«Վավերագրական կինոն «բարդ» մարդ է սարքում»

08.10.2012, Տեսակետ

Լրագրող, արվեստի քննադատ

Կինոռեժիսոր, պրոդյուսեր Վիտալի Մանսկին բազմաթիվ վավերագրական ֆիլմերի, հեռուստանախագծերի հեղինակ է, Ռուսաստանի «Նիկա» կինոակադեմիայի եւ «Տեֆֆի» հեռուստաակադեմիայի անդամ, մոսկովյան «Արտդոկֆեստ» վավերագրական կինոյի բաց փառատոնի նախագահ։

Նա առաջին ռուսական ինտերնետային կինոհանդեսի հիմնադիրն ու «Իրական կինո» մանիֆեստի հեղինակն է։ Հայտնի է նաեւ որպես «Ռուսաստանի ոչ խաղարկային կինո եւ հեռուստատեսություն» գիլդիայի համահիմնադիրներից մեկը։

Վիտալի Մանսկին երկար տարիներ փորձում էր վավերագրական կինոն հանրության լայն շերտերին հասանելի դարձնել հեռուստաէկրանի միջոցով։ Նրա նախաձեռնությամբ Ռուսաստանում ստեղծվել է «Լավր» («Դափնի») ազգային մրցանակաբաշխությունը, որը շնորհվում է ռուսալեզու լավագույն կինո եւ հեռուստատեսային ֆիլմերին։

Վիտալի Մանսկու վերջին աշխատանքներից է «Իկոնոսկոպ» ֆիլմը, որի հերոսը հեռուստատեսությունն է։ Ֆիլմը գիտահանրամատչելի ժանրի է, որտեղ հետազոտության է ենթարկվում հեռուստատեսության ֆենոմենը։ Երեւանում ցուցադրելով իր ֆիլմը՝ Վիտալի Մանսկին պատմեց, որ սկզբում ուզում էր պարզապես հեռուստատեսության դասագրքի վիզուալ կոնսպեկտն անել, սակայն զարմանաքով իմացավ, որ նման դասագիրք գոյություն չունի։ «Դա իրոք զարմանալի է, քանի որ հեռուստատեսությունը մարդկության գիտակցության վրա ազդելու հզոր գործիքներից է, բայց ամբողջական վերլուծության չի ենթարկվել»,- ասաց ռեժիսորը։

Ինտերնետային լսարանը ընտրում է անհարմարավետությունը, քանի որ ինտերնետում կարդալու, լսելու ու տեսնելու համար որոշակի որոնման գործողություններ պետք է կատարել

 

20-րդ դարում հեռուստատեսությունը յուրաքանչյուր մարդու կյանքի անբաժան մասն էր դարձել ու աննախադեպ զանգվածային բնույթ ձեռք բերել։ Ռեժիսորն առանց չափազանցման նշում է, որ հեռուստատեսությունը 20-րդ դարի կրոնն է, որը գլոբալ առումով ամեն տեղ էլ նույն մոդելով է ներգործում։ Իսկ աթեիստական ԽՍՀՄ-ում միակ ու համապարփակ կրոն-գաղափարախոսությունը հենց կյանքի հեռուստատեսային տարբերակն էր։

«Իկոնոսկոպ» բառը (որը ասոցիացվում է սրբապատկերի հետ) հնարել է հեռուստատեսության հիմնադիր Վլադիմիր Զվոռիկինը, ով պատենտավորել է առաջին «ընդունող ու հեռարձակող մոնիտորը»։ Վիտալի Մանսկին խորհրդանշական է համարում, որ առաջին ռուսական հեռուստակենտրոնը տեղակայվել է վերապրոֆիլացված ուղղափառ եկեղեցում, որի վրայից սղոցվել է խաչն ու տեղադրվել ալեհավաքը։ Եվ եթե նախկինում տները կահավորվում էին՝ հաշվի առնելով, որ էներգիայի ձգողական ուժը (եւ հետեւաբար՝ կարեւոր անկյունը) սրբապատկերներն են, ապա հետագայում «սուրբ» տեղը զբաղեցրեց հեռուստացույցը, որն էլ դարձավ բնակարանների կոմպոզիցիայի կենտրոնը։

«Իկոնոսկոպ» ֆիլմում շատ են բացառիկ արխիվային նյութերը, որոնք դիտելով հնարավորություն ես ստանում վերակենդանացնել պատմական տարբեր դրվագներն ու դիտել շատ սիմվոլիկ ու շատ թանկ կադրերը (ռեժիսորը նշեց, որ արիխավային կադրերի ցուցադրման իրավունքները ձեռք բերելու համար խոշոր գումարներ են վճարել), սակայն հենց այդ կադրերի շնորհիվ էլ ֆիլմը ժամանակագրության հմայք է ստացել։ Արխիվային կադրերը զուգորդվում են հեռուստատեսության ոլորտում մեծ դերակատարություն ունեցող հեռուստաաստղերի՝ ամերիկացի Դեն Ռազերի ու ռուսաստանցի Իգոր Կիրիլիովի հարցազրույցներով։

Վիտալի Մանսկին հեռուստատեսության 100 տարվա պատմությունը ներկայացնում է տեխնոլոգիաների զարգացման ու հանդիսատեսին նոր տիպի «թմրամիջոց» առաջարկելու համատեսքտում։ Հեղինակը հեռուստատեսային զարգացման մի քանի կարեւոր փուլեր է առանձնացրել՝ պատկերի հեռարձակման գյուտը, հեռուստատեսային գովազդի վաճառքը (ինչի շնորհիվ ալիքները ֆինանսական անկախություն ձեռք բերեցին), վիդեոմագնիտոֆոնի հայտնագործումը (ինչը թույլ տվեց տնօրինել հեռուստատեսային «ժամանակը»), տիեզերքի նվաճումը (որից հետո էլ սկսվեց հեռուստագլոբալացման պրոցեսը)։

341Ըստ Վիտալի Մանսկու՝ մյուս կարեւորագույն փուլը ինտերնետի հետ է կապված, սակայն այդ փուլը «Իկոնոսկոպի» մեջ տեղ չի գտել։ Ինչպես ասում են, դա արդեն բոլորովին այլ պատմություն է։

Ուշագրավ է, որ Վլադիմիր Զվոռիկինը հեռուստատեսության գյուտի հայտնագործումից 40 տարի անց ասել է՝ «հեռուստատեսությունը հրաշք էր, որը վերածվեց հրեշի»։ «Իկոնոսկոպը» ակնարկում է նաեւ այդ տրանսոֆորմացիայի մասին։

Դուք երկար տարիներ զբաղվում էիք վավերագրական կինոն հեռուստատեսությամբ տարածելու գործով։ Ինչո՞ւ է այսօր վավերագրական կինոն քիչ էկրանին։ 

Դա կախված է տարբեր հանգամանքներից։ Յուրաքանչյուր երկիր, ավելի ճիշտ՝ տարածաշրջան, իր առանձնահատկություններն ունի։ Եվրոպայում, հատկապես հյուսային հատվածում՝ Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլյանդիայում, Դանիայում, դոկումնետալ կինոն հեռուստատեսությունների եթերում զգալի ներկայություն ունի։ Դրանում մեծ դերակատարություն ունի մշակույթը, դաստիարակությունը, ընկալունակությունը, մենթալիտետը։ Եվ ամենակարեւորը՝ դիտողականության մեթոդն է համընկնում վավերագրական կինոյի ֆորմայի հետ։

Իսկ կենտրոնական Եվրոպայի երկներում վավերագրական կինոյին սատարում է պետությունը՝ օգնելով, որ այն հայտնվի եթերում, քանի որ վավերագրական կինոն, որպես վիզուալ փորձառության տեսակ, մարդուն ավելի ծավալային, զգացական ու ճանաչողությամբ հետաքրքրված է դարձնում։ Մի խոսքով՝ սարքում է բարդ մարդ, որն էլ, ի վերջո, հարկավոր է քաղաքակիրթ աշխարհին։

Իսկ Ռուսաստանում կարեւոր իրադարձությունների նախօրեին (մեզ մոտ դրանք ընտրություններն են) անջատվում է ողջ ինտելեկտուալ հեռուստատեսությունը։ Նույնիսկ այն պարագայում, որ բոլորս լավ գիտենք, թե Ռուսաստանում ինչպես են տեղի ունենում ընտրությունները, մենք միանգամից տեսնում ենք, որ էկրանից վերանում է ինտելեկտուալ բովանդակության ցանկացած նշույլն ու գործի է դրվում «Պետրոսյանն ու կամպանիան», որպեսզի էլեկտորատի գիտակցությունը այդ երեք-չորս ամիսների ընթացքում անջատվի։

Իսկ ի՞նչն է ընտրություններից առաջ միացվում։ 

Միացվում է կենդանական բնազդը։ Ընդհանրապես երբ միանում է բնազդը, ու մարդն այլեւս չի մտորում ու վերլուծում, նրան շատ հեշտ է որոշակի պարզ բաղադրատոմսեր թելադրել՝ այդ թելադրանքը ներկայացնելով որպես հուշում։ Օրինակ՝ վեր կաց ու գնա քվեարկիր այնպես, ինչպես պետք է։ Բարդ մարդուն նման հրաման տալը դժվար գործ է, եւ այդ պատճառով էլ գերադասելի է հեշտ ընտրազանգվածի հետ գործ ունենալ։

Այդ պրոցեսին գումարվում է նաեւ ինտելեկտուալ հանդիսատեսի՝ հեռուստատեսությունից երես թեքելու տենդենցը։ Հեռուստադիտումից դեպի ինտերնետ անցում կատարող լսարանն իրականում ազատ ընտրության ակտ է կատարում։ Չէ՞ որ

Ես կտրականապես դեմ եմ ցանկացած միավորման գաղափարին, որի հիմքում հետհաշվարկներն են

ինտերնետային բովանդակությունը պակաս գունեղ, հետաքրքրաշարժ ու գրավիչ է, քան հեռուստատեսային բովանդակությունը։

Կարող եմ ասել, որ այդ անհարմարավետությամբ էլ մարդը վճարում է իր ընտրության ազատության համար։ Հեռուստադիտողն ընդամենը մեկ կոճակ է օգտագործում, անջատում է գիտակցությունն ու սկսում անգիտակից կերպով սպառել պատկերը։ Իր առջեւ բոլորը պարում, երգում ու խաղում են։

Եվ բնական է, որ ավելի բարդ լսարանը հեռանում է հեռուստացույցից։

Վավերագրական կինոն հազվադեպ է մեծ էկրանին ցուցադրվում (այն շահութաբեր չէ), գրեթե անհետացել է հեռուստաէկրաններից (բարդ լսարան ստեղծելու «վտանգ» կա)։ Իսկ ի՞նչ ապագա է սպասում այն վավերագրությանը, որն իրականում ավելի է, քան ռեպորտաժը։ 

Այն, ինչ կասեմ, միգուցե իրականում ինքնահանգստացման հնարք է, որով փորձում եմ պահպանել իմ կիսահարմարավետ գոյությունը։ Ամեն դեպքում վավերագրական կինոն երկարաժամկետ կիրառում է ենթադրում, իսկ եթե լրիվ անխիղճ լինենք, առնչվում է հավերժության հետ։ Իհարկե, այսօր Ստաս Միխայլովը ունակ է մարզադաշտի չափ լսարան հավաքելու (ինչն էլ ապացուցում է), բայց մշակութային տարածքում Ստաս Միխայլովի կյանքը ոչ միայն մի ակնթարթ է, այլեւ միկրովայրկյան, քանի որ նրա նմանները հայտնվում ու անհետանում են, փոխարենը ծնվում են նորերը՝ Պետրովները, Կոզլովներն ու Իվանովները։

Նրանք բոլորը կարճատեւ առկայծումներ են, իսկ, օրինակ, Մոցարտը, Չայկովսկին հավերժության տարրեր են, որոնք իհարկե կարող են տարբեր ժամանկներում մեծ կամ փոքր լսարաններ հավաքել, բայց նրանց տեղը ամրագրված է դահլիճներում։ Եվ այդպես լինելու է հազարավոր տարիներ. այդ երաժշտությունը կապրի, քանի դեռ հոմո սափիենս կա։

Իսկ եթե այսօր հեռուստաընկերության ղեկավար լինեիք, կփորձեի՞ք վերակենդանացնել հեռուստատեսության նշանակությունը, թե՞ կթողնեիք, որ այն հանգչի։ 

Խնդիրն այն է, որ ռուսաստանյան հեռուստաընկերությունների ղեկավարներն այսօր հեռուստատեսություն չեն ղեկավարում։ Նրանց բացարձակ այլ (ոչ հեռուստատեսային) հարցեր են մտահոգում։

Այնպես որ ինձ ոչ ոք ալիք ղեկավարելու առաջարկ չի անի։ Դա կարող էր տեղի ունենալ տարիներ առաջ, այն ժամանակ, երբ մենք բոլորս ուրիշ երկրում էինք ապրում ու ուրիշ հեռուստատեսություն ունեինք։ Այսօր կարող են ինձ ասել՝ մենք քեզ շատ փող ենք տալիս, դու էլ մեզ արտադրանք տուր։ Բայց, անկեղծ ասած, այդ առաջարկներն ինձ բոլորովին չեն հետարքրքում։

Փաստորեն, հեռուստատեսությունը մնաց 20-րդ դարում...

Ես դա կպնդեի, եթե չլիներ եվրոպական հեռուստատեսության փորձը։ Իհարկե, այնտեղ էլ իդեալական վիճակ չէ, քանի որ կրճատվում է ֆինանսավորումը, ընդհանուր առմամբ՝ պատառոտվում է բյուջեն, բայց նրանց կրճատումները մեր ֆոնին պարզապես երկրային դրախտ են հիշեցնում, որովհետեւ մեզ մոտ սկզբունքորեն այլ իրավիճակ է։

Խնդիրն այն է, որ ռուսաստանյան հեռուստաընկերությունների ղեկավարներն այսօր հեռուստատեսություն չեն ղեկավարում։ Նրանց բացարձակ այլ (ոչ հեռուստատեսային) հարցերն են մտահոգում

Մենք, օրինակ անցկացնում ենք «Արտդոկֆեստ» փառատոնը, որին հավաքագրում ենք բառիս բուն իմաստով համաշխարհային լավագույն վավերագրական ռուսալեզու կինոնկարները (առանց չափազանցման եմ դա ասում, քանի որ այդ ֆիլմերը օբյեկտիվորեն են լավագույնը), բայց փառատոնի երկարամյա կյանքի ընթացքում այդ ֆիլմերից ընդամենը մեկը կամ երկուսն է ցուցադրվել Ռուսաստանի դաշնային ալիքներով։

Համաձայն եմ՝ վավերգրական կինոն ընկալման համար բարդ արտադրանք է։ Խաղարկային կինոն, օրինակ, ավելի հասկանալի, կարող եմ ասել՝ հարմարավետ է սպառման համար, թեկուզեւ այն բանի շնորհիվ, որ հնարված է։ Բայց այսօր մեր հեռուստատեսությունը չի ձգտում լավագույն խաղարկային ֆիլմերը ցուցադրել (իսկ եթե անգամ ցուցադրում է, ապա գիշերվա կեսին)։ Էլ ի՞նչ իմաստ ունի խոսել վավերագրական կինոյի ցուցադրման մասին։

Հայկական կինոյի պատմությունը վկայում է, որ խաղարկային ֆիլմեր ստեղծելը մեզ համար կարծես թե ավելի բարդ է, քան պոետիկ վավերգրական ֆիլմերը։ Դա ունի՞ բացատրություն։

Հայերը որոշ իմաստով պոետիկ ժողովուրդ են։ Եվ դա զգացվում է նույնիսկ կենցաղային մակարդակում։ Միշտ, երբ շփվում եմ հայերի հետ, համոզվում եմ, որ նրանք պատկերավոր մտածողության տեր մարդիկ են։ Անգամ երբ ծիրան վաճառողն է խոսում քեզ հետ, նա երբեք միայն ծիրան չի վաճառում, այլ հարակից պատմություններ է կառուցում ծիրանի շուրջն ու քեզ առաջարկում մուտք գործել այդ տարածքները։

Թերեւս այս մենթալիտետն էլ թույլ է տալիս հայերին ստեղծել այնպիսի վավերագրական կինո, որն իրականում մաքուր վավերագրություն չէ։ Դա նման է այն պրոցեսին, երբ իրականության տարբեր կաղապարների համադրումից կոմպիլյացիայի մեթոդով ստեղծվում է վիզուալ ստեղծագործության ոչ իրական, պոետիկ տարածությունը։

Հայկական կինոյում այդպես եղել է (հիշենք Փելեշյանին) եւ այդպես կա։ Դա տենդենց է, որը շարունակվում է նորագույն հայկական կինոյում։ Դրա վկայությունն է, օրինակ, «Լավր» մրցույթում հաղթած Արման Երիցյանի «Բաց երկնքի տակ» ֆիլմը, որտեղ (եթե խիստ վերլուծենք) շատ քիչ վավերագրություն կա, սակայն, այնուամենայնիվ, դա հայկական վավերագրական կինոնկար է։

Վերջերս «Տեֆֆի» մրցանակաբաշխության ժամանակ էլ տեսա Հայաստանում պատրաստված մի ֆիլմ, որն առանց տեքստի,342 միայն քրոնիկայի կադրերի վրա կառուցված հայկական պատմության անդրադարձ էր։ Չեմ ուզում հիմա խոսել այդ ֆիլմի առավելությունների ու թերությունների մասին, քանի որ հետաքրքիրը ֆիլմը չէ, այլ տենդենցը։ Վստահ եմ, որ Ռուսաստանում Ռուսաստանի մասին նման ֆիլմ չէր նկարահանվի, քանի որ շեշտադրումներ անելու գայթակղությունը հաստատ մեծ կլիներ։

Այսօրվա Հայաստանի վրա Ռուսաստանը մեծ ներգործություն ունի։ Մենք այսօր կարծես ավելի շատ ենք դառնում ռուսական իրականության պատճենը, քան երբ միասին խորհրդային համակարգում էինք ապրում։

Դա սարսափելի է։ Կարող եմ ասել, որ մենք էլ մինչ այսօր չենք կարողանում խորհրդային պատճենահանող թուղթը պոկել մեր կաշվից, ապրելակերպից։ Եվ դա մեզ շատ է խանգարում։ Ընդհանրապես ես կտրականապես դեմ եմ ցանկացած միավորման գաղափարին, որի հիմքում հետհաշվարկներն են ու Խորհրդային միության վերականգման երազանքները։

Միակ ընդունելի միավորումը մշակութային տարածքի համատեղ ձեւավորումն է, որտեղ բոլոր կողմերը իրար հավասար են։ Ինչպես, օրինակ, Ռուսաստանն ու Բուրկինա Ֆասոն։

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?