Կառավարությունը որոշել է կառավարության պահուստային ֆոնդից հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին հատկացնել 26,6 մլն դրամ՝ հեռուստատեսային եթերի չափումներ իրականացնող ընկերությունում միջազգային աուդիտ անցկացնելու համար։
Աուդիտը պետք է պարզի Հայաստանում հեռուստաչափումներ իրականացնող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության կողմից մատուցվող ծառայության` թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության և եթերի մոնիտորինգի արժանահավատությունը և հեռուստաչափումների իրականացման մեթոդաբանության համապատասխանությունը միջազգային չափանիշներին։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի խոսքով, նման աուդիտ Հայաստանում երբևէ չի անցկացվել։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը դիմել է միջազգային փորձառություն ունեցող մի շարք արտասահմանյան ընկերությունների և ստացել գնային առաջարկներ, նպատակահարմար գտնելով դիմել միջազգային աուդիտի համար ամենացածր գին առաջարկող 3M3A ընկերությանը։
Կառավարության նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն էլ ասել է, որ հանձնաժողովն այս տարի կուսումնասիրի նաև մեդիագովազդի շուկան, գովազդների բաշխման մեխանիզմներն ու հեռուստաընկերությունների միջև փոխկապակցվածությունը։
Հեռուստատեսային եթերի ու չափումների հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ շարունակելու են հետևողական պայքարը մենաշնորհների դեմ․ «Հանրային կյանքի կարևոր ինստիտուտների թափանցիկությունը պետք է բարձրացնենք։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է հեռուստատեսային շուկային։ Այդ շուկայում մենք այսօր ունենք որոշակի մենաշնորհային դիրք»։
Վարչապետը ներկայացրել է սխեմա, համաձայն որի՝ Հայաստանում ստեղծված երկու կառույցներից մեկը բաշխում է հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարները, մյուսը չափում է հեռուստաընկերությունների վարկանիշները, և այդ գովազդային գումարները բաշխվում են ըստ արձանագրված վարկանիշների։
«Ըստ էության հեռուստատեսային շուկայում գովազդի բաշխման համակարգը մոնոպոլիզացված է։ Եվ, եթե կա փոխկապակցվածություն հեռուստաընկերությունների, վարկանիշ չափող և գումար բաշխող ընկերությունների միջև, մենք կարող ենք արձանագրել, որ կա երկրում ինֆորմացիոն հոսքերը վերահսկելու հստակ գործառույթ։ Եվ այդ գործառույթը գտնվում է հանրապետության նախկին ղեկավարության հետ կապված անձանց վերահսկողության ներքո»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա խոսելով կառավարության թափանցիկությանն ուղղված վերջին 1,5 տարվա աշխատանքներից, նշել է, որ պետք է թափանցիկ լինեն նաև հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները, բացահայտվեն իրական սեփականատերերը։
Ըստ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, իրական սեփականատերերին բացահայտելու մեխանիզմներ պատրաստվում են ներդնել: Առաջինը հանքարդյունաբերող ընկերությունների համար է մշկվել մեխանիզմը՝ ինքնահայտարարագրման տեսքով։ Սակայն, ըստ նախարարի, դա բավարար չէ իրական սեփականատերերին բացահայտելու համար։ Բոլորի համար կմշակվի միևնույն մեխանիզմը։
Վարչապետը նաև նշել է, որ «Հայաստանում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող, նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ»։
«Առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել կոռուպցիա, կամ «Կոռուպցիա գրուպ» ընկերությունը ներկայացնում է լուրերի հրատապ թողարկումը», – շարունակել է նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ հեռուստաընկերությունների գործունեությունը բացահայտում է «ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակը, այլև՝ նրանց շոշափուկների ու մետաստազների»: Ինչպես նաև կհեշտացնի իրենց աշխատանքը կոռուպցիայի դեմ պայքարում։
«Այն լրատվական պատերազմը, որ մեր կառավարության ու ժողովրդի դեմ տարվում է, օգնում է, որ մենք մեր աշխատանքի որակը ավելի ու ավելի բարձրացնենք, բայց մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ իրական լոգոները գրվեն իրական հեռուստաընկերությունների վրա»,-ասել է վարչապետը։
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: