Ապրիլի 3-ին «168 ժամ» թերթը գրեց, թե «Միջազգային ավիացիոն կազմակերպությունը, այսպես ասած` լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին»։
Լուրը լայնորեն տարածվեց մամուլում, չնայած որ «168 ժամ»-ի հեղինակը արդեն հոդվածի երկրորդ պարբերության մեջ ինքն իրեն հերքել էր։
Պնդումն ու հերքումը՝ մեկ տեղում
«168 ժամ»-ի հոդվածի պնդումը երկու հակասական կետ ուներ։ Նախ, գոյություն չունի «Միջազգային ավիացիոն կազմակերպություն» անվանմամբ կառույց։ Երկրորդ, հնարավոր չէ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին «զրկել լիցենզիայից»։ Ինչպես ձևակերպեց ԱԺ պատգամավոր Միքայել Զոլյանը՝ դա նույնն է ինչ ասեն «ԵԽԽՎ-ը որոշել է ցրել Ազգային Ժողովը»։
Արդեն հոդվածի հաջորդ պարբերության մեջ «168 ժամի» լրագրողը հակասեց ինքն իրեն․ «Մեր աղբյուրը նշեց, որ խոսքն իրականում ոչ թե լիցենզիայից զրկելու մասին է, այլ փետրվար ամսվա ստուգման արդյունքներն են ստացվել Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալությունից»։
Թերթը նաև հավելեց՝ 2015-ին եվրոպական գործընկերները գերազանց էին գնահատել ՔԱԿ աշխատանքը։
Հակասական այս պնդումների շարքում հնարավոր չէր հասկանալ, թե ինչ է վերջիվերջո պատահել ՔԱԿ-ում։ Չնայած դրան, հոդվածը լայն տարածվեց մամուլում՝ այն վերատպեցին news.am-ը, tert.am-ը, Երկիր մեդիան և այլն։
Սոցցանցերում թեման հատկապես գրավեց ծայրահեղ պահպանողական խմբերին։ Օրինակ, ՀՀ Ոստիկանապետի նախկին խորհրդական, «Վետո» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը միայն ապրիլի 3-4-ը 9 ֆեյսբուքյան գրառում ու լայվ արեց Ռևազյանի մասին։
ՔԱԿ ղեկավարը Մալյանի գրառումներում դարձավ «տոմսավաճառ անհայրենիք» և «տհաս», որը «հենց մի քիչ նեղ վիճակ ա լինում՝ գեղեցիկ ցատկով Դանիա»։ Ռևազյանի 8 ամսական հղի է և Դանիայում է բնակվում նրա ընտանիքը։
Լուրը մեկնաբանեցին նաև ֆեյսբուքյան իրական ու ծպտված օգտատերերը, որոնց գրառումները տարածեցին իրական լրատվամիջոցները։ «Vahram Petrosyan (Մոդերատոր Մոդերա)» անունով հանդես եկող հաշվետիրոջ գրառումը նույնությամբ վերատպեցին Yerevan.Today-ը, Hayeli.am-ը, Analitik.am-ը: Միայն այս ֆեյսբուքյան հաշիվը տարբեր անվանումների տակ 300-ից ավել հրապարակում ունի blognews.am կայքում։
Ի՞նչ էր պատահել իրականում
Ապրիլի 4-ին ՔԱԿ-ը հերքեց լիցենզիայից զրկելու մասին պնդումը։ Կոմիտեի ֆեյսբուքյան էջում նաև հրապարակվեց Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության մեր տարածաշրջանի աուդիտոր Լեոնարդ Ուքսի նամակը, որում նա նշում էր, թե մամուլում տարածվող տեղեկությամբ «փորձում են մոլորեցնել հասարակությանը առանց պատշաճ փաստեր ներկայացնելու»։
Նույն օրը ՔԱԿ ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հարցազրույցներ տվեց մի շարք լրատվամիջոցների և նշեց, որ խնդիրը կապված է երկու ավիաընկերության՝ Եվրոպա թռիչքներ կատարելու թույլտվության հետ։ ՔԱԿ-ում և այդ ընկերություններում անցկացված ստուգումների արդյունքում ավիաընկերությունները զրկվել են թույլտվությունից։
2015-ին հաջող անցած ստուգումները մեկնաբանելով՝ Ռևազյանն ասաց, որ այն ժամանակ ստուգումները արել է այլ կառույց՝ Միջազգային քաղավիացիայի կազմակերպությունը, որի պահանջներն այդքան խիստ չեն։ Եվրոպական կողմը պահանջում է ապացուցել, որ այս կամ այն աշխատանքը արվել է, իսկ Հայաստանում շատ բաներ իսկապես արվել են, բայց բանավոր՝ ապացույցներ չեն պահվել։
Ռևազյանն ասաց, որ Հայաստանի հեղինակության համար սա բացասական է, բայց Եվրոպա թռչելու թույլտվությունը կարող է վերականգնվել, եթե կարողանանք շտկել գոյություն ունեցող թերությունները։
ՔԱԿ-ում և հայկական երկու ավիաընկերությունում եվրոպական մասնագետները աուդիտ էին անցկացրել փետրվարին։ Մարտի 6-ին նրանք ներկայացրել էին իրենց դիտողությունները։ ՔԱԿ պետք է պատասխան դիտողություններ ներկայացներ ապրիլի 6-ին, սակայն եվրոպական կողմն ավելի շուտ է կայացրել իր որոշումը։
Ըստ Ռևազյանի՝ ընթացակարգի այսպիսի փոփոխության պատտճառը կարող էր լինել COVID-19 համավարակի հետ կապված իրավիճակը։
«Քաղավիացիայի կոմիտեն շատ լուրջ փոփոխություններով պետք է անցնի, որովհետև մոտեցումները մեր քաղավիացիայում տարբերվում են մեր եվրոպական գործընկերների ակնկալիքներից», – ասաց Ռևազյանը։ Նա նաև նշեց, որ ՔԱԿ-ում գոյություն ունեցող խնդիրները շտկելու համար երկարատև և խորքային բարեփոխումներ պետք կգան։
Առաջիկայում Հայաստանը պատրաստվում է բողոքարկել Եվրոպական կողմի ընդունած որոշումը։
Կարինե Ղազարյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: