրատվամիջոց եւ ընկնում է այդ սանկցիաների տակ:
Խնդիրն այն է, որ մի կողմից՝ միանգամից մի քանի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են հեղինակները, դրա համար օրինագիծն առաջ տանողներն ավելի ուժեղ են դառնում: Մյուս կողմից՝ հասարակության շրջանում ցանկություն կա այս ամենը կարգավորելու, եւ օրինագծի կողմնակիցները, որոնք լավ չեն պատկերացնում, թե ինչ հետեւանքներ կարող է այն ունենալ, շատ կլինեն:
Արթուր Պապյան
մեդիա փորձագետ
Ես հավատացած եմ, որ եթե ինչ-որ բան առանց որեւէ օրենքի աշխատում է, դրան ձեռք տալ հարկավոր չէ: Այս օրենքը նախաձեռնողները գտնում են, որ իրենք փորձում են կարգավորել չկարգավորված ինչ-որ բան, բայց իմ կարծիքով՝առկա օրենսդրական դաշտը, Հայաստանի միջազգային պարտավորությունները կարգավորում են նրանց կողմից արծարծվող խնդիրը: Ուրիշ հարց է, որ ոչ ոք չի ուզում դիմել դատարան:
Եթե մտցվում է օրենք, այն պետք է առավելագույնս պարզ ու հստակ լինի, որպեսզի հետո չարաշահումների տեղիք չտա: Այս առումով ինձ համար պարզ չեն մի շարք ձեւակերպումներ, այդ թվում՝ «հեղինակին նույնականացնող տվյալներ» հասկացությունը:
Ի՞նչ է սա նշանակում, պետք է մարդու մատնահե՞տքը ցույց տալ, էլ.փոստի կամ IP հասցենե՞րը: Ես, որպես ՏՏ ոլորտի մասնագետ, սրանցից ոչ մեկը չեմ համարում վստահելի նույնակացման ձեւ:
Լրացուցիչ խնդիրներ են առաջանում նաեւ vox pop-երի՝ փողոցային հարցումների հետ կապված: Ենթադրենք՝ հարցվողներից որեւէ մեկն ասում է, որ Հայաստանի որեւէ պաշտոնյա մոնղոլ-թաթար է, դա ինչպե՞ս պետք է հասկանալ՝ որպես հաճոյախոսությու՞ն, թե՞ վիրավորանք: Եվ եթե դա վիրավորանք է, ապա հարցվողին ինչպե՞ս կարելի է նույնականացնել:
Պահանջ ներկայացնելու կարգում գրված է, որ լրատվամիջոցին վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունները հեռացնելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու դեպքում դրանք պետք է հեռացվեն 12 ժամվա ընթացքում:
Մարտի 1-ին Ազատություն ռադիոկայանն ունեցել է 3000 մեկնաբանություն: Ենթադրենք՝ մեկնաբանությունների կեսը մոդերացրել եմ, մյուս կեսն էլ, որը պոտենիցալ վիրավորանք պարունակող է, ֆիզիկապես չեմ հասցրել մոդերացնել: Ինձ ինչպե՞ս են այդ մասին տեղեկացնելու, զանգելու են հեռախոսո՞վ ասեն՝ վիրավորական մեկնաբանություններ կան, հեռացրեք: Յուրաքանչյուր մեկնաբանության համար առանձին-առանձի՞ն են տեղեկացնելու: Եվ ինչպե՞ս են ֆիքսելու, որ տեղեկացրել են: Եթե մեկ ամիս հետո ասեն՝ տեղեկացրել ենք, չեք հեռացրել, ես ինչպե՞ս եմ ապացուցելու, որ չեն տեղեկացրել, իսկ իրենք ինչպե՞ս են ապացուցելու, որ տեղեկացրել են:
Մովսես Հակոբյան
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի իրավաբան
Օրենքի այս նախագծով կարգավորվում են տեղեկատվության աղբյուրները եւ կայքում կատարված մեկնաբանությունները: Աղբյուրների ճշգրտման հարցը ենթակա է ինքնակարգավորման: Մեկնաբանությունների դեպքում փաստացի պատասխանատվություն է դրվում կայքերի վրա երրորդ անձանց կողմից ստեղծված բովանդակության համար, ինչը կարծում եմ՝ համաչափ չէ:
Մեկնաբանությունների հետ կապված՝ նախագծի հեղինակներն իրենց հիմնավորման մեջ անդրադարձել են Դելֆին ընդդեմ Էստոնիայի գործին: Այսօր նույն այդ գործի վերաբերյալ Դելֆին դիմել է Եվրոդատարանի գլխավոր պալատին՝ Grand Chamber-ին, որպեսզի այն վերանայվի: Դելֆիին այդ հարցում աջակցում են մոտ 70 միջազգային կազմակերպություններ, որոնց թվում են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Google-ը, Forbes-ը, Reuters-ը, the New York Times-ը, Bloomberg-ը, Guardian-ը, European Publishers Council-ը, Greenpeace-ը եւ ARTICLE 19-ը:
Այսօր Դելֆիի գործով վերջնական լուծում տրված չէ, եւ նման ձեւով հղում կատարելը կարծում եմ՝ բավականաչափ լավ հիմնավորում չէ:
Եթե մի դեպքում մենք պաշտպանում ենք մեկի անձնական իրավունքը վիրավորանքի եւ զրպարտության դեմ, ապա մյուս դեպքում սահմանափակում ենք խոսքի ազատությունը: Եթե այս օրենքն ընդունվի, այն կստիպի մեդիա ընկերություններին գրաքննություն մտցնել՝ ոչ ցանկալի դատական գործերից եւ տուգանքներից զերծ մնալու համար:
Ես համարում եմ, որ նման նախագծով մենք ընդհանրապես կվերացնենք ինտերնետը՝ որպես իֆորմացիայի աղբյուր: Լրատվամիջոցները կխուսափեն հղում կատարել ինտերնետ օգտատերերին, քանի որ իրականում մեծ հաշվով համացանցի օգտատերերին նույնականացնելն անհնար է:
Բացի այս ամենը՝ լրատվամիջոցի սահմանումը հեղինակները վերցրել են ԶԼՄ-ների մասին օրենքից, որի տակ կարող է ընկնել ցանկացած օգտատեր, ով հասանելի է անսահամանափակ թվով ընթերցողների: Սա վտանգավոր է նրանով, որ սահմանը լրագրողական համայնքի եւ սովորական ինտերնետ օգտատերերի միջեւ վերանում է:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: