2020.04.25,

Քննադատ

Լրագրության անցյալից. «02»-ը՝ «միլիցեքի վինետկա» և «ռազբորկաների» ասպարեզ

author_posts/vasak-darbinyan
Վասակ Դարբինյան

լրագրող, խմբագիր

Կանցնեն շատ տարիներ, և 2008-ի գարնանը Հյուսիսային պողոտայում ճանապարհս կփակի բարձրաստիճան մի ոստիկան, հասկացնելով, որ շրջանցեմ պողոտայի այդ հատվածը: Ես կպահանջեմ չսահմանափակել ազատ տեղաշարժի իմ իրավունքը, իսկ նա կշարունակի ատելությամբ նայել դեմքիս, արհամարհելով պահանջս:  «Երևի չգիտեք ով եմ»,- կասեմ ես, և նա վրեժ լուծողի ինքնագոհությամբ կհակադարձի. «Ես ձեզ ճանաչում եմ… Էդ դո՞ւք չէիք, որ «02»-ը դարձրել էիք միլիցեքի վինետկա»: Մի պահ չեմ հասկանա ինչի մասին է խոսում,  ապա կժպտամ ու կանցնեմ դու-ի. «Փաստորեն քեզ էլ են հեռացրել համակարգից… Բա ո՞նց վերականգնվեցիր, ո՞վ վերականգնեց…»: Նա, իհարկե, չի պատասխանի…

Փոխգնդապետը ճիշտ էր. իմ խմբագրած «02»-ի առաջին էջում հաճախ տպագրվում էին համակարգից հեռացվածների լուսանկարները՝ հեռացվելու պատճառների մասին հակիրճ տեղեկատվությամբ: Չհիշեցի, թե ճանապարհս փակողն ինչու էր հեռացվել, բայց մի գնդապետ, օրինակ, հեռացվել էր ֆայլաբազարի բանվորներին իր տանը ձրի բանեցնելու ու այդպես էլ առանց վարձատրելու վռնդելու համար:

Այս խմբագրությունում էլ ամեն ինչ հարթ չընթացավ: Մի անգամ, օրինակ, քննադատական հոդված տպագրվեց դպրոցական նոր դասագրքերի մասին: (Շատերը կզարմանան՝ բայց ինչ կապ ունի «02»-ը դպրոցական դասագրքերի հետ, ու ես այդպես էլ հիմնավորում չեմ գտնի, բացի թերևս այն, որ եթե ֆրանսիական թարմ կարմիր գինու օգտակարության մասին էի թարգմանաբար հոդված տպագրել, ինչու, ուրեմն, մեր դպրոցական դասագրքերի մասին պիտի չտպագրեի, մանավանդ որ թեմատիկ այս «շեղումները» թերթը դարձնում էին բազմազան ու հետաքրքիր): Քննադատությունից ազդվել էր այն ժամանակվա նախարար Աշոտ Բլեյանը, որի նախաձեռնությամբ էին հրատարակվել նոր դասագրքերը: Զանգեց, բողոքեց, վիճեցինք, հաշտվեցինք… Բայց, ինչպես ասում են՝ նստվածքը մնաց:

Ի տարբերություն ՆԳ նախարարի՝ իմ մտերմագույն ընկերները՝ լրատվության վարչության նոր պետն ու տեղակալը, հաճախ էին փորձում միջամտել խմբագրության աշխատանքներին: Նրանք դա անում էին՝ քաջ իմանալով, որ մինչև իրենց գալը թերթն արդեն իսկ առանձնացված էր վարչությունից:

Մի օր զանգեց վարչության պետի տեղակալը, ասաց, որ նախագահականից նյութ են ուղարկելու, լավ կլինի վաղվա համարում տպագրվի: Ապա զանգեց վարչության պետը և ասաց նույնը: Երկուսին էլ նույն հարցը տվեցի՝ իսկ ինչու են իրենք ասում էդ նյութի մասին, նախագահականից չե՞ն կարող կապվել ինձ հետ… Քիչ անց զանգեց նախագահի մամուլի խոսնակը: «Ուղարկիր,- ասացի,- կնայեմ՝ կպատասխանեմ»: «Ուզում եմ, որ տպվի առանց որևէ բան փոխելու»,- ասաց: «Կկարդամ՝ կխոսենք»,- ասացի: «Լավ. ուղարկում եմ: Կսպասեմ զանգիդ»: Ուղարկեց: Կարդացի: Ոստիկանական ամփոփագրի բառապաշարով պատմում էր, թե ինչպես է հայտնի լրագրողներից մեկին պատասխանատվության կանչել թերթի մի հրապարակման մեջ նրա թույլ տված մի վիրավորական արտահայտության համար, ինչպես է նրան վնասվածք հասցրել, որից հետո, ըստ իր գրածի՝ լրագրողը դիմել է բուժօգնության… Մի խոսքով, տղայական մի ռազբորկայի պատմություն՝ դիմացինին նսեմացնելու ակնհայտ շեշտադրումներով և ոչ կոռեկտ ձևակերպումներով:

Զանգեցի, բացատրեցի, որ էդ բառապաշարով բացառված է տպագրվի: Եթե դեմ չէ՝ ինքս փոփոխություններ կանեմ: «Դեմ եմ»,- ասաց: «Չեմ տպի, ուրեմն»,- ասացի:

Դարձյալ զանգեցին ընկերներս, և ես պնդեցի, որ չեմ տպագրի ու հիմնավորեցի՝ կոռեկտությունը պահպանված չէ, վիրավորական արտահայտություններ կան նյութում:

Կարճ ժամանակ անց զանգեց նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, հետաքրքրվեց՝ ինչու նախագահականի նյութը չեմ ուզում տպագրել…

Բարձրացա նրա աշխատասենյակ: Նախարարի բացակայությամբ Հայկ Հարությունյանն էր պատասխանատու նման բարդ իրավիճակներում, և նա ամենայն ուշադրությամբ լսեց ինձ, ապա կրկնապատկված ուշադրությամբ կարդաց «նախագահականի նյութը», մի կողմ դրեց, մի քանի հարց տվեց՝ կատարվածը ավելի հստակ ընկալելու համար, հարցրեց՝ լրագրողը բողոքե՞լ է, դիմե՞լ է ոստիկանություն, ասացի՝ ոչ, ճշտեց՝ իսկ նախագահի խոսնակը տուժե՞լ է, ասացի՝ ոչ: «Բա հիմա ի՞նչ պիտի անենք»,- շվարեց: «Ոչ մի բան,- ասացի,- չեմ տպի»: «Ո՞նց կլինի»,- հարցրեց: «Կլինի,- ասացի,- իմ ընկերներն են, դուք մի մտահոգվեք…»:

Ոչ մի կերպ չէր հաշտվում Հայկ Հարությունյանը այս տարբերակի հետ, և ես ասացի. «Եթե շատ եք ուզում, որ տպագրվի էս նյութը, ես գնամ տուն, ով ուզում է՝ թող տպագրի. էս նյութով թերթի տակ իմ ստորագրությունը չի լինի»:

Սա ավելի բարդացրեց վիճակը, և Հայկ Հարությունյանն ասաց. «Լավ. առայժմ թող մնա, նախարարը կգա՝ ինքը կորոշի»:

Օրեր անց նախարարը եկավ, տեղեկացավ՝ ինչն ինչոց է, արձագանքեց մեկ բառով. «Էշություն»:

… Ժամանակ անց Լևոն Զուրաբյանն ու Նիկոլ Փաշինյանը հաշտվեցին:

Վասակ Դարբինյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *