«Ա1+»-ը հայտարարությամբ դիմել է գործընկերներին՝ պահանջելով հեռուստաընկերության սեփականությունը հանդիսացող արխիվային էքսկլյուզիվ կադրերը օգտագործելիս հարգել իրենց հեղինակային իրավունքները։
Հայտարարության մեջ նշվում է, որ տևական ժամանակ է՝ «Ա1+»-ի արխիվային տեսանյութերը վերբեռնվում և օգտագործվում են տարբեր ինտերնետային լրատվամիջոցների, բլոգերների, օնլայն հեռուստաընկերությունների կողմից՝ առանց իրենց թույլտվության։
«1991թ-ից ի վեր հեռուստաընկերության տեսախցիկը արձանագրել է երկրի կարևորագույն իրադարձությունները, ստեղծել ֆիլմեր հայտնի իրադարձությունների և մարդկանց մասին։
«Ա1+»-ը, հավատարիմ անաչառ և բազմակարծիք լրագրության սկզբունքներին, նկարահանել է այն բոլոր իրադարձությունները, որոնք, մասնագետների բնորոշմամբ՝ իշխանությունների հրահանգով աշխատող հեռուստաընկերությունները վախեցել են լուսաբանել։
Այդ տեսանյութերը «Ա1+» ընկերության սեփականությունն են, հետևաբար օրենքի պահանջով արգելվում է առանց մեր թույլտվության օգտագործել դրանք՝ սեփական արտադրանք ստեղծելիս»,-ասվում է հայտարարության մեջ։
«Ա1+»-նախագահ Մեսրոպ Մովսեսյանը Media.am-ի հետ զրույցում նշել է, որ խոսքը հիմնականում 2008թ․մարտի 1-ի դեպքերի կադրերի մասին է։
Դրանք առանց թույլտվության հայտնվել են տարբեր ֆիլմերում։ Թույլտվություն խնդրել է միայն Տիգրան Պասկևիչյանը՝ «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում օգտագործելու համար։
Մեսրոպ Մովսեսյանի խոսքով՝ հեղինակային իրավունքների խախտումը նաև մեկ այլ խնդիր է առաջացնում․ Յություբում իրենց կադրերով այլ ֆիլմ կամ նյութ տեղադրելիս խնդիր են ունենում, որովհետև Յություբը դա արդեն համարում է ուրիշինը։
«Մենք արդեն ասել ենք, որ նման դեպքերում առանց զգուշացնելու կդիմենք Յություբին, որ արգելափակեն տվյալ նյութը»,-ասում է նա։
Մովսեսյանն անուններ չի ուզում հրապարակել, քանի որ գործընկերներ են ու հույս ունի, որ նրանք կհասկանան ու հարգանքով կվերաբերվեն իրենց աշխատանքին։
Մեսրոպ Մովսեսյանը չի ցանկանում հեղինակային իրավունքների պաշտպանության համար գործը դատարան հասցնել։
Իրավաբան Դավիթ Ասատրյանն ասում է, որ Հայաստանում լրագրողները հեղինակային իրավունքների խախտման համար չեն դիմում դատարան․«Համենայնդեպս ես չեմ լսել, որ մի լրագրող դիմի այդ հարցով։ Հեղինակային իրավունքի վեճեր հաճախ են լինում՝ բլոգերներ են դիմում, սյունակագրեր, գրողներ և այլն»։
Նրա խոսքով՝ տեսանյութերը հեղինակային իրավունքներ են և ունեն պաշտպանություն՝ փաստի ուժով։ Այսինքն՝ այդ տեսանյութը առաջին անգամ հրապարակվելու օրվանից հետո հրապարակողի իրավունքներն են պաշտպանվում։ Դրանք խախտվելու դեպքում հեղինակը կարող է դիմել դատարան՝ պահանջելով խախտման վերացում, վնասի հատուցում և այլն։
«Հեղինակային իրավունքների պաշտպանության համար իրավական բոլոր նորմերը կան։ Այստեղ միայն ժամանակն է խնդիր․ ողջամիտ ժամկետները չեն պահպանվում։ Մեկ-մեկ այնքան երկար է տևում, որ մարդիկ հոգնում են։ Հաճախ դժվար է լինում նաև վնասի չափը հիմնավորելը։ Շատ դեպքերում տեսանյութերը կոմերցիոն նպատակ չեն հետապնդում և դժվար է ասել, թե ինչքան վնաս կարող է լինել»,-ասում է իրավաբանը։
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: