Ստամբուլի բիենալեն ժամանակակից արվեստի ամենահետաքրքիր հարթակներից է, որը փորձում է իր ուրույն ձայնը հնչեցնել աշխարհում, որտեղ տեղի ունեցող ալեկոծումները այսպես թե այնպես կապված են հանրայինի ու մասնավորի, ազգայինի ու միջազգայինի, պետության ու ընտանիքի, ազատ կամքի արտահայտման ու սոցիալական վարքագծային մոդելների պարտադրանքների հետ:
2017 թվականի Ստամբուլի բիենալեի գաղափարը ձևակերպված է շատ մտերմիկ և միևնույն ժամանակ՝ ցուցադրական պարզությամբ. «Լավ հարևան» (A good neighbour): Եվ այդ խորագրի համաձայն ոչ միայն ընտրվել են տարբեր արտիստներ ու կազմակերպվել են ցուցահանդեսներ, այլև ձևավորվել է քաղաքը:
«Լավ հարևան» գրառումով լուսանկարները հայտնվում են տարբեր վայրերում, հիմնականում՝ հարցի տեսքով: Հարցերը շարան-շարան դրոշմվում են մետրոյում, հրապարակներում, փողոցներում, վերելակների դռներին, սրճարաններում և այլ հանրային վայրերում:
«Ո՞րն է լավ հարևանը»… Բիենալեն առաջարկում է տարբեր շարունակություններ, երբեմն մանր ու անկարևոր, երբեմն էլ՝ հռետորիկ կամ ցավագին: Օրինակ, «Նա, ումից չես վախենում», «Նա, ով քո ընկերն է Ֆեյսբուքում», «Նա, ով նույն թերթն է կարդում», «Նա, ով ունի ուժեղ վայֆայ կապ և առանց գաղտնաբառի», «Նա ով քեզ հանգիստ է թողնում», «Նա, ով քեզ համար ճաշ է պատրաստում, երբ հիվանդ ես» և այդպես շարունակ:
Շատ են նաև հումորով հարցադրումները: 2017 թվականի Ստամբուլի բիենալեի համադրողները ընդհանրապես հումորով մարդիկ են:
Դանիացի Մայքլ Էլմգրինն ու նորվեգացի Ինգար Դրագսետը (Elmgreen & Dragset) արվեստագետներ են, որոնք առաջին անգամ են խոշոր ցուցահանդես համադրում և այդ գործին մոտեցել են հենց նեղ անձնական, անգամ կենցաղային հարցաշարի ձևաչափով: Ըստ կոնցեպտի՝ հարցերը պիտի դրդեն դիտողին ու նաև ընթերցողին (այս բիենալեում շատ են տեքստերը, անգամ հատուկ գիրք է հրատարկվել «Պատմություններ» խորագրով) պատասխաններ որոնելուն:
Բիենալեին նախորդող տարում հարցախույզեր ու «ներխուժումներ» են կազմակերպվել ստամբուլցիների առօրյա, ինչի արդյունքում ընտրվել են 40 սիմվոլիկ հարցեր, որոնք պերֆորմանսի ձևաչափով հնչեցնում են 8-ից մինչև 80 տարեկան տարբեր մարդ-տիպարներ: Սոցիալական լայն ընդգրկում ենթադրող այդ հարցերը թե՛ թեթև, թե՛ ծայրաստիճան լուրջ են, բայց գրեթե բոլորը՝ լավատեսական:
Եվ այդ լավատեսությունը, որը ներարկվում է ոչ միայն արտիստիկ աշխատանքներով, այլև կարճ հոլովակներով, թեև հետաքրքիր ու զգայական է, բայց ամեն դեպքում արտառոց է:
Շատ բան այս տարի Ստամբուլի բիենալեում արվում և ասվում է ոչ թե բարձրաձայն, այլ շշուկով: Միգուցե դա հենց իրականության արտացոլումն է. արվեստը Թուրքիայում փորձում է գտնել իր լեզուն, մանևրել ազատության, գրաքննության ու ինքնագրաքննության արանքում:
Ի տարբերություն 2015 թվականի «Աղի ջուր» («Saltwater») խորագրով բիենալեի, որը ներառել էր նկատելի ու շատ ցայտուն հայկական ներկայություն, այս տարի հայկական հետքը բացակայում էր: «Saltwater»-ը Ստամբուլի մասին էր, որը բացվում է դիտողի առջև որպես գլոբալ, համամարդկային հարցադրումների կծիկ, այդ թվում նաև համարձակվելով խոսել Հայոց եղեռնի մասին Եղեռնի 100-ամյա տարելիցի տարում:
Թվում էր, որ «Ի՞նչ է նշանակում լինել լավ հարևան» հարցը կարելի է հյուսել այսօրվա Թուրքիայում ապրող տարբեր ազգերի ապրելակերպին ու մտահոգություններին: Բայց բիենալեն ընտրել է ավելի պակաս պրովոկատիվ (քաղաքական իմաստով) ու առավել անձնական (էմոցիոնալ իմաստով) մոտեցումը: Մինչդեռ կարգախոսը լավ հնարավորություն էր երկխոսելու նաև այդ հարթության վրա:
Ստամբուլի բիենալեի հիմնական կազմակերպիչ IKSV-ի (Մշակույթի և արվեստի ստամբուլյան հիմնադրամ) ցուցադրության կոորդինատոր Էլիֆ Քամիշլին այսպես է մեկնաբանում.
«Համաձայն եմ, որ լավ հնարավորություն էր: Բայց ցուցահանդես համադրելը չի նշանակում, որ պետք է ուղղորդվել ցուցակով ու հրավիրել բոլոր հարևան երկրների արվեստագետներին: Մենք չունենք արվեստագետներ Հունաստանից, Բուլղարիայից, Հայաստանից: Համադրողների ընտրությունն ավելի շուտ գեղագիտական է, քանի որ նրանք ուժեղ ու հայտնի վիզուալ լեզվի կրողներ են և արդեն 25 տարի միասին են աշխատում: Եվ ուզում են պահպանել իրենց լեզուն նաև համադրելու ընթացքում»:
Համադրողները նշել են, որ ուզում են բիենալեն դարձնել հարթակ երկխոսության համար, որը հատկապես կարևոր է այսօր, երբ ամենուրեք արթնանում են ազգային շարժումները ու ընթանում են պատերազմները: Նրանք ցանկություն են հայտնել, որ երեք ամիս տևող բիենալեն դառնա մի վայր, որտեղ համատեղվում են տարբեր կարծիքները, հայացքներն ու համայնքները: Եվ որպես արդյունք, ընդգծվում է բազմազանությունը:
Լավ հարևանը ազգությունից, տարիքից, սեռական կողմորոշումից ազատ մի անձ է, որի արժեքը զգում են միայն նրա կողքին գտնվողները (հո՞ ինքդ քեզ համար լավ հարևան չես դառնա):
Բայց որպեսզի մի անձ (կամ էլ պետություն) համարվի լավ հարևան, նախևառաջ հարկավոր է նրան ճանաչել: Ոչ թե հնարել, երևակայել կամ օժտել նրան քո ուզած գծերով, այլ իրականում ճանաչել: Ճանաչելը ամենաբարդն է…
«Լավ հարևան» կոնցեպտը առաջին հայացքից գրեթե հեղափոխական աստիճանի հասնող խիզախություն է, բայց Ստամբուլի բիենալեում այն զրկվել է քաղաքական ու պատմական ենթատեքստից ու հիմնականում հանգել ընտանիքի, ջերմիկ անկյունի, հուշերի կուտակմանն ու քնարերգությանը:
Պատերազմները (ներկա և ակնկալվող), քաոսը, որը առաջացրել է մարդկային ահռելի միգրացիոն հոսքեր, մահն ու զրկանքները, պատմական էքսկուրսները, սոցիալական պատասխանատվությունն ու մեդիա արձագանքները Ստամբուլի բիենալեում ներկայանում են որպես նոր ռոմանտիզմի սկիզբ:
Ըստ շատ արվեստագետների՝ մնայուն են տան բույրն ու սիրելի սպասքը, սիրով կահավորված սենյակը (որը նաև շարժական է ու միշտ քեզ հետ՝ թեկուզ, մտովի), նամակագրությունը, հարազատացման զգացումը: Այսինքն, այն բոլոր առարկաներն ու զգացմունքները, որոնք օգնում են պատսպարվել սեփական միկրոտիեզերքում:
Էլմգրին-Դարկսետ-ը կազմակերպել են բիենալեն փխրուն անձնական պատմություններով, վստահ լինելով, որ «անձնականը կարող է դառնալ քաղաքական» (personal can become political):
Փոքրը, անձնականն ու մասնավորը թաքստոց են ու միաժամանակ՝ դիմադրության սկիզբ (իսկ ի՞նչ անել, եթե հարևանդ լավը չէ, միգուցե առաջինը դու՞ պիտի փորձես լավ հարևան դառնալ կողքինիդ համար):
Բավականին նուրբ այս ենթատեքստի մասին իրոք շշնջվում է շատ ցածր: Բիենալեի առաջին շերտը օպտիմիստական է, արագ ընկալելի ու հեռու քաղաքական օրակարգից:
«Մեր համադրողները ընտրել են լեզու, որը կապված չէ թեժ քաղաքական բանավեճերի հետ, քանի որ դա վնասում է արվեստին: Այն դառնում է հռետորիկ, երբ անընդհատ ինքն իրեն կրկնում է: Անընդհատ… Իհարկե, եթե ուղիղ քարոզչություն ենք փնտրում, դժվար թե գտնենք բիենալեում: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եք ընթերցում աշխատանքները, ինչպես եք կապ հաստատում նրանց հետ»,- ասում է բիենալեի ցուցադրության համակարգող Էլիֆ Քամիշլին:
Արվեստը երբեք չի պատասխանում, ընդամենը հարցեր է կախում:
Ստամբուլի բիենալեն հարցերը ֆրագմենտացրել ու ուղարկել է մարդկային կեցության տարբեր անկյուններ (սոցցանցային հաշիվներ, միասին սուրճ խմելու սովորություն, անծանոթից վախ, հոգեբանական անձնական տրավմաներ ու էլի հազար ու մի ֆիզիկական ու ենթագիտակցական շերտեր): Հարցերը կարծես փազլ են, որը հավաքելու համար պիտի ջանք գործադրես ու առաջին դեկորատիվ շերտի տակից պեղես արդիականը:
Եվ դա լավ երևում է լուսանկարներից, որոնք այս տարվա բիենալեի այցեքարտն են: Բավականին սիմվոլիկ ու գեղեցիկ այցեքարտը:
Լուսանկարիչ Լուկաս Վասերմանը շրջել է Ստամբուլում՝ զրուցելով ու լուսանկարելով: Արդյունքում, նրա աշխատանքները որպես պաստառներ հայտնվել են ոչ միայն Ստամբուլի, այլև՝ Մոսկվայի, Հավանայի, Դելիի, Չիկագոյի, Մանչեսթերի ու Սիդնեյի փողոցներում: Դա արվել է ցուցադրելու համար, որ լավ հարևանի բանաձևի որունումները ծանոթ ու կարևոր են տարբեր երկրներում, իսկ արվեստը կարող է լինել այնքան մոբիլ, որ կապ հաստատի քաղաքների ու դրանց բնակիչների միջև:
«Լավ հարևան» գրավիչ խորագրով Ստամբուլի բիենալեն փորձել է հույս ու դրական ուղերձ ուղարկել աշխարհին: Բիենալեի 58 արվեստագետների համար, հիմնականում երիտասարդ, ստեղծագործելու հումք է սեփական կենսագրությունը:
Սեփականից դեպի ընդհանուրը քայլ անելն ու այդ ճամփորդության ընթացքում չկորելը, շատ բարդ է: Կան ժամանակներ, երբ պետք չէ թերագնահատել պարզապես միասին լինելու ու դրանից հաճույք ստանալու շնորհը: Երբեմն դա ավելի մեծ քաղաքական ակտ է, քան մանիֆեստները, հավաքներն ու բարձրագոչ հայտարարությունները:
Այս տարվա Ստամբուլի բիենալեն կարելի է դիտարկել նաև այսպիսի փիլիսոփայական տեսանկյունից:
Մանավանդ, եթե հավաքներ ու փողոցային ցույցեր անցկացնելը դժվարացել է: Եվ որպեսզի չլռես, գերադասում ես կարևորի մասին շշնջալ (թեկուզ միայն հարևանիդ ականջին): Իսկ եթե կան երկուսը, կա նաև երկխոսությունը:
Ռոմանտի՞զմ է: Իսկ ինչու՞ ոչ:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: